Հունվարից գիտնականների աշխատավարձը բարձրացել է

Հունվարից գիտնականների աշխատավարձը բարձրացել է

Այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել կառավարության 2021 թ․ մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է: Համաձայն նշված որոշման` գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված եւ ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թ․ հունվարի 1-ից սահմանվել է 66 140 դրամ:

Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի եւ գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի եւ համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ:

Գիտական կազմակերպությունները, ըստ իրենց մասնագիտական յուրահատկությունների, կարող են սահմանել ատեստավորման հավելյալ պահանջներ: Ատեստավորման գործընթացը վերահսկում է ՀՀ գիտության կոմիտեն: Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն ատեստավորման նոր չափանիշները, որոնք հիմք կհանդիսանան 2024 թվականին գիտական կադրերի համապետական ատեստավորման անցկացման համար: