Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝  ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ կատարեցին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին: 

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: