Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությանն ընդառաջ․ ինչպես են պատրաստվում մեր ֆուտբոլիստները մրցաշարին

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությանն ընդառաջ․ ինչպես են պատրաստվում մեր ֆուտբոլիստները մրցաշարին

Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Մեր ընտրանին, ինչպես ասում են, ընդգրկված է մահվան խմբում։ 

Տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կմրցի Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականների հետ։ 

«Հրապարակի» հետ զրույցում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Ավետիսյանը նշում է, որ լավ են պատրաստվում կայանալիք մրցաշարին․ «Մրցաշարին շատ լավ ենք պատրաստվում։ Երկարատև հավաք ունենք և երկու ընկերական հանդիպում։ Գրեթե ամեն օր երկու պարապմունք ենք անկցկացնում։ Դրա հետ մեկ տեղ փորձում ենք արագ վերականգնվել։ Ամեն ինչ անում ենք մրցաշարին հնարավորինս լավ պատրաստ լինելու համար»։ 

Էրիկ Ավետիսյանի խոսքով՝ հատուկ պատրաստվածություն չկա, խաղալու են այնպես, ինչպես միշտ են խաղացել․ «Համենայն դեպս խաղաոճում լուրջ փոփոխություն չի լինելու, հետևում ենք մարզչի հրահանգներին։ Կարծում եմ՝ հոգեպես պետք է հատուկ պատրաստվել։ Պետք է վստահ լինենք մեր ուժերին, հավատանք մեզ և մեր հաղթանակներին։ Պետք է հաշվի չառնենք, թե ովքեր են մրցակիցները»։ 

«Հրապարակի» այն հարցին, թե արդեն ուսումնասիրել են մրցակիցների խաղացողներին, կա՞ն արդյոք արդեն իսկ հայտնի ֆուտբոլիսներ նրանց կազմերում, Էրիկ Ավետիսյանը պատասխանեց․ «Դեռ այդպես չենք ուսումնասիրել, ժամանակ ունենք դրա համար։ Կապ չունի, թե մեր խմբում մեզ ինչ մրցակիցներ են բաժին հասել։ Յոթ հավաքականներն էլ ուժեղ են, բայց ստացվեց այնպես, որ այդ յոթից մեզ բաժին հասան ամենաուժեղ երեքը»։ 

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը նշում է, որ իրենք դաշտ են դուրս գալու միայն հաղթելու և պատվով հանդես գալու համար։ 

Մինչև 19 տարեկանների հավաքականի և «Բանանց» ֆուտբոլային ակումբի դարպասապահներից մեկն էլ՝ Նարեկ Հովհաննիսյանը նշում է, որ ընդհանուր առմամբ գոհ է վիճակահանության արդյունքից․ «Կարելի է ասել՝ վիճակահանության արդյունքից գոհ  եմ, քանի որ կարծում եմ՝ բարդ մրցակիցների դեմ  ավելի մարտական կարող ենք տրամադրվել։ Այս  պահին բնականոն ռեժիմով հավաք է ընթանում։  Մրցակիցներին դեռ չենք հասցրել մանրամասն  ուսումնասիրել, ժամանակ կլինի դրա համար։ Ամեն  դեպքում մտածում եմ, որ շանսեր ունենք։ Մեր լավ խաղով կարող ենք անակնկալի բերել բոլոր մրցակիցներին»։

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը օրերս  ընկերական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ և պարտություն կրեց 2-1 հաշվով։ Հուլիսի 14-ից Հայաստանում կմեկնարկի մինչեւ 19տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։  Հայաստան(Մ19) – Իսպանիա(Մ19) հանդիպումը կմեկնարկի ժամը 18։45-ին, «Հանրապետական» մարզադաշտում։