Դիցուք՝ Վահագն Հովակիմյանը
Ես չգիտեմ՝ Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի՞ հաղորդագրություններ տարածել (ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը նայելու ցանկություն ու ժամանակ չկա․ հիմա դրանք ո՞վ է բանի տեղ դնում), սակայն ինձ այդ հանգամանքը բոլորովին տարօրինակ չթվաց, երբ ծանոթանում էի ԱԺ նախագահի հաղորդագրությանը։ Քանզի եթե վարչապետն է յուրացնում իր մամուլի քարտուղարի գործառույթներն ու լիազորությունները, ապա ԱԺ նախագահն ինչո՞ւ չի կարող հաղորդագրություններ տարածել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ուրեմն, ըստ իր ստորագրությունը կրող հաղորդագրության, հունիսի 27-ին հանդիպել է «Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ»։ Նկատենք, որ, ըստ հաղորդագրության, մինչեւ հանդիպումը Ա․ Խաչատրյանը դեռ այդ պարտականությունները «կատարող չէր», մինչեւ հանդիպման որոշակի փուլ էլ դեռ «կատարող» չէր, որովհետեւ հանդիպման ընթացքում միայն պիտի Ա․ Միրզոյանի կողմից հռչակվեր «Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։ Ուրեմն՝ մինչ այդ նա ընդամենը ՍԴ անդամ էր՝ առանց որեւէ պաշտոնական կարգավիճակի, հետեւաբար՝ Արարատ Միրզոյանն իրավաբանորեն չէր կարող հանդիպել այն պաշտոնյայի հետ, ինչը հաղորդագրության սկզբում ներկայացվում է։ Ավելին, այդ պաշտոնյան Սահմանադրական դատարանի այնքան «անտեղյակ» անդամ էր (հաղորդագրության շարադրանքն է հուշում), որ ԱԺ նախագահի լուսավորչական դասախոսությունից միայն պիտի տեղեկանար, թե անցյալ մեկ-երկու օրվա ընթացքում ինչե՛ր են անցել Սահմանադրական դատարանի գլխով, եւ, ուրեմ,ն ինչո՛ւ է հենց ինքը «նախագահի պարտականությունները կատարող»։
Ուշագրավ է, որ հաղորդագրության սկզբում նշված չէ ԱԺ նախագահի եւ սույն «տարիքով ավագ» ՍԴ անդամի հանդիպման վայրը, ինչը սովորաբար արվում է պաշտոնական հաղորդագրություններում, որովհետեւ տեղի/վայրի հիշատակումը նույնքան կարեւոր տեղեկատվություն է, որքան ժամանակի (ամիս-ամսաթվի) նշումը։ Բայց ի՞նչն է առավել ուշադրության արժանի։ Բոլոր օրենքները՝ իրավաբանական թե բարոյական, հուշում են, որ Սահմանադրական դատարանի պարտականությունները կատարող, «տարիքով ամենաավագ» Ա․ Խաչատրյանի «բարձր դուռը» հարկ էր, որ գնար ԱԺ նախագահն ինքը․ դրանով, նախ, պատված կլիներ նոր նախագահի «ավագությունը», ապա նաեւ ընդգծած կլիներ ՍԴ հետագա, թեկուզեւ երկամսյա գործունեության անկախությունն իշխանության մյուս թեւերից, այս դեպքում՝ օրենսդիր իշխանությունից։ Բայց՝ չէ՛, ինչպե՞ս կարելի է այդկերպ նսեմացնել ԱԺ նախագահի պաշտոնը, նորերի համար դա հույժ անընկալելի-անհավանական մի բան է։
Եվ ահա՝ այս համապատկերում ՍԴ նախագահի պարտականությունները կատարողին, որն այդ պաշտոնը ստանձնում է, փաստորեն, վերոնշյալ հաղորդագրության համաձայն (հիրավի՝ աննախադեպ բան), ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր ֆեյսբուքյան էջում խոստանում, որ «անցումային» փուլում ՀՀ կառավարությունն աջակցելու է Սահմանադրական դատարանին։
Թե Սահմանադրական դատարանն ու նրա ժամանակավոր նախագահն ի՛նչ աջակցության կարիք կունենան, կարելի է միայն կռահել։ Անձամբ ես հակված եմ կարծելու, որ վարչապետը նկատի ունի այն մասնագիտական խորհուրդները, որ անցումային փուլում ՍԴ նախագահի պարտականությունը կատարող Ա․ Խաչատրյանին կարող են տալ, օրինակ, արդարադատության երիտասարդ նախարարը կամ, դիցուք, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Կարծիքներ