Ի՞նչ է նշանակում՝ հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Ի՞նչ է նշանակում՝ հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Հարցին, թե ինչպես են ծախսվել Համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում  պատասխանեց. «Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս իրավիճակում, մասնավորապես սկզբնական ընթացքում, ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելն ամենակարևոր հարցն է, ու ըստ այդմ` առողջապահական, սոցիալական ու ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել միասին ու իրականացնել համագործակցելով»: 

Փոխվարչապետի պատասխանը հարուցել է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի մեր մի շարք  հայրենակիցների վրդովմունքը: Հիշեցնենք, որ հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը սփյուռքից էր: 

«Ի՞նչ է նշանակում՝ հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը, ի՞նչ նպատակով է դա արվել»,-մեզ հետ զրույցում, տարակուսանք արտահայտելով,  ասում է Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի  նախագահ Արարատ Ղուկասյանը: 

«Նաև տեղեկանում ենք, որ ուղարկված մարդասիրական օգնությունը, որը, մեծամասամբ, տաք հագուստ էր, դեղորայք, պատերազմի ժամանակ չի հասցվել զինվորներին և կամավորներին, հիմա էլ չի բաժանվում փախստականներին, զոհվածների, վիրավորների ընտանիքներին, կարիքավորներին և պահվում է ՊՆ և ԱԻՆ պահեստներում։

Եթե այդ ամենը ճիշտ է, ապա պետք է բողոքի նոտա հղել պատկան մարմիններին՝ ընդդեմ այդ աշխատանքները կոորդինացնող գերատեսչությունների և կազմակերպությունների»,-հավելում է հայ համայնքի նախագահը։

Նրա խոսքերով՝ միայն Վալենսիայի համայնքի անունից 40.000 եվրոյի հանգանակություն է եղել,ինչպես նաև  առանձին խմբերի և անհատների կողմից ևս: «Իմ տեղեկություններով՝ Իսպանիայից ավելի քան 300.000 եվրոյի հանգանակություն է եղել, ընդհանուր 8 բեռնատար է ուղարկվել Հայաստան»,-ասում է Արարատ Ղուկասյանը՝ ընգծելով, որ որևէ հաշվետվություն, թե գումարն ու օգնությունն ինչպես են  բաշխվել, իրենց չի ներկայացվել: