Ավարն են մեջ- մեջ անում․․․

Ավարն են մեջ- մեջ անում․․․

Չպետք է զարմանալ, որ  ՔՊ- ական իշխանավորներն այդպես արագ հարստացան։  Հողին նետված նվազ ծիլի էին նման, եկան ու մեկ, երկու տարում այնպիսի ընտանեկան, ընկերական, բարեկամական արմատներ ձգեցին, այնպես մխրճվեցին հողի մեջ, որ էլ նրանց պարարտ  հողից պոկել չի լինի։ Եթե նախկինները տարով էին հարստանում, սրանք օրով են հարստանում։ Մի բան պիտի հիշել։ Իրենք ասում են, որ հեղափոխությամբ եկան իշխանության, բայց էդ հեղափոխությունը պատերազմի կուլտուրական ձևն  է։

Արևմուտքում են դրան հեղափոխություն ասում, մեզ մոտ դա կոչվում է պատերազմ։ Հայաստանի, Արցախի  դեմ ,,պատերազմ հայտարարեցին,, ու տեսնում ենք իրենց հայտարարած «պատերազմի»  դաժան հետևանքները՝ զոհերը հաշմանդամները, տարածքների կորուստը, անորոշ ապագան․․․ Այդքան տեսնելով, ինչու՞ եք զարմանում, որ նրանք պատերազմի ավարը կիսում են իրենց մեջ։ Թիմով պատերազմ են սկսեցին ու հիմա ավարն են մեջ- մեջ անում։ Թշնամուց խլում են ավարը։ Իսկ ավարը կամ թալանը բաժանելը հեշտ չի։ Կռիվ, ղալմաղալ է լինում, իրար աչք հանել է լինում, իրար ձեռքից խլել է լինում։ Թիմի ղեկավարն է որոշում, թե ում ինչ բաժին է հասնում։ Այնպես որ իշխանության թիմում կռիվը ավարի բաժնի համար է։ Էն ում ետևից էլ ընկել են, գիտեն, թե ինչ կա, ինչքան է նրա տարածը և հետ վերադարձ են կազմակերպում դատարանով, բանով։