Սխալ հաշվարկ

Փաստորեն, 6 տարին բավարար չեղավ, որ այս իշխանությունը կրթվեր, դասեր քաղեր, հետեւություններ աներ գոնե իր սխալներից: Հասկանար, որ հանրային ցածր կրքերի վրա կառուցված հաշվարկները ոչ միայն չեն արդարացնում իրենց եւ մի օր շրջվում են այդ կրքերի վրա ամրոցներ կառուցած իշխանությունների դեմ, այլեւ այդ հաշվարկներն ի սկզբանե մեռելածին էին: Մեծ հաշվով, այս իշխանությունը մնացել է 2018 թվականի ապրիլի 23-ին հրապարակված հրաժարականի եւ նախկինների հանդեպ անհաղթահարելի ատելության միֆի տակ: Նրան թվաց, թե թալանը հետ բերելու, նախկիններին հայհոյելու եւ ամեն ինչ նրանց վրա բարդելու հնարքը հավերժ աշխատող հնարք է, եւ դրա վրա բազմած՝ կարելի է 6 տարի ու մի բան էլ ավելի պաշտոնավարել:
Բայց ինչ-որ պահից այդ նույն ախուրյանցի Անոն եւ երեւանցի Գնելը գիտակցելու են. ա) դա թատրոն է, որը երջանիկ ավարտ չունի, եւ բ) այդ թատրոնից իր կենսամակարդակը չի լավանում: Ինչքան պետական ռեսուրս է ծախսվել այս տարիներին` նախկին «թալանչիներին» դատելու, ունեզրկելու, քաշքշելու վրա. կգա ժամանակը, եւ այդ հաշվարկները կարվեն: Ի՞նչ ունենք արդյունքում` նյարդերից թույլ մի քանի «նախկիններ» ինչ-որ գույք զիջեցին ռեկետ անող իշխանությանը, մյուս բոլոր դեպքերում չկան վճիռներ, իսկ արձակված վճիռներն արդեն բեկանվում են եւ դեռ էլի կբեկանվեն: Եթե անգամ չբեկանվեն, ՄԻԵԴ-ն անվավեր կճանաչի: Դատարաններում քնող-արթնացող որոշ նախկիններ, ճիշտ է` տհաճ գործընթացի մեջ են, բայց այդ դատավարություններն արդեն ոչ մեկին չեն ուրախացնում: Եվ ամենակարեւորը` ՔՊ-ական իշխանությունն իր ձեռուոտը կապել է այս պատժիչ գործողություններով` հիմա չի կարողանում սեփական «թալանչիներին» պատժել, որովհետեւ այն միակ առավելությունը, որն ունեին նախկինների հանդեպ, հօդս կցնդի:
Կարծիքներ