Համազգային թատրոնի ֆրանսիական պրեմիերաները

Համազգային թատրոնի ֆրանսիական պրեմիերաները

Վերջին ամիսներին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը երեք ներկայացման պրեմիերա ունեցավ, երեքն էլ՝ քիչ դերակատարներով կամերային ներկայացումներ:

«Հաղթանակի գենեզիսը» զուտ հայկական վավերագրություն է՝  անկախության բերկրանքի (հրաժեշտ Լենին պապիկին եւ Անդրանիկ զորավարի հայտնագործում), պատերազմի, մութ տարիների, հաղթանակի մասին, եւ բեմականացվել է այդ տարիներին դպրոցական՝ Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի եւ Վարշամ Գեւորգյանի կենսագրության ակնարկներով:

Վերջին պրեմիերաները ֆրանսիացի ժամանակակից  դրամատուրգների գործեր են: Ֆլորիան Զելլերի «Ճշմարտությունը» սիրային եռանկյունի է՝ 4 դերակատարով: Ալիսը (Ալլա Սահակյան) տեւական ժամանակ ամուսնու ընկերոջ սիրուհին է եւ ներկայացման մուտքից արդեն տվայտանքների մեջ, թեեւ Միշելը (Գագիկ Մադոյան) ատում է մեղավորության զգացումը: Լուսանցքում հայտնվածները՝ Փոլը (Ստեփան Ղամբարյան) եւ Լորանսը (Արմինե Անդրեասյան) բացահայտում են ճշմարտությունը: Լավ դերակատարներով եւ հաճելի նայվող կատակերգական ներկայացման հիմքը՝ պիեսը, տարակույսներ է առաջացնում: Հայ հանդիսականը զուտ շփացածությունից լավագույն ընկերոջ հետ ամուսնուն դավաճանած կնոջ պատմությունը մի քիչ դժվար է ընկալում կոմեդիայի ժանրում: Համեմատության համար հիշենք, որ  Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար» կատակերգության բեմադրությունները հիմնականում աղերսվում են  ողբերգականի սահմանագծին: 

Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» (բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան) ներկայացումը լավագույն դերակատարներով ժամանակակից ու մարդկային հուզիչ պատմություն է: Միմյանց անծանոթ երկու տարեց հիվանդի (Դավիթ Հակոբյան եւ Վանիկ Մկրտչյան) արթնացնում է բժիշկը (Սերգեյ Թովմասյան) եւ առողջի ու անմահի ձայնով տեղեկացնում, որ նրանց մնացել է ապրելու մեկ եւ երկու շաբաթ: 

Արդեն ծանոթները համերաշխ համաձայնում են հեռանալ «տավա՛ր» բժշկից եւ հիվանդանոցից: Սակայն ճակատագիրը  դիպվածի տեսքով նրանց տանում է այլ ճանապարհով, եւ պարզվում է՝ լիարժեք ապրելու եւ կյանքն իմաստավորելու համար հարկ չկա շատ հեռանալ սեփական բնակավայրից։  Գիշերային փախուստի ամայի ճանապարհին հայտնված «շատ հղի» լքված կինը (Մարիա Սեյրանյան) ատելի խոչընդոտ է միայն առաջին հայացքից: Այս տեսարանն ընդգծված կոմիզմով է ներկայացնում Դավիթ Հակոբյանը՝ ատելավառ հայացքով շանթելով խանգարիչ հանգամանքին, միաժամանակ սաստելով բախտակցի մարդասիրական հորդորները։ Հեռուներ փախչող հիվանդը խեթ նայվածքով ուզում է րոպե առաջ անտեսել իրենց  ճանապարհի այդ խութը: Սակայն հենց հղի կինն ու ծնվող մանուկի ապագան էլ դառնում են իրենց կյանքի այս հանգրվանի կարեւոր նպատակը: 

Մնացածը՝ ինչպես գողտրիկ հեքիաթում։ Երկուսի նպատակասլաց կամքի առաջ բացվում են փակ դռները,  գաղտնիքները, իրենց լրումն են գտնում տասնամյակների անլուծելի հարցերը: Պիտի գտնել-հետ բերել ծնվող երեխայի հորը: Իսկ թե որտեղ, կօգնի ծերուկ-Վանիկ Մկրտչյանի ինտուիցիան, եւ այդ հզոր ցուցիչը նրանց սկզբում տանում է գիշերային պարասրահ: Հիվանդանոցային տաղտուկից ազատագրված տարեցները դառնում են երիտասարդ պարուհու  լավագույն պարընկերները՝ մրցակցությունից դուրս թողնելով երիտասարդին: Երիտասարդի ավյունով եւ հումորով պարում են երկուսն էլ կյանքն ավելի վաղուց ու խորքից ճանաչողի նրբերանգներով, ուրախ, նաեւ՝ դրամատիկ: Այս ներկայացման մեջ հերթագայում են ծիծաղը, հույզը, գաղտնիքներն ու անսպասելի բացահայտումները: Ֆրանսիական այս պիեսը տարակուսանք չի առաջացնում, իսկ գլխավոր դերակատարները ցուցադրում են հուզիչ, բազմապլան խաղ՝ ծերունական իմաստնության-խորամանկության շաղախով: Մինուս լինելու իրողությունը շեշտադրող ներկայացումը մղում է կյանքի իմաստի որոնման, իրականության հետ առերեսվելու, օրը գեղեցիկ ու հաշտ անցկացնելու, հասկացված, գնահատված լինելու մտածումների: 

Ինտուիցիան տարեց հիվանդներին առաջնորդում է գետեզերք, եւ գիշերվա մեջ հայտնվող անհաջող ինքնասպանությունից  թաց երիտասարդին (Նարեկ Բաղդասարյան) կյանքի նոր գործ են առաջարկում՝ օծելով երջանկացող հայր ու ամուսին։ Հնարամիտ ծերուկները, իրենց գործն ավարտած (ինչպես հայկական ֆիլմում՝ «ընտանիքը բաղկացած կեղնի հորից, մորից ու երեխուց»), հուշիկ հեռանում են՝ ավելի կարեւոր անելիքի հետամուտ:

Ներկայացման սկզբում բախտակցի լայնաշունչ ներողամտության (երկու երեխան էլ իրենը չեն, եւ չեն էլ այցելել հիվանդանոց) եւ հանդարտության վրա զայրացող Դավիթ Հակոբյան-հիվանդը ենթարկվում է նրա կամքին: Վանիկ Մկրտչյան-հիվանդը՝ անհամակրելի, դանդաղամիտ, լքված ծերունուց կրիտիկական իրադրության մեջ, ընկերոջն օգնելու համար վերածվում է հնարամիտ, արագ գործող մարդու: Պետք է փնտրել ընկերոջ 38 տարի առաջ ծնված երեխային, որին լքել էր մինչեւ ծնվելը եւ կուրորեն փնտրել ողջ կյանքում: Դարձյալ ինտուիցիան է օգնում՝ եթե աղջիկ, այս անունով, եթե տղա՝ այս, եւ պարզում են, որ դուստր ունի:

Հիվանդանոցային գծախալաթներով ժիր ու դանդաղամիտ երկու տարեց հայտնվում են բեմում՝ «Քեռի Վանյայի» ներկայացման վերջաբանին, երբ դուստրը մխիթարում է բեմի սիրելի քեռի Վանյային, այդ տեքստով լուսավորելով-մխիթարելով կենսաբանական հոր վերջին օրերը՝ «Մենք կհանգստանանք»:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ թատերագետ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ