Գնալ ԵՄ, լուծարել ՄԽ-ն, չկորցնել ԵԱՏՄ-ն

Գնալ ԵՄ, լուծարել ՄԽ-ն, չկորցնել ԵԱՏՄ-ն

Երկար տվայտանքներից հետո ՀՀ Ազգային ժողովը որոշում կայացրեց, որ Հայաստանն ընտրում է դեպի ԵՄ գնալու ճանապարհը: Բայց աբսուրդը շարունակվում է. ճիշտ է` Հայաստանն ընտրել է դեպի ԵՄ գնալու ճանապարհը, բայց միաժամանակ որոշել է, որ մնում է նաեւ ԵԱՏՄ-ում, չնայած ռուսական պաշտոնական աղբյուրները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքագետները բազմիցս բարձրաձայնել են` հստակ հասկացնելով, որ նման բան հնարավոր չէ, դա լիովին բացառված է, քանզի որեւէ այլ կառույցի անդամագրված ցանկացած երկիր չի կարող միաժամանակ անդամակցել նաեւ ԵԱՏՄ-ին: Ճիշտ է, առ այս պահը դեռ Հայաստանին պաշտոնապես չեն հանել ԵԱՏՄ-ից, ինքն էլ դուրս չի եկել, մեզ լռելյայն ժամանակ են տվել՝ վերջնականապես կողմնորոշվելու, թե որ կառույցի անդամ ենք ուզում դառնալ: Բայց ինչ-որ պահի ԵԱՏՄ-ն իր վերջնական խոսքը պաշտոնապես կասի: 

Տարբեր մակարդակներով՝ տարբեր երկրների պաշտոնյաներ էլ խոսել են, որ Հայաստանը բացարձակապես չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, եւ մեր անդամակցությունն ընդամենը երազանք է ու զառանցանք։ Անգամ ԵՄ-ն ու նրա առանձին անդամներ չեն թաքցնում դա՝ գուցե զարմանալով մեր անհասկացողության վրա: Մի քանի անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, քան Հայաստանը՝ նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու: Անհասկանալի է, թե ինչպես են մտածում Հայաստանի գործող իշխանությունները, եւ ինչի վրա է նրանց հույսը: Այդ քայլով երկիրն ավելի չեն մոտեցնում Եվրամիությանը, բայց զրկում են ԵԱՏՄ-ից եկող ահռելի գումարներից եւ նոր ցնցումների ու ճգնաժամի համար հող ստեղծում: Կողքի դնենք բազում այլ խնդիրներ եւ հարց ուղղենք իշխանություններին՝ լավ, ինչո՞վ են գոյատեւելու Հայաստան երկիրն ու նրա ժողովուրդը, որ որոշել եք ընտրել ԵՄ գնալու անհիմն ու վտանգավոր ճանապարհը, որը Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ուղիղ գծով կործանում։ Ամեն ինչ մի կողմ թողնենք ու հաշվի առնենք միայն այն, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո մեր երկրի համար գազի գինը մի քանի անգամ կբարձրանա` հավասարվելով շուկայական այն գներին, որոնցով Ռուսաստանը նույն գազը վաճառում է շատ երկրների: 

Կարծում եմ, որ ընթերցողը որոշակի պատկերացումներ ունի ԵՄ-ի եւ ԵԱՀԿ կառույցների, նրանց իրավասությունների մասին, թե նրանք ինչով են զբաղվում ու ինչ դեր են խաղում աշխարհի մասշտաբով: ԵԱՀԿ-ն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կոմիտեն է, նրա անվանումն արդեն իսկ պարզորոշ խոսում է նրա գործառույթների մասին: Նրա պաշտոնյաներն էլ եթե ուղղակիորեն չեն էլ ենթարկվում ԵՄ-ին, ապա որոշակիորեն ապահովում են ԵՄ-ի հետ առնչվող դեմոկրատական երկրների անվտանգությունը եւ համագործակցում նրանց հետ, ու նրանք հիմնականում ԵՄ կառույցում գտնվող երկրների ներկայացուցիչներ են, հետեւաբար՝ նրանց գործունեությունը չի կարող հակասել ԵՄ գործունեությանը: Հետեւապես, ինչպե՞ս կարելի է ընտրել դեպի ԵՄ գնացող ուղղությունը՝ խզելով կապերը եւ լուծարել ԵԱՀԿ հայաստանյան կառույցը` Մինսկի խումբը, որը գործլ է տասնամյակներ, եւ որի միջոցով են փորձում լուծել Հայաստանի համար շատ խնդիրներ։

Այս քայլը եւս խոսում է այն աբսուրդ ձեռագրի մասին, որը ՀՀ իշխանություններին է բնորոշ եւ բազմիցս ձախողվել է այս տարիներին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ