Իրանում զարմացած են ՀՀ-ում մղվող հակահեղափոխական պրոպագանդայից

Իրանում զարմացած են ՀՀ-ում մղվող հակահեղափոխական պրոպագանդայից
Արման Նավասարդյան

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության հրավերով Իրանում կլոր սեղանի են մասնակցել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը եւ փորձագետ, վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Արման Նավասարդյանն անդրադարձավ կլոր սեղանի ժամանակ հնչած հարցադրումներին։ Դրանք, ըստ նրա, վերաբերում էին թավշյա հեղափոխությանը, Արցախի հիմնախնդրին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հանձնո՞ւմ է հողերը, կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ։ Արման Նավասարդյանը նշեց, որ Իրանում զարմացած են Հայաստանում մղվող հակահեղափոխական պրոպագանդայից, քանի որ կարծում էին, թե հայերը նման հարցերում ավելի խելոք են։

Ըստ դեսպանի՝ Իրանի ԱԳՆ-ում մեր հակահեղափոխական պրոպագանդան համարել են ինֆորմացիոն հիստերիա եւ ասել, որ այն համընկնում է Ադրբեջանի հակահայկական պրոպագանդային։ Երրորդ խնդիրը, որի մասին քննարկվել է Իրան կատարած այցի ընթացքում, վերաբերել է երկու երկրների միջեւ հարաբերություններին՝ տնտեսական, ռազմաքաղաքական եւ մշակութային։ «Իրանցիները դժգոհ են երկու երկրների միջեւ հարաբերություններից, մասնավորապես՝ նրանց համար ընդունելի չէ, որ Հարավ-Հյուսիս ճանապարհը, որը պետք է լիներ հիմնական առանցքը, առ այսօր կա՛մ վատ է կառուցվում, կա՛մ էլ չի շահագործվում։ Երեւան- Արտաշատ ճանապարհը պատրաստ է, Երեւան-Աշտարակ ճանապարհը՝ նույնպես, եւ դրանով կարծես թե վերջանում է։

Աշտարակից Գյումրի ճանապարհը խոստանում են կառուցել այս տարեվերջին, բայց ամենատխուրն այն է, որ Արտաշատից մինչեւ Մեղրի բացարձակապես ոչինչ չի արվել։ Եվ եթե խոսենք Սեւ ծով-Պարսից ծոց կապի վերաբերյալ, որը մտնում է Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» ծրագրի մեջ, բացարձակապես ոչինչ արված չէ։ Քանի որ ես չէի տիրապետում թեմային, չէի կարող ոչինչ ասել։ Տեսեք, թե խնդիրն ինչում է։ Սա մտնում է Չինաստանից դեպի Եվրոպա գնացող վեց ընդհանուր ճանապարհների մեջ, որը կարող է Հայաստանը կապել Իրանի հետ, Հայաստանը ցամաքային ճանապարհով կկապի Վրաստանի հետ, այնուհետեւ՝ ծովային ճանապարհով դեպի Բուլղարիա, Բուլղարիայից էլ Հունաստան»,- նշեց Արման Նավասարդյանը։

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը կարծում է, որ եթե չլինի այդ ճանապարհը, ապա մենք դուրս ենք մնում այդ կարեւոր, համաշխարհային նշանակություն ունեցող քաղաքատնտեսական նշանակություն ունեցող ծրագրից, եւ այս համատեքստում էլ մենք չենք կարող մեր հարաբերությունները զարգացնել Իրանի հետ։ Ըստ նրա՝ միայն այդ կերպ կարող է ստեղծվել ազատ առեւտրի տնտեսական գոտի։