Ասա՝ ինչ է անում ոստիկանը, ասեմ՝ ով է երկրիդ ղեկավարը

Ասա՝ ինչ է անում ոստիկանը, ասեմ՝ ով է երկրիդ ղեկավարը

Ոստիկանական համակարգը անկախ Հայաստանի տարբեր ժամանակներում միշտ էլ եղել է իշխանության սպասավորը եւ կատարել է գործողություններ, որոնք բխել են բացառապես իշխանության ղեկին նստած անձի շահերից: Այն շատ է օգտագործվել քաղաքական նպատակներով, դարձել մեծ ու փոքր քաղաքականության գործիք, հաճախ եղել է ցուցարարներին ճնշելու, «անցանկալի» մարդկանց վրա տարբեր քրեական գործեր կարել-ձեւելու օղակ: Դժվար է հիշել որեւէ դեպք, որ ոստիկանությունը պաշտոնյա-շարքային քաղաքացի որեւէ «հակամարտության» ժամանակ պաշտպանի շարքային քաղաքացու անվտանգությունն ու իրավունքները:  

2018-ի իշխանափոխությունից ի վեր երկրում դժվար է տարանջատել, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։ Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ իշխանությունը նաեւ ընդդիմություն է, անհրաժեշտության դեպքում հագնում է ընդդիմության շապիկը, դնում «դուխով» գլխարկն ու դուրս գալիս ինքն իր ղեկավարած երկրի տարբեր համակարգերի դեմ: Քանի որ իշխանության ղեկին այսօր մի մարդ է, ով գրեթե ողջ կյանքում եղել է ընդդիմադիր, այսօր, կարծես, խանդով է վերաբերվում, երբ հանկարծ այդ տեղում որեւէ ուժ է փորձում նստել: Փաստորեն, երկրի ղեկավարը համատեղության կարգով նաեւ ընդդիմության գործերն է անում: Այս լղոզված իրավիճակում լղոզվել է նաեւ ոստիկանության դերը, որն այս նոր իրավիճակում լիովին դարձել է վարչապետին կցված կառույց եւ իրականացնում է բացառապես վարչապետին հաճո գործողություններ: Կան բազմաթիվ փաստեր, որ ոստիկանությունն անգործության էր մատնված, չէր կատարում իրեն վերապահված պարտականությունները, չէր ապահովում կարեւոր կառույցների կամ անձանց անվտանգությունը:

Երբ ինչ-որ անհասկանալի ծագմամբ մարդկային զանգված նվաստացուցիչ գործողություններ էր կատարում կաթողիկոսի դեմ, ընդհուպ նրան շրջափակման մեջ առնելն ու տեղաշարժվել արգելելը, ոստիկանությունը մատը մատին չէր խփում՝ կանխելու դա: Անկախ այն բանից, թե ով է այսօր մեր հոգեւոր առաջնորդը, եւ նրա անձը որքան վստահություն ու հարգանք ունի հասարակության մեջ, նրա նկատմամբ այդ բռնություններն ուղղված էին բացառապես Հայ առաքելական եկեղեցուն: Հետո պարզվեց, որ այդ՝ «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» կամ «Նո՛ր Հայաստան՝ նո՛ր հայրապետ» ակցիաների ետեւում կանգնած է «Կյանքի խոսք» աղանդավորական շարժումը, ակցիայի կազմակերպիչների մեջ են սորոսականներ, տրանսգենդերներ եւ նման այլ տարրեր: 

Անցած տարի ԵՊՀ-ում տեղի ունեցան «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիաները, որի մասնակիցները պահանջում էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Նախաձեռնության անդամներն «օկուպացրել» էին համալսարանի որոշ տարածքներ, ծաղրուծանակի էին ենթարկում պատկառելի տարիք ու վաստակ ունեցող ռեկտորին, ով ուներ առողջական խնդիրներ:  Փակել էին նրա աշխատասենյակի դուռը եւ թույլ չեն տալիս, որ նա դուրս գա այնտեղից՝ մինչեւ հրաժարական չտա: Սրանով ոտնահարվում էին մարդու՝ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքները: Արդյունքում՝ գիշերը Արամ Սիմոնյանը հոսպիտալացվեց բժշկական կենտրոն՝ կրծքավանդակի շրջանում ցավերով եւ արյան բարձր ճնշմամբ: Այդ ժամանակ ՀՀ ոստիկանությունը ոչ մի քայլ չձեռնարկեց ԵՊՀ-ի, նրա աշխատակազմի ու ռեկտորի անվտանգությունն ապահովելու համար: Պրոռեկտորները կատարվածի վերաբերյալ հայտարարություն տարածեցին, որպեսզի գրավեն երկրի իշխանության, ԿԳ նախարարի եւ իրավապահների ուշադրությունը՝ համալսարանում աշխատակազմի նկատմամբ բռնությունները դադարեցնելու համար: Այդ հայտարարությունն էլ մնաց անարձագանք: Այնուհետեւ մամուլը գրեց, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Սորոսի հիմնադրամի «շահառուներից» է եւ համալսարանում «ժողովրդավարություն» հաստատելու համար հիմնադրամից ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար:

Անցած տարվա աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «բլոկադայի» ենթարկվեց ԱԺ-ն, մարդիկ անարգել մտան շենքի տարածք եւ սկսեցին իրենց պահանջները թելադրել օրենսդիրներին, շենքից ներսուդուրս անողների նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրել, ծաղրուծանակի ենթարկել: Այսպիսով, Փաշինյանը վախի մթնոլորտում կարողացավ իր ուզածը թելադրել օրենսդիրներին: Իսկ ոստիկանությունը մատը մատին չէր խփում՝ պատգամավորների իրավունքներն ու անվտանգությունը, առհասարակ՝ ԱԺ-ն պաշտպանելու համար: 

Վերջերս մեծ աղմուկ հանած՝ դատարանների մուտքերը փակելը, որն իրականացվեց դարձյալ վարչապետ Փաշինյանի կոչով, նույնպես սահմանադրության կոպիտ խախտում էր․ դատարանները համարվում են հատուկ պահպանվող պետական կառույցներ: Դարձյալ ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց, ընդհակառակը՝ նպաստում էր, որ «օկուպանտները» կարողանան իրենց գործն «ըստ արժանվույն» կատարել: Այս գործընթացին զարմանալի արագությամբ արձագանքեց ամերիկյան կողմը, եւ պարզվեց, որ այնտեղ մի սորոսական փորձագետ հագած-կապած սպասում էր, որ մեր վարչապետը ջղայնանա դատարանների վրա եւ որոշի դատավորներին վեթթինգի ենթարկել: Ու արագ-արագ եկավ, որ մերոնց սովորեցնի, թե ոնց են «վեթթինգելու», տարբերակելու լավ ու վատ դատավորներին: 

Հրապարակում մի իշխանամերձ երիտասարդ կոչ է անում ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը: Տեղով քրեական գործ է. հրապարակավ մարդու նկատմամբ ֆիզիկական բռնության կոչ է արվում: Դարձյալ մեր իրավապահների ծպտունը դուրս չեկավ, իսկ նախագահի «գլուխը ջարդողն» ազատ ման է գալիս մայրաքաղաքում՝ հավանաբար, մտածելով, թե հաջորդն ում գլուխն է հայտնվելու իր թիրախում:

Վերջին օրերին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ, ինչպես հասարակությունն է ասում՝ Սորոսի գրասենյակի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիաները հանդիպեցին ուստիկանական ուժերի լուրջ դիմադրությանը. ցուցարարներին թույլ չէին տալիս մոտենալ գրասենյակին, բազմաթիվ ոստիկանական ուժեր հսկում ու պահպանում էին այն:  
Փաստորեն ստացվում է, որ եթե որեւէ հակասահմանադրական ակցիա են անում Սորոսի հիմնադրամի հետ առնչվող որոշ ուժեր, ոստիկանները հանդուրժում են դա: Իսկ եթե ակցիա են անում Սորոսի գրասենյակի դեմ, ապա դա մահացու մեղք է, եւ մեր ոստիկանության սրբազան պարտքն է կանխել այդ «անկարգությունները»: Այս ամենը շատ ենթադրությունների տեղիք է տալիս այսօրվա հայաստանյան իշխանության «ծագումնաբանության» մասին, քանի որ գաղտնիք չէ՝ ոստիկանությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կատարում է իշխանության՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանը:  Իսկ եթե դրան էլ ավելացնենք կառավարությունում եւ ԱԺ-ում սորոսականների՝ պատվավոր տեղ զբաղեցնելը, ապա իշխանության սորոսական դիմագիծն ամբողջական է դառնում: