ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը. հակասական մեկնաբանություններ

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը. հակասական մեկնաբանություններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակեց երկար սպասված խորհրդատվական կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի, ինչպես նաեւ դրա կիրառման վերաբերյալ՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի դիմումին։ Եվրադատարանը չի պատասխանել  Սահմանադրական դատարանի 4 հարցից երկուսին։ Պատասխաններն էլ հստակ չեն, եւ, մեծ հաշվով, կողմերից ոչ մեկը գոհ չէ այս գրությունից, թեեւ ձեւացնում են, թե իրենց օգտին է այն։
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը նշեց, որ մարդիկ չեն պատկերացնում 16-րդ արձանագրության գործընթացը․ «Սա երկրորդ դեպքն է, երբ ՄԻԵԴ-ը խորհրդատվական կարծիք է տալիս 16-րդ արձանագրության վերաբերյալ եւ Հայաստանի համար առաջին դեպքն է։ Այլ միջազգային դատարաններ այս պրակտիկան մի քիչ ունեն, մի քիչ ոնց որ անսովոր է․․․ Սահմանադրական դատարանը երբ քննում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիմա վրա որոշակի հոդվածների սահմանադրականության գործը, իր մոտ որոշակի հարցադրումներ են առաջացել՝ ՄԻԵԴ-ի մեկնաբանությունների հետ կապված, ընդ որում՝ որոշակի հարցադրումներ, ՍԴ-ի կարծիքով, նոր հարցեր են: ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ մի քանի տեղ արձանագրում է՝ ճիշտ է, ես այս հարցում չունեմ միատեսակ որոշում, բայց այս որոշումներից բխեցնում եմ այս»։

Ըստ պաշտպանի՝ ՄԻԵԴ-ը պատասխանել է երրորդ եւ չորրորդ հարցերին՝ տեսնելով հարցերի եւ գործի միջեւ եղած կապը․ «Մեկը վերաբերում է օրենքի որոշակիության ստանդարտին, եւ երրորդ հարցի մեջ առաջինի եւ երկուսի էլեմենտներն է մտցրել։ Հարցը հետեւյալն է եղել․ որոշակի ստանդարտը ո՞րն է, եւ արդյոք, եթե հղում է արվում տվյալ դեպքում Սահմանադրության նորմերին, դա կարո՞ղ է համարվել որոշակի, թե՞ ոչ։ ՄԻԵԴ-ն ասել է, որ ինքնին հիմք չի կարող լինել, որ մենք պնդենք, որ չի համապատասխանում, եւ չի կարող հիմք լինել, որ համապատասխանում է։ Բայց 2 շատ կարեւոր հանգամանք է դրել․ առաջինն ասել է, որ շատ հստակ լինի ե՛ւ հղում կատարող նորմը, ե՛ւ այն նորմը, որի վրա հղում են կատարում։ Երկրորդ հարցը՝ որ չի կարող այն նորմը, որի վրա հղում է կատարվում, ընդլայնել հանցագործությունը, ամեն դեպքում՝ հանցագործությունը պետք է սահմանվի հանցակազմով, եւ մի շարք այլ ստանդարտներ։ Երկրորդ հարցը վերաբերում է հետադարձ ուժին։ ՍԴ-ն ասում է՝ լավ, ոնց որ թե լիքը գործեր կան, որտեղ քննարկվել է հետադարձ ուժ, կարելի է-չի կարելի, բայց բերեք հասկանանք, որ եթե հետադարձ ուժի հարց է առաջանում, ինչ ստանդարտներով պետք է գնահատեմ։ ՄԻԵԴ-ը բավականին մեծ անալիզ է արել անդամ երկրներից եւ արձանագրել է մի քանի կարեւոր կետեր։ Բերել է իր պրակտիկան եւ տվել է որոշակի ստանդարտներ։ Ասել է, որ այդ հարցն առաջնահերթ պետք է լուծի պետության մեկնաբանության պրակտիկայի լույսի ներքո։ Ինքը չի տվել եւ չէր կարող տալ պատասխան, որովհետեւ իր գործառույթի մեջ չէր մտնում՝ իր վրա վերցնել ՍԴ-ի ֆունկցիան։ ՍԴ-ն պետք է սրա հիման վրա գնահատի, բացի Սահմանադրական դատարանից, այս որոշումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ քրեական գործի շրջանակներում։ Ուզում եմ մի կետի վրա ուշադրություն հրավիրել՝ դրա պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքին։ Կա որոշակի շփոթություն, որ ինքը պարտադիր չէ, ինքը պարտադիր չէ այն պատճառով, որ դատական ակտ չէ։ Սա իրավական վերլուծություն է, այնտեղ չկա, որ ինչ-որ մեկն ինչ-որ գործողություն պետք է անի։ Բայց այս մեկնաբանությունները պարտադիր են բոլորի համար»։

Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․ «Ընդհանուր առմամբ, համահունչ է մեր դիրքորոշմանը»։ 

Իսկ գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը, իր կարծիքով, դատարանին հատուկ լակոնիկ եւ հարգալից ձեւակերպումներով արտահայտել է իր զարմանքը 1-ին եւ 2-րդ հարցերի կապակցությամբ, որոնք ոչ միայն հասկանալի չեն, թե ինչպես են փոխկապակցված կոնկրետ գործի հետ, այլ նաեւ շատ անորոշ են եղել․ «3-րդ եւ 4-րդ հարցերի կապակցությամբ դատարանը խորհուրդ է տվել հնարավորինս ուշադիր եւ մանրամասն ուսումնասիրել դատարանի զարգացրած պրակտիկան, այլ երկրների փորձը եւ հարցերին վերաբերող հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն հարցերով հետաքրքրվող անձանց»: Եգորյանի խոսքով, դատարանն իր կարծիքի շրջանակներում փաստել է, որ, ըստ էության, ՍԴ-ն անելիք չունի այս հարցով, եւ 3-րդ ու 4-րդ հարցերը պետք է լուծի գործը քննող ներպետական դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի փաստերից եւ առանձնահատուկ հանգամանքներից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն անցյալ տարի դիմել էր Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ակնկալելով 4 հարցի պատասխան ստանալ, որոնցից գլխավորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, որը 2008 թվականին չկար ՀՀ քրեական օրենսգրքում, այդ ժամանակ գործում էր 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում։