Թե ինչու են փոխակերպվել արևմտամետները

Թե ինչու են փոխակերպվել արևմտամետները

Հուլիսյան դեպքերից հետո հայաստանյան քաղաքական դաշտում մի անպատկերացնելի, 180 աստիճանով քաղաքական դիրքորոշումների փոխակերպումներ են արձանագրվում, երբ այլևս ոչ միայն չեն հնչում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կոչեր, հայտնի «ստատուսչիներից» Լադիմիր Լադիմիրովիչից սպասվելիք ստորությունների մասին գրառումները գրեթե չկան, իսկ այլև հայտնի արևմտամետները անսպասելի գովասանքի խոսքեր են շռայլում Ռուսաստանի հասցեին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, օրինակ, վերջին շրջանում հայտարարում է, որ  ի պատիվ Ռուսաստանի, ի պատիվ ՀԱՊԿ-ի պետք է արձանագրել, որ նրանք թուրքերին ասացին՝ «եղբայր, չեք կարող»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն էլ, իր վերջին հարցազրույցներից մեկում, պատասխանելով Նախիջևանից հնարավոր վտանգներին՝ ասում է․«Նախիջևանյան ուղղությունը քիչ հավանական եմ համարում, որ դառնա զինված բախումների կիզակետ, որովհետև այս պարագայում անկախ ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքից, նախիջևանի պարագայում չխառնվելու դեպքում անմիջապես Ռուսաստանին է վերաբերում, որովհետև իր պայմանագրով է 100 տարով հանձնվել Ադրբեջանին և որևէ երրորդ կողմ  իրավունք չունի այդտեղ ազդեցություն ունենալ։ Եվ եթե Ռուսաստանը չմիջամտի, բազայի ներկայությունը, ՀԱՊԿ-ում իր ներկայությունն ընդհանրապես , իր տարածաշրջանում որպես ռազմական լուրջ գործոն՝ իմաստը կդառնա անհեթեթ»։ Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ նույն հարցազրույցում Արամ Սարգսյանը նաև ասում է, որ ռուսները սովորություն ունեն թուրքերի հետ պայմանավորվելու և երեք օրով ուշանալու։ Քաղաքական դաշտի այսօրինակ փոխակերպումների մասին զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

-Ինչո՞վ եք այս մետամորֆոզները բացատրում։

-Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանում իրական արևմտամետ գործիչներ, արևմտյան արժեքների կողմնակիցները շատ քիչ են։ Հայաստանում ավելի շատ աչքի են ընկնում հակառուսները․ հակառուսական տրամադրություններ ունեցողները, որոնք դա փորձում են ներկայացնել որպես արևմտամետություն։ Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև իրական արևմտամետը Ռուսաստանի դեմ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ դա չի բխում Հայաստանի ազգային շահերից։ Այսինքն՝ միշտ չէ, որ մարդիկ իրականում արևմտամետ են։ Նրանք պետք է նաև արևմտյան արժեքային համակարգը փորձեն բերել Հայաստան, մի բան, որ հետաքրքիր չէ նման գործիչներին։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Ռուսաստանի հետ պետք է լավ լինել և այլն։ Գիտեք՝ մի բան է, երբ դուք խաղաղ պայմաններում եք ձեր հակառուսական տեսակետները հնչեցնում, մեկ այլ բան, երբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, երբ թուրքական զորքը, թեկուզ՝ փոքրաթիվ, Նախիջևանում է՝ Երևանից 60 կիլոմետր հեռավորության վրա, Նախիջևանն էլ սահմանակից է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի և կարող է շատ հանգիստ որևէ սադրանք իրականացնել, գումարած դրան տեսնում ենք, որ Թուրքիան սադրիչ քաղաքականություն է իրականացնում Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսի հյուսիսային մասն արդեն 40 տարի է՝ օկուպացրել է և բացարձակ ոչ մեկը դա չի վերադարձնում, Իրաք է մտնում, ապա Հայաստանի շատ գործիչներ՝ «արևմտամետներ» անմիջապես հասկանում են,որ ուզենք, թե  չուզենք, այս տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի հետ կապված, անվտանգության միակ երաշխիքը Ռուսաստանն է։ Որովհետև ոչ Եվրամիությունը, ոչ էլ Միացյալ Նահանգները հաստատ հանուն Հայաստանի զորքեր չեն բերելու և այստեղ ռազմական գործողություններ չեն իրականացնելու։ Դրա համար, երբ խաղաղ պայման է լինում, անմիջապես սկսում են քննադատել Պուտինին, պուտինիզմը, բայց հենց ռազմական գործողություններ են տեղի ունենում, անմիջապես սկսում են հիշել, որ ռուսական զենքն ամենալավն է, իսկ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են։

-Բայց խաղաղ ժամանակ այս հեռանկարները չե՞ն պատկերացնում։

-Պատկերացնում են, բայց երբ մարդ զգում է անմիջականորեն այդ կրակոցները, կարճ ժամանակ անց սկսում է մոռանալ դրա մասին։ Կարող են, այո, ասուլիսին ասել, որ «մենք միշտ էլ պատերազմական դրության մեջ ենք», բայց մի բան է ասել, մի բան է՝ զգալ, որ կրակում են։ Դա մի քիչ հոգեբանորեն տարբեր բաներ են։