«Հրապարակ». Սոցիալական խնդիրներ, ես Ձեզ վստահեցնում եմ, նույնիսկ ԱՄՆ-ում կան

«Հրապարակ». Սոցիալական խնդիրներ, ես Ձեզ վստահեցնում եմ, նույնիսկ ԱՄՆ-ում կան

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արդարացված է համարում ամանորյա լուսավորության ու զարդարանքների համար 650 հազար դոլար ծախսելը։ «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե արդյոք դա շռայլություն չէ՞, եւ հնարավոր չէ՞ր նախկինում եղած զարդարանքներով ու լույսերով գոնե մի մասն ապահովել եւ ավելի քիչ գումար ծախսել, Սարգսյանն ասաց․ «Գիտեք ինչ, հիմա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչու ենք ձեռք բերում «Ման» ավտոբուսներ, արդյոք դա շռայլություն չէ՞, բայց որոշում ենք կայացրել, որ ձեռք բերենք «Ման» մակնիշի եվրոպական արտադրության ավտոբուսներ։ Այն լուսատուները, որ ունենք, եթե նայեք, վերջին 4 տարիների ընթացքում քաղաքն ընդհանրապես չի զարդարվել, չի լուավորվել, եւ որոշում ենք կայացրել, որպեսզի ամանորյա միջոցառումը, հաշվի առնելով, որ նաեւ տարբեր երկրներից մենք հյուրեր ենք ունենալու, պատշաճ ներկայանալու համար ձեռք ենք բերել լուսատուներ, ինչպես տոնածառն էր ձեռք բերվել 2018-ին։ Այս լուսատուներն ամեն տարի նորից կօգտագործվեն։ Եթե Դուք մեր հարակից երկրներում եղել եք, ուրեմն տեսած կլինեք, որ իրենք էլ են բավականին մեծ ծախսեր անում՝ Նոր տարվա հետ կապված, եւ Նոր տարվա միջոցառումներն ավելի գունեղ, ավելի պայծառ են դարձնում։ Մենք փորձել ենք նույնպես դա այդպես իրականացնել եւ կարծում ենք, որ մեր քաղաքացիները դրանից գոհ կմնան»։

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ գոհ են, բայց շատերն էլ ասում են, որ մեզ հարակից երկրներում անվտանգության, սոցիալական այնպիսի խնդիրներ չկան, ինպիսիք Հայաստանում են, քաղաքապետն արձագանքեց․ «Սոցիալական խնդիրներ, ես Ձեզ վստահեցնում եմ, նույնիսկ ԱՄՆ-ում կան: Այդ լուսավորությունը, որպես այդպիսին, նաեւ սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար է։ Նոր տարուն բոլորը հրաշքով են սպասում, մանավանդ՝ երեխաները, եւ, կարծում եմ, երեխաների տրամադրությունը բարձրացնելու համար, թեկուզ այդ 5 կամ 10 րոպեի համար, այդ գումարներն այդքան էլ թանկ չեն։ Առաջին անգամ է, որ մենք բավականին մեծ գումար ենք ծախսում լուսավորության վրա, բայց հաջորդ տարի, մյուս տարի դա օգտագործելու ենք, եւ, կարծում եմ, դա քաղաքի տեսքն է։ Իսկ ո՞վ է հաշվի առնում, որ այդ լուսատուները տեղադրելով, քաղաքը պատշաճ ներկայացնելով՝ «Եվրատեսիլը», որը լինելու է Երեւանում, ո՞վ է հաշվարկ իրականացրել, թե ինչքան քաղաքացի է գալու, եւ մենք տնտեսական ինչ էֆեկտ ենք ունենալու»։
Հարցրինք՝ ինքն այդ հաշվարկն արե՞լ է։ «Այս պահի դրությամբ ես չեմ արել այդ հաշվարկը, դա իմ գործառույթը չէ, որ իրականացնեմ, բայց վստահաբար Ձեզ ասում եմ, որ դա, իր հերթին, անուղղակի ձեւով նոր հոսքեր է բերելու, ինչը տնտեսական ակտիվության վրա, վստահ եմ, ազդելու է»,- պատասխանեց Սարգսյանը։

Մեր դիտարկմանը, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածուն է, ավելի ակտիվ է, մե՛կ կանանց բռնության դեմ միջոցառման է մասնակցում, մե՛կ Լեհաստան է մեկնում՝ ավտոբուս տեսնելու, եւ տպավորություն է, որ նա ամեն տեղ է՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին «հետապնդում» է՝ ուր որ նա գնում է, Սարգսյանը պատասխանեց․ «Եկեք «հետապնդել» չասենք, Դուք գիտեք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է, եւ այս աշխատանքը, որ այս ընթացքում իրականացրել ենք քաղաքապետարանում, դա, որպես այդպիսին, արդեն  կիսում ենք նաեւ պարոն Ավինյանի հետ, թե ինչ խնդիրներ կան, ինչ գործ կա, հետո արդեն ընտրություններից հետո կերեւա, թե ոնց կլինի»։
Այսինքն, քարոզարշա՞վ է անում, քանի որ ՔՊ թեկնածուն է՝ հարցրինք Հրաչյա Սարգսյանին։

«Ես քարոզարշավի մասին չեմ խոսում, ես պրակտիկ խնդիրների մասին եմ ասում։ Ես Լեհաստանում եմ եղել, գործարանում, որտեղ «Ման» ավտոբուսներն են արտադրել, տեխնիկական վերահսկողություն պիտի իրականացվեր, տեխնիկական բաժնից էլ մարդիկ կային մեզ մոտ, մենք քննարկումներ ենք իրականացրել, նաեւ այս 18- մետրանոց ավտոբուսների մասով ենք արդեն նախագծել, թե ինչ տրամաբանությամբ պիտի ձեռք բերվի։ Դա քննարկում էր, որտեղ որ պարոն Ավինյանը ներկա է եղել։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց քաղաքապետը։