Արցախը Բուրջ-Համուդ չէ

Արցախը Բուրջ-Համուդ չէ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն կոչվող խմբավորման քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ խնդիր է դրված՝  «ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991 թվականից դավաճանաբար կասեցված գործընթացի ամբողջացումն ամրագրել որպես համազգային օրակարգի գերակա հարց և լուծել 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված ու մասնատված ՀՀ իրավահաջորդությունը ճանաչելու և նրա տարածքային ամբողջականությունը դեօկուպացիայի տրամաբանությամբ վերականգնելու համատեքստում»: 

Առաջարկվում է ճանաչել առաջին Հանրապետության իրավահաջորդությունը, մի պետության, որի սահմանները միջազգային ճանաչման չեն արժանացել, որին այդպես էլ չի հաջողվել լիարժեք իրավազորություն հաստատել ոչ միայն Արցախի, այլեւ՝ Սյունիքի նկատմամբ եւ որի կողմից ստորագրված վերջին ակտն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է: Այսպես պետական կարեւորության խնդիրներ լուծվու՞մ են: Ոչ, այսպես միայն կարելի է իսրայելա-թուրքական սադրանքով Բուրջ-Համուդ «կառավարել»՝ դնելով բեյրութահայության զանգվածային արտագաղթի սկիզբը: Այդպես էին, ցավոք, Արցախում «համընդհանուր ապստամբություն կազմակերպում» առաջին Հանրապետության զինվորական այրերը՝ 1920թ. մարտի 21-22-ին:

Այդպես էին նրանք նույն տարվա աշնանը «վճռական հարձակման անցնում» Սարիղամիշի ուղղությամբ: Հետեւանքները հայտնի են: Հայ ժողովրդի կենսական շահերին այդ իրավահաջորդությունը հակացուցված է եւ պատմական փորձով, եւ մերօրյա աշխարհաքաղաքական իրողություններով: Ինչ վերաբերում է «ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991թ. դավաճանաբար կասեցված գործընթացին,,՝ ապա դրա համար ներկա եւ գալիք սերունդները պետք է երախտապարտ լինեն «դավաճաններին»: Որովհետեւ եթե Արցախը չհռչակվեր անկախ, ապա մենք ունենալու էինք եւս մի հիմնավորապես ձախողված ապստամբություն եւ մի նոր ցեղասպանություն ու տարածքային ցավալի կորուստներ: Արցախը Բուրջ-Համուդ չէ եւ չի դառնալու:

Հ. Գ. Ի դեպ, կարելի՞ է իմանալ՝ պատահականությու՞ն էր, որ «ծռերը» Երեւանում «ապստամբություն» բարձրացրին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին գրեթե ունիսոն: Բացահայտվել է Հայաստանի դեմ հարձակման Թուրքիայի գաղտնի ծրագիրը, իսկ «ծռերը» փաստացի առաջարկում են պատերազմ հայտարարել Թուրքիային: Պատահական համընկնու՞մ է: