Ինչու է Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպում առանձին-առանձին

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահը նաեւ առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Եռակողմ հանդիպում, որպես այդպիսին, չի լինելու։ Կրեմլից նաեւ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Պուտինը քննարկելու է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։
Ռուսական մեդիա-փորձագիտական համայնքում ինչ-ինչ հույսեր կային, որ, այնուհանդերձ, եռակողմ հանդիպում կարող է կայանալ։ Դա, ըստ տարածված կարծիքի, Մոսկվային հնարավորություն կտար՝ ակտիվացնելու իր դերակատարումը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն էլ արդեն իր հերթին կհակակշռեր այդ նույն ուղղությամբ Արեւմուտքի գործադրած ջանքերին։ Սակայն եռակողմ հանդիպման չկայանալը եւ այն երկկողմ հանդիպումներով փոխարինելը, ըստ էության, նշանակում է, որ, ամեն դեպքում, այս պահին Մոսկվան նման ակտիվություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չունի։ Ռուսական կողմում առկա տրամադրությունների համաձայն, եռակողմ հանդիպումը չի կայացել Երեւանի պատճառով։ Հայկական կողմն է, որ չափազանց «տարված լինելով» Արեւմուտքով, չի համաձայնել, որ եռակողմ հանդիպում կայանա, որը նաեւ կենթադրեր, որ նորից քննարկման սեղանին են դրվելու ռուս-հայ-ադրբեջանական հայտնի եռակողմ հայտարարությունները։ Հայաստանը, ըստ այն ռուս փորձագետների եւ վերլուծաբանների, որոնք շարունակում են «հայկական թեմատիկան» պահել իրենց ուշադրության կենտրոնում, վերջին երկու տարում առաջին անգամն է, որ բարձր մակարդակով մասնակցում է հետխորհրդային տարածքի ռեգիոնալ ինտեգրացիոն միավորումների կարեւոր միջոցառումներին։
ՀԱՊԿ-ի միջոցառումներին չմասնակցելուց բացի, ըստ նրանց, վերջին շրջանում Հայաստանը նաեւ բավականին իջեցրել էր ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառումներին իր մասնակցության նշաձողը։ Այս անգամ, սակայն, Երեւանն ԱՊՀ միջոցառումներին մասնակցում է երկրի ղեկավարի եւ ԱԳ նախարարի մակարդակով։ Սա, ըստ մասնագետների, բացատրվում է նրանով, որ սկսած իր ասուլիսներից մեկում արտահայտած մտքից, թե չի կարելի Ռուսաստանի մասին անհանգալից տոնով արտահայտվել, Հայաստանի ղեկավարը որոշել է մեղմել Մոսկվա-Երեւան քաղաքական հարաբերություններում եղած լարվածությունը։ Թե ինչու, կարելի է տարբեր կերպ բացատրել։
Հնարավոր է, որ Փաշինյանն այսկերպ փորձում է իրեն ապահովագրել առաջիկա՝ 2026 թվականի ընտրություններից առաջ եւ սիրաշահում է գլոբալ ուժային կենտրոնին, որը հարկ եղած դեպքում անմիջական ազդեցություն կարող է ունենալ իր՝ իշխանության ղեկին մնալ-չմնալու հարցում։ Գուցեեւ կան այլ պատճառներ, որոնք դեռեւս շարունակում են մնալ հասարակության համար անհասանելի մակարդակում։ Թե ինչն ինչոց է, ցույց կտա ժամանակը։ Սակայն նաեւ պարզ է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում եղած լարվածությունը մեղմելու ցանկություն ունենալով հանդերձ, Երեւանը փորձում է պահպանել որոշակի հեռավորություն եւ հնարավորինս դիմադրում է, որպեսզի Մոսկվան հանկարծ չվերականգնի նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Հնարավոր է, որ որոշակի պահի Երեւանը նաեւ վերադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական հարթակ։ Սակայն կարծում ենք, որ դա Փաշինյանը կանի, եթե կարողանա իր վերադարձն այդ հարթակ՝ իր համար ընդունելի «բարձր գնով» վաճառել Մոսկվային։ Իսկ դա կարող է նշանակել 2026 թվականի ընտրություններում իշխանության ղեկին մնալու հետ կապված՝ ռուսական իշխանությունից երաշխիքներ ստանալ։
Կարծիքներ