Հովանավորչությունը՝ որպես նիկոլիզմի դրսեւորում

Հովանավորչությունը՝ որպես նիկոլիզմի դրսեւորում

Միջին եւ բարձր տարիքի հայաստանցիները հիշում են նախորդ դարի 90-ականների սկզբի՝ «թող պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» կարգախոսը: Մի պահ, երբ համարյա ողջ ազգն էր իրեն ՀՀՇ-ական համարում («Ղարաբաղ» կոմիտեի իներցիայով), ՀՀՇ-ական լինելը նշանակում էր լինել ընդդեմ միայն անցյալի՝ նախկին կոմունիստական իշխանությունների: Հետո, երբ արդեն շարժումը տրոհվեց առանձին կուսակցությունների, շարժման անվանումը «սեփականաշնորհած» իշխող կուսակցության ծոցում ծնված այդ կարգախոսն ուղղվեց ընդդեմ մնացած բոլորի: 

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից եւ իշխանությունից ՀՀՇ-ի հեռացումից հետո կարգախոսն առերեւույթ անհայտացավ: Բայց կարգախոսի մտայնությունը շարունակեց իշխել ռոբասերժական ժամանակաշրջանում: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ մտայնությունն իրականում ոչ թե ՀՀՇ-ական, այլ մեր ժողովրդի արժեհամակարգային ծնունդ էր: Դեռեւս խորհրդային իշխանության տարիներին ով որեւէ դիրք էր զբաղեցնում պետական կառավարման համակարգում, նա համակարգ էր բերում իր ծանոթներին եւ հատկապես՝ խորհրդային շրջանի մակարդակով «համերկրացիներին»: Ի դեպ, այդ երեւույթն առկա էր դեռեւս նախորդ դարի 70-ականներին, երբ յուրաքանչյուր շրջանից երեւանյան բուհերում սովորող ուսանողները քաղաքի կենտրոնում ունեին հանդիպման իրենց վայրն ու շաբաթվա օրը: 

Առերեւույթ դրական կամ գոնե չեզոք համերկրացիության երեւույթը վերածվում է բացասականի, երբ կառավարման պրակտիկայում ներառվում է ավելի ընդհանուր ԽԾԲ-ականության (խնամի-ծանոթ-բարեկամ) երեւույթում: Իսկ վերջինս կոչվում է հովանավորչություն, ինչը կոռուպցիայի բաղադրիչներից մեկն է:

Ի դեպ, երբ Փաշինյանը խոսում է համակարգային կոռուպցիայի վերացումից, նա հաստատ որպես դրա դրսեւորում՝ երբեւէ չի դիտարկում հովանավորչությունը: Որովհետեւ եթե դիտարկեր, ապա կտեսներ, որ 2018-ի մայիսից հետո կոռուպցիոն այդ բաղադրիչն առանձնակի ծաղկում է ապրել եւ դարձել մեր կյանքում ամենից ավելի կիրառվող եւ բացասական հետեւանքներ առաջացնող երեւույթներից մեկը:

Ի դեպ, 2018-ի ապրիլյան իրադարձությունների արդյունքներից մեկը պետք է լիներ մեր ժողովրդի սխալ արժեհամակարգային դրսեւորումներից մեկի՝ հովանավորչության վերացումը: Դրան պետք է փոխարիներ գրագետ, կրթված, արհեստավարժ եւ նվիրյալ մասնագետներով պետական կառավարման համակարգը համալրելը: Համենայնդեպս, ես այդպես եմ պատկերացրել մեր զարգացման մեխանիզմը, քանի որ տարիներ առաջ ծանոթացել էի սինգապուրյան «տնտեսական հրաշքը» կերտած Լի Քուան Յուի ինքնակենսագրականին՝ «Սինգապուրյան պատմություն. 1965-2000: Երրորդ աշխարհից դեպի առաջինը»: Սակայն արի ու տես, որ, այսպես կոչված, «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից» հետո փաշինյանական իշխանությունը ոչ թե հետեւեց այդ օրինակին, այլ վերականգնեց այն, ինչն արդեն դանդաղորեն վերանում էր մեր կյանքից: Հիշենք, օրինակ, ՀՀ երրորդ նախագահի՝ խիստ բացասական վարքագծով հանրահայտ եղբոր ներառումը հայոց խորհրդարանում, իսկ այնուհետեւ նրան հեռացնելը:  

Ի դեպ, այս հոդվածը կարող էր եւ չգրվել, եթե «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը չհետաքրքրվեր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ով: Վերջինս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է: ՊՈԱԿ-ը համալրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ առնչվող անձանցով՝ իսկական ԽԾԲ-ական շքերթ: Դրանց մեծ մասն էլ այդտեղ է տեղավորվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Իսկ այժմ պատկերացրեք՝ սոցիալական աշխատողները մեկ քայլով վերածվել են ճանապարհաշինարարների: 

Ի տարբերություն վերը հիշատակված Լի Քուան Յուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն իրեն շրջապատել է ոչ թե պրոֆեսիոնալներով, այլ ընդամենը վստահելի անձանցով: Իսկ գո՞րծը՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ կարեւորը գործը չէ, կարեւորը խոսքային մանիպուլյացիան է եւ սեփական իշխանության պահպանումը: Դա այն է, ինչ չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել նիկոլապաշտ զոմբիների ստվար զանգվածը: Չի տեսնում, որ նիկոլիզմը չարիք է, եւ դրանից ազատվելու միակ եղանակը Նիկոլին պաշտոնից հեռացնելն է: Երբ եւ ինչպես՝ կախված է նրանցից, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անկախ ու երջանիկ երկրում եւ ոչ թե վերածվել թուրքերի հպատակների:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ