Մեկը ՀԷԿ-երի շահն է սպասարկում, մեկը՝ ջրային տնտեսվարողների, մեկը՝ Սևանի օբյեկտների

Մեկը ՀԷԿ-երի շահն է սպասարկում, մեկը՝ ջրային տնտեսվարողների, մեկը՝ Սևանի օբյեկտների

«Հրապարակի» հարցազրույցը բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հետ  

- Սեւանն աղետալի վիճակում է, որպես նախկին փոխնախարար՝ Դուք ունե՞ք դիտարկումներ։

- Սեւանով պետք է լրջորեն զբաղվել, պետք են շատ լուրջ քայլեր, ոչ թե խոսել, որ «ծրագիր ենք բերում», «փող ենք բերում»։ Ինչքան ուզում է՝ փող բերեն, եթե համապատասխան կառույցներն ի վիճակի չեն աշխատելու․․․ ոչ մի բան էլ չի ստացվելու։ Շատ լուրջ խնդիրներ կան, եւ էն մարդիկ, ովքեր պետք է խնամեն, պահպանեն, տնտեսվարեն, իրենք «պատրաստ» չեն։

- Ինչո՞ւ եք «պատրաստ»-ը չակերտով ասում, եթե այդքան լուրջ մեղադրանքներ եք առաջ քաշում։

- «Պատրաստ»-ի մեջ շատ բաներ կան․ ե՛ւ կա կարողությունների լուրջ խնդիր, ե՛ւ կան նախկինից մնացած բարդութավորված մարդիկ, որ նախկինի կրողն են եղել, ե՛ւ կան մարդիկ, որոնք իներցիայով կամ ԽԾԲ-ով հայտնվել են, չգիտեն ոնց պետք է աշխատեն։ Այս շերտը բավականին հաստ է եւ կոչվում է բալաստ։ Մինչեւ այդ բալաստի հետ կոնկրետ քայլեր չանենք, ոչ մի բան չի ստացվի։ Հետո՝ կամքի խնդիր կա։

- Ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքական կամք ասելով։

- Նկատի ունեմ, որ պետք էր անցած տարի, երբ այդ խնդիրը կար, կոնկրետ ես հավաքել եմ շատ կողմերի, հատկորոշել ենք խնդիրները, կան համապատասխան փաստաթղթեր․․․ Էսօր մարդիկ փորձում են խոսել, թե անցած տարի նման բան չկար։ Բայց Սեւանի (ծաղկման) վերաբերյալ էդ տեղեկատվությունն անցած տարի էլ կար, ու դրան, այսպես ասած՝ ընթացք չտրվեց։ Ես չգիտեմ՝ համապատասխան ձեւով այդ տեղեկատվությունը վարչապետին զեկուցվել է, թե ոչ, բայց փաստն այն է, որ մենք մեկ տարի հետո նորից ունեցանք խնդիր, եւ մարդիկ փորձում են ինչ-որ բառախաղերով, չգիտեմ ինչերով ցույց տալ, որ էնպես չի, որ մեկ տարում հնարավոր էր ինչ-որ բան անել։ Իհարկե, մեկ տարին քիչ է տարիներով կուտակված խնդիրները լուծելու համար, բայց գոնե էն ուղղությունները, որոնց կոնկրետ արձանագրված մասով պետք է աշխատանք տարվեր, էդպես մնացել են։ Փոխանակ գոնե Սեւանի մասով խոսեն հատկորոշված, սեւեռուն, իրենք ավելի շատ զբաղված էին «Ընձառյուծի տարի» կոչելով։ Չգիտեմ․․․ սենց զիզի-բիզի եւ չակերտավոր բաներով են զբաղված եղել մեկ տարի։

- Բնապահպաններն ասում են, որ նախորդ տարի՝ այն ժամանակ նոր կառավարությանը զգուշացրել են, որ պետք է քայլեր ձեռնարկվեն Սեւանի համար, բայց ասել են՝ «գյուղացին մեղք է, գյուղացուն պետք է ջուր տանք, թե չէ բերքը․․․»։

- Գիտեք՝ էդ սեւ ու սպիտակ հեռուստացույցի երկու գույների բանը․․․ գյուղացին մեղք ա, սենց ա, նենց ա․․․ Եվ չեմ հասկանում՝ մենք երբեւէ պե՞տք է դուրս գանք այդ պարզունակ էմպիրիկ բաների միջից, որ, այ, եթե այսպես չանենք, այնպես կլինի։ Լավ էլ գտել են ճանապարհը, գյուղացուն սարքել են իրենց դրոշակ, բայց էնտեղ ՀԷԿ-եր են աշխատում․․․ կան մարդիկ, որոնք սպասարկում են լուրջ շահեր։ Մեկը ՀԷԿ-երի շահն է սպասարկում՝ էդ Հրազդան գետի վրայի, մեկը՝ ջրային տնտեսվարող էդ ոլորտի շահառուների շահերը, մեկը սպասարկում է Սեւանի ափամերձ տարածքի օբյեկտների շահը։

- Նախարարությունո՞ւմ, թե՞ կառավարությունում։

- Նախարարությունը, դե, տարիներով սպասարկել է այդ շահերը, հիմա էլ լիքը մարդիկ կան, որոնք դեռ սպասարկում են էդ շահերը։ Երբ հատկորոշեցինք ափամերձ տարածքների շահերը։ Օրինակ մաքրել էին կամ որոշել էին մաքրել հատկապես այն տարածքները, որտեղ փայտանյութ կա, 1901․5 մետր բարձրության վրա, իսկ այն տարածքները, որոնք ճահիճ են, իրենց «հետաքրքիր չէ»։ Երբ այդ հարցը քննարկում ես, ասում են՝ կարո՞ղ ես մեզ ցույց տալ մի հատ իրավական ակտ, որ մենք չէինք կարող գնալ էդ 1900 մետրի վրայի տարածքները մաքրենք։ Հասկանո՞ւմ եք էս մարդկանց բարոյական մակարդակը, պետությունը սուղ բյուջեից միջոցներ է հատկացնում, որ գոնե առաջնային տարածքները մաքրվեն, բայց մարդիկ զբաղվել են նրանով, ինչով որ զբաղվում են։

- Անուններ կհնչեցնե՞ք՝ ովքե՞ր են սպասարկում Նոր Հայաստանում ՀԷԿ-երի շահերը։

- Ես միշտ խուսափում եմ, ես ավելի շատ վերհանել եմ այդ գործընթացները, եւ որոշ մասերով արդեն համապատասխան մարմինները զբաղվում են՝ սկսած դատախազության պետական շահերի պահպանության վարչությունից։ Շատ լուրջ։ Ամեն դեպքում լավ չհասկացա՝ կառավարությո՞ւն, թե՞ նախարարություն։

- Ամեն դեպքում լավ չհասկացա՝ կառավարությո՞ւն, թե՞ նախարարություն։

- Կարծում եմ՝ վարչապետը կամք ունի, ուզում է փոխել։ Բայց մյուսները․․․ դրա համար ես հրաժարական տվեցի։ Շրջակա միջավայրի նախարարությունը, բնապահպանական տեսչությունն ավելի շատ զբաղված են ժամանակ շահելով։ Նույն անտառների թեման, որ կա, սա մի՝ երեւացող կողմն է։