Զբաղված եմ եղել պապիս՝ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակով

Զբաղված եմ եղել պապիս՝ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակով

Թավշյա հեղափոխությունից հետո քանիցս արծարծվում էր այն հարցը, որ 2008թ․ ՀՀ նախագահի վիճարկվող ընտրություններից հետո  Երեւանի Ազատության հրապարակում  ժողովրդին միացած եւ դրա հետեւանքով աշխատանքից ազատված դիվանագետները պետք է վերականգնվեն իրենց նախկին աշխատանքում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դեռ ամիսներ առաջ էր  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հանձնարարել զբաղվել այդ հարցով։ 

Այս ընթացքում նախկին դիվանագետներից միայն ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար։ 
Նախկին դիվանագետներից Մարթա Այվազյանից, որը մինչեւ աշխատանքից ազատվելը ԱԳՆ-ում զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի բաժնի վարիչի պաշտոնը, հետաքրքրվեցինք, թե թավշյա հեղափոխությունից  հետո իրեն արվե՞լ է առաջարկ՝ վերադառնալու արտգործնախարարություն։ 

«Անհատական մոտեցումներ են։ Այնպես չէ, որ բոլորը ցանկանում  են վերադառնալ համակարգ։ Դա կախված է նաեւ մեր ցանկություններից։ Եղել են հանդիպումներ, քննարկումներ։ Ամենքս էլ ստացել ենք որոշակի առաջարկներ, հիմա այդ ամենն ընթացքի մեջ է։ Այս ընթացքում ես զբաղված եմ եղել պապիս՝ նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակի հարցերով»,- արձագանքեց Մարթա Այվազյանը։