Երբ թատրոննները բացվեն, դերասանները կհամարձակվե՞ն մոտենալ իրար

Երբ թատրոննները բացվեն, դերասանները կհամարձակվե՞ն մոտենալ իրար

Անհատ ու ազատ ստեղծագործողները համավարակի պատճառած վնասներն իրենց մաշկի վրա են զգում: Որեւէ կառույցից չեն սնվում, առավել եւս՝ պետական աշխատավարձ չեն ստանում. նրանց գործունեությունը տարբեր համագործակցությունների վրա է հիմնված: Կարճ ասած՝ իրենք իրենց գլխի տերն են: Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանը հենց այդ արվեստագետներից է: Նրա բեմադրություններին թատերասեր հանրությունը ծանոթ է: Ձեռագիրը շատ է տարբերվում. հայկական ստանդարտներից դուրս, թեթեւ, բայց, միեւնույն ժամանակ՝ խորքային, դինամիկ ու անմիջական ներկայացումներ են: Համազգային, Մալյան, Կամերային երաժշտական թատրոններում Ժիրայր Փափազյանի բեմադրությունները խաղացանկային են:  

Արեւմտահայերենը հոգեվարքի մեջ է, արեւմտահայերենը կորցնում ենք. ընդունենք, թե չընդունենք՝ սա դառը ճշմարտություն է: Եվ, ահա, Ժիրայր Փափազյանը Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դերասանական երկրորդ կուրսի հետ արեւմտահայերեն է պարապում. փորձնական ծրագիր է: Ցավալի է, բայց այսօր դերասանների միջին ու երիտասարդ սերունդն ավելի հեշտությամբ օտար լեզվով կխաղա, քան արեւմտահայերեն: Հենց այդ պատճառով էլ սփյուռքահայ բեմադրիչին առաջարկ է արվել կրթական՝ այդ բացթողումը լրացնելու փորձ անել: Իսկ հիմա տեսնենք՝ արտակարգ դրության պայմաններում Ժիրայր Փափազյանն ինչով է զբաղվել, ինչ պիեսներ կառաջարկի, մեզ, եւ առհասարակ, ինչ մտքեր են եկել ու գնացել այս ընթացքում:

Նրա հետ զրույցը հնարավոր է դարձել տեսակապի միջոցով:

- Պարոն Փափազյան, լավ մարզավիճակում եք, կարծես, Ֆեյսբուքում էլ պարբերաբար ներկայացնում եք Վահան Թեքեյանի գրական ժառանգությունը: Իսկ Ձեր ուսանողների հետ արեւմտահայերեն շարունակո՞ւմ եք առցանց պարապել:  

- Պարապում եմ, բայց՝ անհատապես: 12 ուսանողների հետ միաժամանակ աշխատելը հնարավոր չէ: Մե՛կ կապն է ընդհատվում, մե՛կ ինչ-որ մեկի ձայնն է կորչում. առավել եւս բեմադրություն այդկերպ ներկայացնելը հնարավոր չէ: Ուսանողներս պետք է արեւմտահայերեն խաղային, բայց համավարակը խանգարեց: Ստիպված՝ պետք է առցանց արեւմտահայերեն բեմադրական խոսքի քննություն հանձնեն: 

- Այս ընթացքում թատրոնները փակ էին, բայց առցանց ներկայացումներով նրանք փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել: Կամերային երաժշտության թատրոնը Ձեր «Ննջասենյակային զավեշտը» եւս տեղադրեց սոցցանցերում: Ահագին դիտումներ ունեցավ ներկայացումը: Հետեւե՞լ եք:

- Այո, տեսա: Առաջին օրը «Ննջասենյակային զավեշտը» մոտ 4 հազար դիտում է ունեցել: Ուրեմն թատրոնով հետաքրքրվողները քիչ չեն: Դահլիճը 180 տեղանոց է, քանի՞ անգամ պիտի խաղայինք, որ 4 հազար հոգի տեսներ: Այնպես որ, առցանց ներկայացումների գաղափարը վատ չէր:

- Գաղափարը վատ չէր, բայց հնարավոր չէ այդպես երկար շարունակել: Ի վերջո, ոչ բոլոր թատրոններն իրենց արխիվում տեսագրած ներկայացումներ ունեն: Բացի այդ, թատրոնը կենդանի արվեստ է, թատրոնին շունչ ու ոգի տվողը հանդիսատեսն է: Չե՞ք կարոտել հանդիսատեսին, բնականոն կյանքին վերադառնալ չե՞ք ուզում:

- Այն էլ ինչպես եմ ուզում: Չգիտեմ՝ երբ նորմալ ընթացքին կվերադառնանք, բայց այսպես երկար չի կարող շարունակվել: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ եթե անգամ հայտարարվի, որ թատրոնները կարող են բացվել, չեմ պատկերացնում՝ դերասանները կհամարձակվե՞ն մոտենալ իրար. համբույրի, գրկախառնության տեսարաններ կլինե՞ն արդյոք: Կոնկրետ իմ ներկայացումներում նման տեսարանները քիչ չեն: Թերեւս երկու-երեք տարի հետո դրանք կտեսնենք բեմի վրա: Գրողը, նկարիչը՝ այսպես թե այնպես, առանձնացած են ստեղծագործում, բայց թատրոնի մարդու դեպքում ամեն ինչ ուրիշ է. նա պետք է համագործակցի, թիմային աշխատանքի մասնակցի: Թատրոնը թիմ է: Մենք չենք կարող տանը պարփակվել ու աշխատել: Մենք անսամբլային աշխատանքի կարոտն ենք քաշում, ուզում ենք ֆիզիկապես հանդիպել իրար ու միասին մի գործ անել: Առցանց աշխատելն արդյունավետ չէ: Անկեղծ ասած՝ ես շփոթված վիճակում եմ ու հոռետես եմ: Ե՞րբ կվերականգնվի մեր բնականոն կյանքը: Խիստ կասկածում եմ, թե դա շուտով տեղի կունենա:

- Չէի պատկերացնի, որ այդքան կենսուրախ, թեթեւ բեմադրությունների հեղինակն այսքան ընկճված ու հուսալքված կլինի: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հարկադիր պարապուրդի ամիսներն արդյունավետ եք օգտագործել: Ճիշտ չե՞մ:

- Ցավալի է, որ նախքան այս համավարակը որոշ ծրագրեր կային. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բերնարդ Շոուի պիեսը, Մալյանի թատրոնում ֆրանսիական աբսուրդի ժանրի մի պիեսի բեմադրական աշխատանքներն էինք արդեն ուզում սկսել: Էմին Թորոսյանն ուզում էր, որ ես Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրություն անեմ: Ամեն ինչ օդում կախված մնաց: Կարդում եմ, փորփրում, հին նյութերը վերանայում, հետաքրքիր բաներ գտնում: Անշուշտ, պարապ չեմ մնացել: Այս ընթացքում միտքս հատկապես կենտրոնացել է այն պիեսների ուղղությամբ, որոնք հնարավոր կլինի կորոնավիրուսային մեր կյանքում բեմ բարձրացնել, որովհետեւ չեմ կարծում, թե մենք այդ վիրուսից հեշտ պրծնենք: Այսինքն՝ դրանք այնպիսի պիեսներ են, որոնք ինտիմ հարաբերություններ, գրկախառնություն, միմյանց կիպ կանգնել, համբուրվել չեն պահանջում: Տանը նստած՝ երեւակայությամբ պիեսներ եմ բեմադրում, անգամ տեսնում եմ այն դերասաններին, որոնք կհամապատասխանեին իմ ընտրած պիեսների կերպարներին:

- Եվ ի՞նչ պիեսներ են դրանք:

- Դասականներ՝ Շեքսպիր, Մոլիեր, Լեւոն Շանթ: Եվ ամենակարեւորը՝ պետք է դուրս գալ փակ տարածքներից, փակ դահլիճներից, գնալ բնության գիրկը: Ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում բացօթյա հրաշալի տարածքներ կան, տեսարժան վայրեր, այգիներ, պուրակներ, որտեղ կարելի է դասականներին բեմադրել՝ դերասաններին միմյանցից ոչ թե մեկ-երկու, այլ 10 մ հեռավորության վրա կանգնեցնելով: Դրանք մեծակտավ պիեսներ կլինեն, ոչ թե կամերային, մտերմիկ գործեր: Այդկերպ ե՛ւ սոցիալական հեռավորությունը կպահպանվի, ե՛ւ կարծրատիպերը կջարդվեն, ոչ ստանդարտ արվեստ կներկայացվի: Ամբողջ աշխարհում բացօթյա փառատոները, ներկայացումները շատ ընդունված են. այստեղ էլ պետք է այդ ձեւաչափը կիրառենք, այդ մշակույթն ավանդական դարձնենք: Պատկերացնո՞ւմ եք՝ զբոսաշրջիկներին որքան կհետաքրքրի դա: Մարդիկ նստում են ազատ, որտեղ ցանկանում են. չկա որեւէ պայմանականություն, իսկ նրանց լայն տեսադաշտում խաղում են Շեքսպիր կամ Մոլիեր: Տաք ամիսներն առջեւում են, կարելի է օգտագործել այդ հնարավորությունը, այդպես նաեւ կորոնավիրուսի ժամանակներում մշակութային կյանքը կաշխուժանա, հետաքրքիր կդառնա, արվեստը դուրս կգա բաց երկնքի, արեւի տակ: Ի վերջո, պետք է հաշտվել, որ համավարակը երկար ժամանակ մեզ հետ ապրելու է. պետք է սովորել նրա առկայության պայմաններում, նրա պարտադրանքները հաշվի առնելով՝ ստեղծագործել, նոր ոճով, նոր շնչով աշխատել: 

- Առաջարկե՞լ եք Ձեր մտահղացումները մշակույթի ոլորտի պատասխանատուներին:

- Ես այս գաղափարն առաջարկել եմ փոխնախարար Արա Խզմալյանին: Անընդհատ կապի մեջ եմ մյուս փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ: Այն, ինչ առաջարկում եմ, նորություն չէ: Կրկնում եմ՝ աշխարհում ընդունված ձեւաչափ է սա, վատ չէր լինի, եթե մենք էլ դա կիրառեինք: 

- Այսինքն՝ Դուք մտածում եք, որ պետք է լիարժեք ու լիովին սկսենք պատրաստվել փոփոխությունների, նորարարությունների, քանի որ կորոնավիրուսը թույլ չի տա հին կյանքին անցնել: 

- Այո, ես չեմ էլ պատկերացնում՝ կգա՞ այն օրը, երբ Համազգայինում իմ «Արի երազենք»-ը, Կամերայինում՝ «Ննջասենյակային զավեշտ»-ը, «Կարինե»-ն՝ օպերային թատրոնում, Մալյան թատրոնում՝ «Ատամնաբույժը… նորե՞ն»-ը նորից տեսնեմ: Ախր, իմ բեմադրություններում դերասանները հաճախ են դիպչում իրար. ինտիմը շատ է: 

- Համավարակն անսովոր առօրյա, անսովոր կենսակերպ ու հոգեբանություն պարտադրեց մեզ: Որպես բեմի մարդ՝ ի՞նչ եք կարծում, նոր պիեսի թեմա չի՞ կարող այն դառնալ: 

- Անշուշտ, կարող է, ինչո՞ւ ոչ: Ես գրող չեմ, պիեսներ գրել չեմ կարող, ես համագործակցում եմ պիես գրողների հետ, օրինակ, եթե կորոնավիրուսի թեմայով պիես գրվեր՝  հատկապես թատերական աշխարհը՝ կորոնավիրուսի ժամանակ, սիրով կբեմադրեի: Կարելի է ներկայացնել արվեստագետների, իմ տարիքի մարդու հուսահատությունները, առօրյան կորոնավիրուսի ժամանակ: Կյանքիս վերջին փուլին եմ հասել. մտածում եմ՝ կարո՞ղ է թոշակի անցնեմ՝ առանց նոր բան անելու: Ուսումնական տարին վերջացավ, չէ՞. այն երիտասարդը, որ թատերականն ավարտեց ու երազում էր իր առաջին դերի մասին, այսուհետեւ տանը նստելու է ու սպասի, բայց ինչի՞ն, ինչքա՞ն՝ ինքն էլ չգիտե: 

- Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ ծանր վիճակում են անհատ ստեղծագործողները: Թատրոնները, նվագախմբերը միասնաբար են աշխատում, բացի այդ, մեծ մասամբ ներգրավված են պետական կառույցներում եւ հարկադիր պարապուրդի ժամանակ թեկուզ քիչ, բայց պետական աշխատավարձ են ստացել: Իսկ ի՞նչ ասեն անհատ արվեստագետները:

- Ես պատկերացնում են նրանց վիճակը: Այդ արվեստագետները համագործակցում են տարբեր խմբերի ու կառույցների հետ: Ես էլ մտածում եմ՝ ի՞նչ է լինելու նրանց հետ: Օրինակ՝ իմ առաջարկած բացօթյա ներկայացումները բեմադրելիս նրանք կարող են աշխատել. ե՛ւ նոր բեմադրություններ կստեղծվեն, ե՛ւ այդ մարդիկ աշխատանք կունենան:

- Պարոն Փափազյան, Դուք նաեւ դերասան եք: Երբեւէ չե՞ք ցանկացել ինքներդ խաղալ:

- Իհարկե, ցանկացել եմ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ինձ դեր առաջարկել: Բոլորն ասում են, որ ես արեւմտահայի շեշտադրումներ (ակցենտ) ունեմ: Այդ կարծրատիպային մտածողությունը պետք է ջնջել: Ես ուզում եմ դրա մասին հայտարարել՝ ընկերնե՜ր, ամոթ է, որ դուք սահմաններ եք քաշում Հայաստանի եւ Սփյուռքի դերասանների միջեւ: Միայն պիտի Հակոբ Պարոնյան լինի, որ ասեն՝ եկեք խաղացեք, ուրիշ ոչ մի թատրոնում, կինոյում, անգամ սերիալում չեն հրավիրում սփյուռքահայ դերասաններին, անգամ եթե նրանք ինձ նման այստեղ՝ Հայաստանում են ապրում: Խորհրդային ժամանակներում նման երեւույթ չկար. հապա հիշեք՝ քանի՜-քանի հայրենադարձ դերասաններ են խաղացել թատրոններում ու ֆիլմերում: Իսկ մերօրյա հայ իրականությունը պատճառաբանում է, թե արեւմտահայի շեշտադրություն ունենք: …Չգիտեմ. աշխատել, ստեղծագործել եմ ուզում: Ուզում եմ պատկերացրածս պիեսները բեմ հանել: Միայն այդկերպ հուսահատությունս կլքի ինձ: 

Զրուցեց ՆԱԻՐ ՅԱՆԸ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ