Հայաստանը լաթ չէ, Նիկոլն էլ  արդուկ,  որ ոնց ուզի՝  արդուկի․․․

Հայաստանը լաթ չէ, Նիկոլն էլ  արդուկ,  որ ոնց ուզի՝  արդուկի․․․

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը  պետք է ընդունի, թե ինչ խոր փոսի մեջ է նետել Հայաստանը, եթե տեղյակ չէր փորվող փոսի խորությանը։ Թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Չնայած բանակցությունների գործընթացում դրական դինամիկա է նկատվում եւ համաձայնագրի նախագծի զգալի մասը հանմաձայնեցված է, Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունները նախկինի պես պահպանվում են Հայաստանի Սահմանադրությունում եւ մի շարք այլ նորմատիվա-իրավական ակտերում։

Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի Հանրապետության հանդեպ։ Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»։ Այսինքն Սահմանադրությամբ ոչ միայն Հայաստան- Ադրբեջան տարածքային պահանջները պիտի ամրագրել, այլ պետք է բավարարել Թուրքիայի պահանջը՝ հրաժարվել հայոց ցեղասպանությունից և աշխարհի պետությունների առաջ, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը, Հայաստանը  դարձնել  լաթ։ Նիկոլ Փաշինյանը նմանվում է նրան,  ով բահն առած փորում է Հայաստանի գերեզմանը, որպեսզի կարողանա պահպանել սեփական անգոյությունը։ Վեց տարի է՝ փորում է Հայաստանի փոսը ու այսօր խորությունն ընկալելն անգամ ահավոր է։ Այնքան խորն է փորում ու հիմնավոր, որ Հայաստանը երբևէ, եթե անգամ շտկի մեջքը , չկարողանա դուրս գալ այդ փոսից։ Բայրամովի հայտարարությունը Հայաստանի համար նորություն չէ։ Վեց տարի նույն հայտարարությունը կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արդեն հասկանում եք, թե ինչու վիզ դրած Սահմանադրական դատարանի կազմը փոխեց, , դատական ողջ համակարգը «իր վրայով ձևեց» , Հայաստանի դարպասների բանալիները հանձնեց թշնամուն, երկիրը կազմալույծ արեց ու այսօր գնդակը փոխանցել է Բայրամովին, որպեսզի նա վերջակետը դնի Հայաստանի գոյության։

Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն էր, որ Թուրքիայի թևերը բացեց և Արցախում նոր ցեղասպանություն կազմակերպվեց։ Ցեղասպանությունից հետ կանգնելը Հայաստանը տանելու է նոր ցեղասպանության։ Դա շատ լավ գիտե Նիկոլ Փաշինյանը և անվրեպ առաջ է գնում։ Այսօր կործանման շեմին գտնվող երկիրը փրկելու փոխարեն Նիկոլ փաշինյանը հեծանիվով չափում է այն բոլոր տարածքները, որ պիտի հանձնի Ադրբեջանին․․․ Հեծանվի ուղղությունը հանձնման  քարտեզն է՝ միամտացնելով մարդկանց, որ ինքը այս ամենից հեռու մի հեծանվորդ է․․․