Ե՞րբ կոտրվեցինք

Ե՞րբ կոտրվեցինք

Ո՞ր պահից սկսվեց մեր պարտության «հաղթարշավը»։ Ե՞րբ կոտրվեց մեր ողնաշարը, ե՞րբ հանձնվեցինք թուրքի-ադրբեջանցու ողորմածությանը, իսկ հայացքներս ուղղեցինք մե՛կ դեպի հյուսիս, մե՛կ դեպի արեւմուտք՝ աղերսելով, որ գան եւ մեզ պաշտպանեն սելջուկ-ասպատակողներից։ Ոչ, դրա կուլմինացիան 2020 թվականի պատերազմն ու պարտությունը չէին կամ էլ՝ նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթը։ Դա շատ ավելի ուշ տեղի ունեցավ։ Մենք դեռ երկար ամիսներ փորձում էինք ոտքի կանգնել, պայքարել,  իշխանություն փոխել, մեջքներս շտկել։ Դա եղավ դանդաղորեն, երբ բանակի գեներալիտետին կոտրեցին, նրանց պահանջն արհամարհելով եւ նրանց հատ-հատ վռնդելով բանակից, իսկ նրանք դրա դեմ չընդվզեցին։ Դա եղավ այն ժամանակ, երբ երկրում գործող բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ երկու կաթողիկոսները, հայտնի գործարարները, գիտնականներն ու դասախոսները, բժիշկներն ու ուսուցիչները միահամուռ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն կամաց-կամաց հաշտվեցին նրա գոյության հետ եւ անգամ սկսեցին համագործակցել իշխանությունների հետ՝ այդ ինստիտուտները «բարեփոխելու» հարցում։

Դա եղավ այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը գիտակցեցին իրենց անկարողությունը իշխանություն փոխելու հարցում, մասնակցեցին ընտրություններին ու անգամ մանդատները վերցնելով գնացին խորհրդարան, բայց ոչ թե իրենք «դժոխքի վերածեցին» ՔՊ-ի կյանքը, այլ ՔՊ-ն դժոխքի վերածեց իրենց կյանքը։ Բայց մեր խեղճության կուլմինացիան, ըստ իս, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն էր՝ 21-ի օգոստոսին, երբ իշխանության առաջին դեմքերը համոզում էին, որ այդ ճանապարհի 21 կիլոմետրը պատկանում է Ադրբեջանին, եւ մենք չկոտրեցինք այդ ճանապարհին հայտնված ազերիների գլուխն ու չապամոնտաժեցինք անցակետը։ Բնականաբար, հաջորդը լինելու էր Բերձորը։