Գյումրու «Կումայրի» ոստիկանության բաժնից գիշերը տեղի ունեցած խոշոր միջադեպը չեն մեկնաբանում

Գյումրու «Կումայրի» ոստիկանության բաժնից գիշերը տեղի ունեցած խոշոր միջադեպը չեն մեկնաբանում

Երեկ ուշ երեկոյան անդրադարձել էինք Գյումրիում տեղի ունեցած խոշոր միջադեպին՝ ոստիկանների եւ քաղաքացիների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ականատեսների պատմելով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ  ոստիկանները մոտեցել են մի երիտասարդի եւ պահանջել փաստաթուղթ՝ դիմակը ոչ պատշաճ կրելու համար: Երիտասարդը փողոցում է գտնվել կնոջ եւ մոր հետ, ավելին՝ գիրկը մանկահասակ երեխան է եղել, երբ ընդդիմացել է ոստիկաններին և քաշքշուկ է սկսվել: Քաշքշուկին  մասնակցել են անցորդները, տեղի է ունեցել մեծ իրարանցում:

Այսօր տեղեկացանք, որ Գյումրու «Կումայրի» ոստիկանության բաժնի աշխատակիցներն ամեն գնով բերման են ենթարկել երիտասարդին, եւ ըստ շշուկների, կան նաև այլ բերման ենթարկվածներ:

Դիմեցինք «Կումայրի» ոստիկանության բաժին՝ պարզելու արդյոք ճիշտ է տեղեկությունը, սակայն հերթապահ ոստիկան պ.Սարգսյանը մեզ ուղղորդեց տեղեկություն ստանալ Շիրակի  ոստիկանության վարչությունից:

«Ես չգիտեմ եւ որևէ տեղեկություն չեմ կարող տալ, ճիշտ կլինի ոստիկանության լրատվական բաժնից պարզաբանեն, կամ տեղեկություն կարող եք ստանալ Շիրակի մարզի  վարչությունից»,- պատասխանեց նա:

Շիրակի մարզային վարչությունից նույնպես հրաժարվեցին տեղեկություն հաղորդել. «Դա միայն լրատվական բաժինը կարող է մեկնաբանել»,-ասաց հերթապահը: Ոստիկանության  լրատվության բաժնի հետ մեզ առայժմ կապ հաստատել չհաջողվեց: