Հովհաննես Թումանյանը` հոգեւորի ու ազգայինի պաշտպանության առաջնագծում

Հովհաննես Թումանյանը` հոգեւորի ու ազգայինի պաշտպանության առաջնագծում

Արդեն երեք տարի է, ինչ մեր ազգային արժեքների դեմ արշավ է սկսվել։ Նա, ով այս իրողությունը չի խոստովանում, կա՛մ  դավաճան է, կա՛մ առնվազն գլոբալիստական հովերով տարված մոլորյալ, կա՛մ էլ հանուն անձնական բարեկեցության՝ նյութականից բացի այլ արժեհամակարգ չընդունող «մոլորյալ»։ Նույնիսկ բոլոր ազգերի ձուլումը պատկերացնող Միքայել Նալբանդյանն ասում էր, որ քանի դեռ որեւէ ազգ հանդես է գալիս յուր դրոշի տակ, Հայաստանը նույնպես պիտի հանդես գա յուր ազգային դրոշի տակ։ Արձանագրելով համաշխարհային գրականության ու մշակույթի վիթխարի դերը մարդկության, բոլոր ազգերի հոգեւոր զարգացման ու հարստացման գործում` Մ. Նալբանդյանն արժեւորում է ազգային գրականությունն ու մշակույթը՝ «Ուրիշի հացը փոր չի կշտացնում»։

Մեր հայրենիքը զավթած անհայրենիք իշխանությունները ազգայինի դեմ պայքարում չկարողացան հաղթանակ արձանագրել։ Կորցրինք Արցախը, ամեն օր ու ժամ կորցնում ենք մեր հայրենիքի այս կամ այն հատվածը, ամեն օր ու ժամ հարվածում են մեր գոյության հիմքերին, բայց դեռ կանք։ Այ, եթե այստեղ իշխանությունները նույն «հաջողությունն» արձանագրեին, ինչ պատերազմում, մենք չէինք լինի, բայց քանի դեռ մեր մեջ զգում ենք Մաշտոց ու Խորենացի, Նարեկացի ու Չարենց, Կոմիտաս ու Թումանյան, Անդրանիկ ու Նժդեհ, Ղեւոնդ Երեց ու Խրիմյան Հայրիկ եւ բազում այլ մշակութային գործիչներ, մենք կանք ու կլինենք։ Քանի դեռ գոյություն ունեն, քանի դեռ չեն ոչնչացվել հոգեւոր Հայաստանը, մեր ազգային ինքնությունը, մենք կհարատեւենք, կունենանք մեր երկիրը, մեր պատմությունը, մեր մշակույթն ու գիտությունը, մեր գիրն ու գրականությունը։

Հոգեւորի ու ազգայինի պաշտպանության առաջնագծում այս երեք տարիներին կանգնած էր Թումանյանը՝ ամենից ազգայինը, մեր «լավաշ հացը»։ Նրա երկերը եւ թեւավոր խոսքեր դարձած իմաստնություններն ու պատգամները բազմիցս հնչեցին ազգի ամենատարբեր շերտերից` բազմաթիվ մտավորականների, գիրքը գնահատող ընթերցողների կողմից։ Ըստ Թումանյանի՝ մեր հոգու դառնացածության պատճառներից գլխավորը դարեր շարունակ պետականության բացակայությունն  ու օտարի լծի տակ լինելն էր. «Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում է ու փչանում։ Էսպես է բնության օրենքը... Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում... Էնպես դառնանում ու դաժանանում է ե՛ւ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը»։

Մեկ այլ առիթով Թումանյանն արձանագրում է․ «Թույն կա, դառնություն կա էս ժողովրդի հոգու մեջ։ Պարզ է, թե որտեղից պետք է լինի էդ դառնությունը։ Չէ՞ որ անցյալիցն է ստեղծված մարդը»։

«Դառնացած ժողովուրդ» հոդվածում Թումանյանն առաջարկում է ազգային հիվանդությունը՝ չկամության ու նախանձի ախտը բուժելու ճանապարհը՝ ապաշխարանքը. սեփական մեղքի  ու թերությունների գիտակցումը՝ իբրեւ փրկության ուղի. «Մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն  ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»։

Ներկա քաղաքական իրողություններում շատերը հիշեցին Թումանյանի հերոսներին, տեսան նրանց քաղաքական կյանքի բեմահարթակի վրա։ Իհարկե, առաջին տեղում աթոռներ զավթած ամբարտավան քաջնազարներն են։ Ոմանք էլ հիշեցին «Սասունցի Դավիթը»՝ թե՛ Դավթի, թե՛ Ձենով Օհանի փնտրտուքով։ Մսրա Մելիքին համեմատեցին Ալիեւի հետ, որ միայն խաբեությամբ կարողացավ Դավթին «Քառսուն գազ խոր հորը» գցել, ջաղացքար դնել վրան, որից հետո «հա՛, հա՛, հա՛, հա՛, քահ-քահ» ծիծաղել մեզ վրա։ Եվ այսօր մեծանում է ձենովօհանների դերը, միայն նրանք կարող են աշխարհի բոլոր ծայրերից գոռալ եւ արթնացնել Դավթին։ Օհանը հորում գտնվող մեր դյուցազնին արթնացրեց ազգային արժեքների հիշատակումով, անմահ պատարագի խաչով, Տիրամոր, Մարութա Աստվածածին վանքի անուններով։ 
«Ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ»,- ասում է Թումանյանը։ Եվ իրոք, էպոսի հեղինակն ինքը՝ ժողովուրդն է, եւ այնտեղ պետք է փնտրի պարտության պատճառներն ու փրկության բանալին։

Ուշագրավ է, որ Սյունիքի տարածքների հանձնումը ոմանց հիշեցնում է «Չարի վերջը»՝ կկվի կողմից իր ձագերին աղվեսին հանձնելը։ Եվ ծագում է տեղին մի հարց՝ ո՞ւր է մեր ագռավը, որ հիմար կկվին թույլ չտա հավատալ աղվեսի ստերին, որ չունի կացին, իսկ սարն էլ ամենքիս է հավասար։ Բայց ագռավն ի՞նչ անի, եթե դավադիրը ներսից է, եւ աղվեսի կացինը հենց մեր իշխանությունն է։ Ինչ վերաբերում է թշնամուն տրվող մեր ճանապարհներին, Թումանյանը, դիմելով հողատու դավադիրներին, կասեր. «Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն, մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց... նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար՝ աղուհաց...»։

1917թ. դեկտեմբերի 23-ին, ի պատասխան Անդրանիկի կոչին, Թումանյանը գրել է. «Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու եւ թե՛ բաղձալի խաղաղությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետեւաբար ոչինչ չեմ խնայել»: Ահա, այսպես էր վերահաս վտանգին դիմագրավում բանաստեղծը, տալիս էր ամենաթանկը՝ զավակների կյանքը։ Սա արդեն վերմարդկային, աստվածային զոհաբերություն է։ Հենց սրանով է Թումանյանը դարձել զոհաբերության խորհրդանիշ։ Նա մատաղ արեց իր զավակներին, եւ նրա մատաղն ընդունելի եղավ։ Բանաստեղծի Արտավազդ որդին դարձավ Վանի վերջին պարետը, Վանից դուրս եկող վերջին հայն ու ցեղասպանության հերթական զոհը։ Այնպես որ, որդեկորույս Թումանյանն այսօր ամենից լավ կզգար Խաչիկ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Դավիթ Ամալյանի եւ  նրանց բախտակից հազարավորների վիշտը։ Այնպես, ինչպես Թումանյանն է հոգեհանգիստ կարդացել մի ամբողջ ժողովրդի, չէր կարող ոչ ոք. 

- Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր եւ անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

Այն օրերին Թումանյանի հետ Եփրատն ու Տիգրիսն էին սաղմոսներ կարդում, այսօր Թումանյանին կմիանային Թարթառն ու Արաքսը, իսկ կրակ առնելով հայոց հրդեհի բոցերից՝ նա կվառեր արդեն ոչ թե Նեմրութն ու Սիփանը, այլ՝ հայոց Արցախ աշխարհի կերոնները՝ Արցախի լեռները՝ Մռավն ու Օմարը, Սպիտակասարն ու Մեծ Քիրսը։ Դարձյալ կկրկներ նույնը. «Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...»։

Այսօր շատերն են դժգոհում, որ չկան այնպիսի հեղինակություններ, որ իրենց ետեւից տանեն ամենքին։ Գուցե կարելի է եւ համաձայնել, բայց չէ՞որ կա Թումանյանը, նա ամեն ինչ ասել է այսօրվա մասին, նշել է փրկության ուղիներ, նա շատ ավելի արդիական է, քան որեւէ մեկը մեզանում։ Այնպես որ, պետք է բարձրաձայնել  եւ մեկնել նրա յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, ստեղծագործությունների ենթատեքստը։ Այսօր ազգովի պիտի նստենք ու կարդանք «Անխելք մարդը» հեքիաթը եւ հասկանանք, թե ինչու գայլը կերավ մարդուն։ Հեքիաթ է, թվում է՝ երջանիկ ավարտ պիտի ունենար, մինչդեռ Թումանյանը տգիտության՝ չարիք լինելն արձանագրելու, իր ազգին մշտապես զգոն ու խոհեմ տեսնելու մղումով՝ մարդուն, որի միակ մեղքը հիմար լինելն էր, դարձնում է գայլի կեր։ Խոստովանենք՝ համընդհանուր հիմարացում էր. ինչո՞ւ հավատացինք մեկին, ով տարիներ շարունակ հային բաժանում էր հայից՝ ասելով «արցախցի ու հայաստանցի», ով մարտի 1-ին բռնության կոչեր էր անում, ում սիրտը փառավորվում էր ոստիկան ծեծելիս, ում ծեծում էին, որովհետեւ ապրուստի միջոցը սուտն էր ու շանտաժը, ինչո՞ւ հավատացինք, որովհետեւ նոր սուտ էր հորինել՝ իբր թավշյա է ու սուրբ, Քրիստոս ու Հռոմի պապ, իսկ, ինչ է՝ մոռացե՞լ էինք, որ «Կարմիր կովը իր կաշին չի փոխում»։ Արդյունքում ունեցանք սարսափելի ողբերգություն։ Չեմ ուզում պատկերացնել այն որդեկորույս ծնողի վիճակը, ով գիտակցել է, որ եթե սխալ ընտրություն չկատարեր, չէր լինի պատերազմ, այսօր իր որդին ողջ կլիներ, ով զգում է, որ ինքն ակամա մասնակիցն է իր որդու սպանությանը՝ ցեղասպանված իր ընտրյալի՝ արտաքին թշնամու հետ կնքած դաշինքով։ Դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը կխոստովանի իր մեղքի բաժինը հարազատի կորստյան մեջ. չէ՞ որ Մարոյի ծնողները, երբ նրա շիրմի առջեւ ողբում էին, չէին հասկանում, որ այդ իրենք կործանեցին իրենց դստերը, ու դեռ հարցնում էին․ «Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջան, ո՞վ անիծեց, Մարո ջան»։ Չէին հասկանում, որ այդ իրենք երեխային մղեցին ինքնասպանության՝ ամուսնացնելով նրան, երբ «չկար ինը տարեկան»։ Չեն հասկանում, այդ պատճառով էլ նրանց ողբերգությունն էլ նույնքան խորն է, որքան Մարոյինը։ Անխելքն առաջին հերթին իրեն է վնասում։ Ազգովի վազեցինք անտես-անհայտ բախտի ետեւից,  չգնահատեցինք այն, ինչ արդեն ունեինք՝ հաղթած ազգի արժանապատվություն, եւ ազգովի պատժվեցինք՝ գորշ գայլերի բերան տալով մի ամբողջ սերունդ։ Գուցե պատիժը շատ է դաժան, բայց թումանյանական իմաստնությունը  հազար ու մի ձեւերով, գեղագիտության ու հրապարակախոսության օրենքներով անվերջ հաստատում է կյանքի ճշմարտությունը՝ հիմարությունը պատժվում է միշտ։ Փրկության ուղիներից մեկն էլ մեր մեղքի գիտակցումն է  ու խոստովանությունը, որն ուշանում է, որովհետեւ թեւաթափ ենք, որովհետեւ դժվար է խոստովանել, որ մենք մաս ունենք մեր անմեղ հարազատների թափված արյան մեջ, մեր հայրենիքի զգալի մասի կորստյան մեջ։ Մի՞թե հնարավոր է հաղթահարել այսպիսի ողբերգությունը։ Դադարենք լինել անխելք եւ գայլի կերակուր չենք դառնա, չգնանք սին պատրանքների, անորոշ բախտի ետեւից եւ այլեւս հայրենիք չենք կորցնի։
Համընդհանուր հուսահատություն է։ Մի երեւույթ, որ Թումանյանն անվանում էր «հրեշավոր», քանի որ այն միշտ ուղեկցվում է անվերջանալի հոգեկան տագնապներով. «Հուսահատությունը լավ բան չէ... ամեն մի դժվարություն պետք է հաղթահարել… Էս նեղ օրերին լեն օր էլ կա, կգա մի օր, կապրենք ու կտեսնենք…»։ «Ոսկի բանալին» հեքիաթում Լուսմերիկն անտառապահին ասում է. «Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք բան է»։ 

Վստահ ենք, այսօր նույնպես Թումանյանը, ինչպես հեռավոր 1915-ին, ի զորու կլիներ հուսադրել իր ժողովրդին, նախ հիշեցնելով, որ «կառավարությունները ժամանակավոր են ու փոփոխելի, ժողովուրդները՝ մշտական ու անփոփոխ»։
Թուրքական ու լրտեսական 5-րդ շարասյունը քաոսի է վերածել երկիրը, դժվարացել է մեկմեկու վստահելը։ Թումանյանը կհուսադրեր մեզ՝ ասելով, որ ամեն ինչ կբացահայտվի,  քանի որ «կյանքը գաղտնիքներ պահելու սովորություն չունի»։ Իսկ նրանց, ովքեր կարծում են, թե այլեւս ելք չկա թուրքացած հայերից, նրանց թրքահաճո, ստրկամիտ, հայն ու հայրենիքը ատող գլխավորից, Թումանյանը կասեր. «Քոռամուկը ինչքան հող փորի, իր գլխին կածի» կամ՝ «Ճամփի փոշին ինչքան էլ վեր կենա, չի կարող սեւացնի երկինքը»։ 

Թմկա տիրուհին դավաճանել էր ոչ միայն ամուսնուն, այլեւ՝ հայրենիքը, դավել ու բացել էր դարպասները թշնամու առջեւ։ Բայց դավաճանին չի հարգում ոչ ոք, նրա նկատմամբ զզվանք ու արհամարհանք է զգում առաջին հերթին հենց թշնամին, եւ շահն ուզում է հասկանալ «աշխարհքի բանը», սեւաչյա մատնիչից ուզում է իմանալ․ «Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»... մի՞թե հայ զինվորը քաջ չէր, իսկ Արցախը՝ սիրուն։ Դավաճանը պարտադիր պատժվում է, դա աքսիոմ է։
Բայց Թումանյանը նախ թշնամու միջոցով է պատժում չարին, քանի որ դավաճանն իր գործն անելուց հետո թիրախ է նաեւ թշնամու համար։ Ապա բերդի ագահ ու փառատենչ տիրուհին պատժվում է աստծո ու բնության կողմից. թեեւ Թմկա գեղեցկուհին զղջացել էր («Քաջ էր ու սիրուն քեզնից առավել») ու հասկացել, թե իր իսկ ձեռքով ինչ է կործանել, միայն կորստից հետո զգացել կորցրածի արժեքն ու իր մեղքը, այնուամենայնիվ, դավաճանն արդարացում չունի.      

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սեւ աչքերը հանեցին։

Արդեն շուրջ երեք տարի է, ինչ  հանդուրժում ենք սուտն ու դավը, լսվում են ողջամիտ ձայներ, նշվում փրկության ուղիներ, բայց դեռ չենք հաջողել, որովհետեւ միասնական չենք, ասես անընդունակ՝ մի բռունցք դառնալու։
Մենք միշտ ու անվերջ վերադառնալու ենք դեպի թումանյանական աշխարհ, ապրելու ենք այնտեղ, որովհետեւ նա մեր արյան բաղադրության մեջ է, իսկ ինքդ քեզնից հեռանալ չես կարող։ Մենք միշտ ու անվերջ ապրելու ենք թումանյանական աշխարհում, որովհետեւ Թումանյանը մեր հանապազօրյա հա՛ցն է, ամենի՛ց արդիականն ու անհրաժեշտը, առանց որի անհնար է հայի ու նրա հայրենիքի գոյությունը:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- Բանասիրական գիտությունների դոկտոր

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ