Ղազախական իրադարձությունները և Փաշինյանը

Ղազախական իրադարձությունները և Փաշինյանը

Հունվարի 7-ի կեսօրին Ղազախստանից եկող լուրերն ավելի հանգիստ էին կամ, այսպես ասած, պակաս ռազմական բնույթի: Նախորդ օրվա երեկոյան ռուս խաղաղապահների ներկայությունը դրական է ազդել մարդկանց նյարդային համակարգի վրա: Նրանք, մի կողմից, դարձել են պակաս ռազմատենչ (խոսքն ապստամբների մասին է), մյուս կողմից, դարձել են ավելի ինքնավստահ (խոսքը ղազախ իրավապահների մասին է): Ինչևէ, բայց կարծես թե հերթական գունավոր (սակայն մահմեդական բնույթի) հեղաշրջումն անհաջողություն կրեց: Այդ բնույթի վկայությունը երկու ոստիկանի անգլուխ մարմիններն են: Կեսօրվա տվյալներով սպանվել է 18 ուժային և 26 ապստամբ, բերման է ենթարկվել ավելի քան 3000 մարդ: Արևմտյան պաշտոնական շրջանակները կարծես չեն շտապում գնահատական տալ, իսկ ռուսական որոշ արևմտամետներ շտապեցին ողջունել «ժողովրդավարություն» հաստատող ղազախներին: Թե ինչպես է ժողովրդավարությունը փոխկապակցվում թալանված խանութների, այրված վարչական շենքերի ու մեքենաների հետ՝ գիտեն երևի միայն իրենք: Կամ էլ դրանց իրական կազմակերպիչները: Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն, իր հերթին, առաջարկել է ապստամբության կազմակերպիչներին փնտրել արտերկրում՝ ղազախներին խոստանալով բարեփոխումների իրականացում:

Սական դրա նախորդ օրը՝ հունվարի 6-ին, դեռևս հստակ չէր՝ հաղթելու են ապստամբները, որոնք դիմել էին զենքի, թե կառավարության վստահելի ուժերը: Զենք հայթայթելու տարբերակը հեշտացել էր, քանի որ ոստիկանական ուժերն արդեն տատանվում էին՝ զենք կիրառել ամբոխի դեմ, թե ոչ: Դրանից օգտվում էին ապստամբները և, ըստ պաշտոնական հայտարարության, ավելի քան երկու տասնյակ հազար մարդ զինվել էր: Նույնիսկ գիշերը կրակոցներն Ալմաթիում չեն դադարել: Բայց ինչպես ասվեց, որպես խաղաղապահներ ժամանած ռուսական  դեսանտայինների առկայությունն, ի վերջո, կշեռքի նժարը թեքեց իշխանության կողմը:

Հունվարի 5-ին Ղազախստանում երկու շաբաթով արտակարգ դրություն էր մտցվել։ Նախագահ Տոկաևն արձակել էր կառավարությունը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որն ըստ ժամանակացույցի գլխավորում է ՀՀ վարչապետը, Տոկաևի դիմումի կապակցությամբ անմիջապես նիստ էր գումարել և որոշել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան Ղազախստանի իրադարձությունները դիտարկում է որպես արտաքինից ներշնչված փորձ՝ բռնությամբ խաթարելու պետության անվտանգությունն ու ամբողջականությունը։ Եվ ըստ այդմ՝ ուղարկել էր 3000 դեսանտայիններ՝ պահպանելու Ղազախստանի անվտանգությունն ու ամբողջականությունը: Պետական կարևոր օբյեկտները պահպանելու նպատակով խաղաղապահ զինվորականներ են ուղարկել ՀԱՊԿ մասնակից այլ երկրները ևս, այդ թվում՝ Հայաստանը:

Ղազախստանում անկարգությունները սկսվել էին հունվարի 2-ին երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավթագազային Մանգիստաու մարզի Ժանաոզեն և Ակտաու (մարզկենտրոն) քաղաքներում։ Բողոքների հիմք էր դարձել ավտոմեքենաների վառելիքի՝ հեղուկ գազի գնի բարձրացումը. մեկ լիտրի համար այն 60-ից դարձել էր 120 տենգե (66,6 դրամից 133,2 դրամ): Դա նույնն է, թե 1 լիտր հայաստանյան ջերմուկն այսօրվա 250-ից վերածվեր 500 դրամի՝ եթե, իհարկե, ջերմուկով հնարավոր լիներ մեքենա քշել: Կենցաղային խնդիրը վերածվել էր քաղաքական պահանջի: Բողոքավորները պահանջել են Նուրսուլթան Նազարբաևի հեռացումը քաղաքականությունից: Ակտաուի կենտրոնական հրապարակում արագորեն վրանային ճամբար էր կառուցվել։ Նավթագործների բողոքի ակցիաներին աջակցել են հարևան շրջանները, ինչպես նաև մի շարք խոշոր քաղաքներ՝ հատկապես Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթին: Հունվարի 2-ից 5-ը բողոքավոր ժողովուրդը գրավել էր Ալմաթիի մի շարք վարչական շենքեր (քաղաքապետարանը, երկրի նախագահի նստավայրը և այլն), ավերել հեռուստատեսային և այլ գրասենյակներ: Փորձել էր գրավել հոռուստաաշտարակը, սակայն չի կարողացել, բայց կարողացել էր կազմաքանդել Նազարբաևի հուշարձանը: Պետության ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1989 թվականից, Նազարբաևը հրաժարական էր տվել 2019-ին: Սակայն պահպանել էր Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր 1991 թվականից: Ենթադրում եմ, որ երկրի իրական ղեկավարն հենց ինքն էր և ոչ թե Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հեղուկ գազի գնի բարձրացումն, ի դեպ, նման չի եղել անամպ երկնքում ամպրոպի պայթելուն: Նախօրորք որոշված է եղել վառելիքի առևտուրը տեղափոխել ապրանքային բորսա, և երկրի իշխանությունը փորձել է տեղ հասցնել այդ որոշման դրդապատճառները: Սակայն մարդիկ ուշադրություն չեն դարձրել այդ երևույթին և փողոց են դուրս եկել՝ երբ որոշումը կյանքի է կոչվել: Սկզբում կառավարությունը երկակի քաղաքականություն է վարել՝ մի դեպքում դուրս է եկել ցուցարարների մոտ և խոսել նրանց հետ՝ խոստանալով իջեցնել գազի գինը, իսկ մեկ այլ դեպքում ոստիկանների միջոցով ցրել է ցուցարարներին: Եվ միայն հունվարի 5-ին, աճող ցույցերի ֆոնին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է անմիջապես իջեցնել գազի սակագինը մինչև 50 տենգե և պաշտոնանկ անել կառավարությունը, բայց բողոքի շարժումն արդեն ծավալվել էր:  

Ժանաոզենում Նազարբաևի անձի նկատմամբ մերժողական վերաբերմունքը ձևավորվել է դեռևս 2011 թվականից: 1964 թվականին որպես բանավան կառուցված այդ մարզային քաղաքում տեղեկայված նավթավերամշակման պետական «ՂազՄունայԳազ» ընկերության աշխատակիցները 2011-ին պատահաբար իմանում են, որ իրենց վճարում են ընդամենը 150 հազար տենգե աշխատավարձ՝ չնայած հաշվապահական փաստաթղթերում արձանագրված է եղել 400 հազար տենգե: Արդարության և օրինականության հաստատման պահանջով մի քանի ամիս տևած գործադուլներն արդյունքի չեն հանգեցրել: Ընդհակառակը, գործադուլավորների առաջնորդներից մեկին ծեծելով սպանել են, իսկ իրենց շահերը պաշտպանող իրավաբանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Գործադուլների ֆոնին տարեվերջին (դեկտեմբերի 15-ին) քաղաքային իշխանությունը կենտրոնական հրապարակում պատրաստում է դեկորացիաներ հաջորդ օրվա Անկախության օրվա տոնակատարությանն ընդառաջ: Գործադուլավորները դեմ են եղել դրան, և հաջորդ օրվա տոնակատարության ընթացքում շարժվել են դեպի հրապարակ, և սկսվել են բախումներ: Բախումների ժամանակ հրդեհվել է հրապարակին կից գտնվող քաղաքապետարանի շենքը: Իշխանությունը քաղաք է մտցրել ռազմական տեխնիկա և ոստիկանության (միլիցիայի) հատուկ ջոկատ (ՕՄՕՆ): 

Դիմահայաց կրակոցներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 16 մարդ, վիրավորվել հարյուրը: Ոչ պաշտոնական տվյալներով զոհվածների թիվը կազմել է շուրջ 70, վիրավորներինը՝ 500: Բողոքավորներին «խաղաղեցնելուց» հետո դատապարտվել է 5 ոստիկան և 37 գործադուլավոր: Այդ իրադարձություններին հաջորդել են «ՂազՄունայԳազ» ընկերության աշխատակիցների կրճատումներ, ինչի դեմ (ինչպես նաև դատապարտվածներին ազատ արձակելու պահանջով) կրկին փորձել են գործադուլ անել, սակայն այն ճնշվել է զորքի օգնությամբ: 2016-ին այդ քաղաքում, ինչպես նաև երկրի բազմաթիվ այլ բնակավայրերում, բողոքի ակցիաներ են ընթացել Հողային օրենսգրքի ընդունման կապակցությամբ: Սակայն դրանք ճնշվել են, իսկ մասնակիցները մեղադրվել են կաշառված լինելու և հանուն գումարի փողոց դուրս գալու մեջ: 

Իսկ այժմ անդրադառնանք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործողություններին: 2008 փետրվարի վերջին և հատկապես մարտի 1-ին ընդդեմ գործող իշխանությունների խռովություն հրահրած (հիշենք՝ Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվել էր քաղաքապետարանին կից հրապարակում հավաքված ժողովրդից) և 2018-ին մայիսին փողոցի ուժով վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ստիպված էր հանդես գալ նախագահ Տոկաևի հետ հարցը քննարկողի և որոշում ընդունողի դերում: Դա ոչ պակաս, քան ճակատագրի ծաղր, չես անվանի: Հայաստանյան գունավոր հեղափոխության առաջնորդը ղազախական գունավոր հեղափոխությունը տապալելու որոշում է կայացնում: Մեկ-երկու ամիս առաջ եվրոպացի չինովնիկների կողմից «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված երկրի ղեկավարը տիպիկ բռնապետական որոշում է կայացնում՝ խեղդելու ժողովրդավարության բռնկումը մեկ այլ երկրում: 

Կարծում եմ, որ իր այդ քայլով Փաշինյան Նիկոլը ջնջեց իր ժողովրդավարական կերպարը Արևմուտքում: Եվ ըստ այդմ՝ կանգնեց արևմտյան հովանավորությունը կորցնելու վտանգի առջև: Կասկածում եմ, որ ԱՄՆ նախագահն իրեն այս տարվա վերջին կհրավիրի ժողովրդավարության աջակցման հերթական համաժողովին: Իսկ մինչ ղազախական իրադարձությունները, Փաշինյանի տարեվերջյան հարցուպատասխանից հետո դեկտեմբերի 26-ին Արցախի նախագահի հակընդդեմ հայտարարությամբ այնպիսի տպավորություն էի ստացել, որ դրվել է Նիկոլի իշխանության ավարտի սկիզբը: Ֆեյսբուքում արձանագրելով այն՝ ցանկություն էի հայտնել, որ մնում է չերկարաձգել այդ գործընթացը: Փաստորեն վերին ուժերը լսել էին իմ ցանկությունը և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնած Փաշինյան Նիկոլի օրոք ժողովրդական ընդվզում էին կազմակերպել ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության տարածքում: Այն էլ Հայաստանից մեծ ու հզոր և մահմեդական կառավարմամբ երկրում: Ի՞նչ է դա՝ եթե ոչ ժողովրդավար առաջնորդի դերում հանդես եկող իրական բռնապետի դիմակազերծում: Եվ, ի վերջո, նրա միանձնյա իշխանության տապալում: