Վիկտոր Համբարձումյանից մինչև Արայիկ․․․

Վիկտոր Համբարձումյանից մինչև Արայիկ․․․

Նստացույցը, հացադուլը  ուժ պիտի ունենա և այդ ուժը պիտի ցնցի աշխարհի խիղճը։ Պատկերացրեք նստացույց կամ հացադուլ անի  անի Արցախը Ադրբեջան ճանաչած Նիկոլ Փաշինյանը և հայտարարի, որ ցեղասպանվում է Արցախը, օգնեք նրան։

1990թ. սեպտեմբերի 9-ին Մոսկվայի համանուն հյուրանոցում, երբ  հացադուլ հայտարարեցին Խորհրդային Միության պատգամավորներ 82-ամյա Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Հենրիկ Իգիթյանը, Վաչագան Գրիգորյանը և ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Սեմյոն Բաբայանը, Զորի Բալայանը՝  Կրեմլից ակնկալելով Արցախում վերականգնել մարզային իշխանությունների լիազորությունները, առաջին իսկ ժամից մեծ աղմուկ հանեց։ Նույնիսկ Գորբաչովը խնդրեց՝ դադարեցնել ակցիան։ Հացադուլավորներին իր օրհնությունը հաղորդելու նպատակով այցելեց Վազգեն Ա-ն: Վեհափառը նրանց  փոխանցեց Գորբաչովի խնդրանքը՝ դադարեցնել այդ ակցիան: Ամենայն Հայոցը հացադուլավորներին նվիրվեց իր օծման 25-ամյակին նվիրված արծաթե հուշամեդալներ:

«Ձեր արարքը, առանց չափազանցության կարելի է ասել, աշխարհի խիղճը ցնցեց… Եթե դուք հարկ չհամարեք անսալ մեր ձայնին, ապա ես պատրաստ եմ նույնպես հացադուլ հայտարարել և մնալ ձեր կողքին այնքան ժամանակ, որքան պահանջվի…»,- ասաց Վազգեն Ա-ն: Հացադուլի մասին հիշատակվում է․ 1990 թվականի սեպտեմբերի 29-ին, քաղաքական հացադուլի քսանմեկերորդ օրը անսպասելիորեն բացվեց հյուրանոցային համարի դուռը և երևաց աշխարհի բոլոր հայերին ցավի չափ ծանոթ ուրվագիծը: «Կաթողիկոս Վազգեն Առաջինն էր: Մի ակնթարթ կանգ առավ շեմին, հենվելով դրվագազարդ գավազանին: Ապա դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոն: Հայացքն ուղղեց հարդարված մահճակալին, որը դատարկ էր, ինչ գնացել էր Վիկտոր Համբարձումյանը, և ընդգծված հանգստությամբ ասաց. «Ես ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ, այլև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ինչպեսև դուք: Եվ ահա որոշեցի զբաղեցնել հիվանդացած Վիկտոր Համբարձումյանի տեղը: Համենայն դեպս, առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին»։

Հացադուլը հասավ իր նպատակին, որովհետև  հացադուլը ողջունում էր ողջ հայ ժողովուրդը։ Այն արվում էր  ճիշտ հարցադրմամբ և ճիշտ մարդկանց կողմից։ Ո՞վ կարող էր ասել, որ 82- ամյա աշխարհահռչակ լեգենդը կամ մյուսները ինչու՞ են նստել կամ ո՞րն է նրանց հարցադրումը։

Արայիկ Հարությունյանի նստացույցը առաջին հերթին պետք է ողջունի ողջ հայ ժողովուրդը։ Նստացույցի համար մեղմ ասած հարմար կերպար պետք է ընտրված լիներ ու ճիշտ հարցադրում։ Ժողովրդի ընդվզումը նա գեներալացնել չի կարող, տանելու է մարման կամ էլ Արցախը կհասցնի ադրբեջանական վերջնական հանգրվանին։ Նստացույցին միանալու նրա հայտարարություն- փիառը, շատ չի տարբերվում 44-օրյա պատերազմում զինվորների հետ սուրճ խմելու փիառից։ Կարդում եմ Արցախի հերոսներից մեկի ֆեյսբուքյան գրառումը, որը շատ խոսուն է․ 
Հին և շատ խորիմաստ ասացվածքը կա: «Սովը մարդուն տանում է թշնամու դուռը»: 

«Մեր թշնամիները սա լավ գիտեն, իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք, կարծես թե լավ չգիտենք:
Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն...»։ 
Արայիկ Հարությունյանը զբաղված է սոված Արցախը թշնամու դուռը ուղեկցելու գործով։ Այդ հարցում, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, նույն ուժերն են գործում։ 

Հիշեցնենք Արայիկ Հարությունյանի ուղերձը․ 
«Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին»։