Գաղտնի ինֆորմացիաներ կան, որոնց մենք պիտի ծանոթ լինենք

 Գաղտնի ինֆորմացիաներ կան, որոնց մենք պիտի ծանոթ լինենք

Գործի շրջանակներում մեզ պետք է տուժող ճանաչեն, բայց մինչեւ հիմա տուժող չեն ճանաչում։ Գործեր են հարուցվել, բայց դրանք ընդամենը թղթի կտորներ են, այսինքն՝ իրականում ոչ մի բան։ Կազմակերպությունը, որը մեզ պիտի փոխհատուցի, անվճարունակ է, սնանկ, պարտքերի մեջ խրված է։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այստեղ են «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շահառուները: Հավաքվածների պնդմամբ՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է՝ խաբում են շուրջ 90 բնակարանատիրոջ, շենքն այդպես էլ չեն կառուցում։ Ակցիայի մասնակիցները ասում են՝ վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել, իսկ կառուցապատողը չկա։

Բնակարանների շահառուները ուզում են կառավարության ներկայացուցիչներից լսել՝ ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագրերի հետ ու սպասում են հանդիպման կառավարության որևէ անդամի հետ։ Նրանք վերահսկողություն են պահանջում կառավարության կողմից։

«Ինչու մեզ մինչեւ հիմա քրեական գործով տուժող չեն ճանաչել։ Այո, հարցաքննություններ եղել են, բայց դրանից բացի ոչ մի բան չի եղել։ Մենք դիմումը ամբողջ բնակիչներով ենք տվել, բնակիչների մի մասին կանչել են հարցաքննության ու վերջ։ Եթե մենք նրանցից ինֆորմացիա ենք ուզում, նրանք մեզ այն ինֆորմացիան են տրամադրում, որը մենք առանց նրանց էլ կարող ենք իմանալ։ Գաղտնի ինֆորմացիաներ կան, որոնց մասին պարտավոր են մեզ տեղյակ պահել, բայց չեն պահում միայն այն պատճառով, որ մինչեւ հիմա մեր կարգավիճակը անհայտ է»,- հավելեց ակցիայի մասնակիցը։