Նիկոլ Վովայիչը փոխում է մասնագիտությունը

Նիկոլ Վովայիչը փոխում է մասնագիտությունը

Փաշինյանը շարունակում է ինտենսիվ կերպով ադապտացվել Ռուսաստանին, չնայած ժամանակին ինքն էր պնդում, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանին եւ Հայաստանում առաջացած նոր իրողություններին: Թերեւս կարելի էր ասել՝ լավ է ուշ, քան երբեք, բայց, ցավոք, Փաշինյանը ադապտացվել սկսեց շատ ուշ, այնքան ուշ, որ կադապտացվեր նույնիսկ Մոզամբիկին, եթե Մոզամբիկի խաղաղապահները մտնեին Արցախ:

Ինչո՞վ բացատրել իզմ-եր չունեցող Փաշինյանի այս պատմական կերպարանափոխությունը: Հարցին կարելի է պատասխանել շատ կարճ՝ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով: Փաշինյանը խայտառակ պարտություն է կրել պատերազմում, տարածքներ հանձնել, ընկել հազարավոր զինվորների արյան մեղքի տակ, անզորությունից պատեպատ է դիպչում՝ չկարողանալով ոչինչ անել անհետ կորածներին գտնելու եւ գերեվարվածներին վերադարձնելու գործում: Ես դեռ արցախահայության իրավունքների մասին չեմ խոսում, որովհետեւ Փաշինյանը նաեւ այդ իրավունքները պաշտպանելու հնարավորություններից է զրկել Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանը դուրս թողնելով Արցախի եւ արցախահայության հետագա ճակատագիրը որոշող ֆորումներից ու բանակցային հարթակներից: Այսքանից հետո հեռանա՞լ… Օ, ոչ, Նիկոլ Փաշինյանը կամիկաձե չէ, նա ինքնասպան չի լինի, նա չափից ավելի շատ է սիրում իրեն ու այն ամենը, որ հասցրել է ձեռք բերել վարչապետ աշխատելու 2.5 տարում: Քննադատություններն ու ցավալի պիտակավորումները, որ հնչում են նրա հասցեին, թենիսի գնդակի պես հետ են մղվում անտարբերության պատից: Փաշինյանը չի լսում ոչինչ, չի արձագանքում որեւէ խոսքի, արդարանալ չի փորձում… Անիմաստ է: Նա միայն փրկություն է որոնում եւ կարծես գտել է այն՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի գրկում:

Պետք է ընդունել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Պուտինին հրաշալի հնարավորություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանից նրա նախընթաց պահվածքի վրեժը լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ հայտարարեց, թե 2016թ. ապրիլյան պատերազմը Ռուսաստանն է հրահրել, Նիկոլը չէ՞ր, որ միջուկային գերտերության ղեկավարին Երեւանում ընդունեց ու ճանապարհեց «շիրպոտրեբին» վայել պրոտոկոլով, Նիկոլը չէ՞ր, որ միկրոավտոբուսի մեջ կծկված Պուտինի նկարներն էր տարածում Ֆեյսբուքում, Նիկոլը չէ՞ր, որ համաշխարհային ծաղրի առարկա դարձրեց Պուտինի սրբություն սրբոց ՀԱՊԿ-ն: Բայց Պուտինը, ինչքան էլ որ առասպելներ պատմենք նրա «կատաղիության», «անհանդուրժողականության», «հիշաչարության» եւ այլ «բարեմասնությունների» մասին, առաջին հերթին գերտերության ղեկավար է եւ չի կարող զբաղվել մի այնպիսի մանր խնդրով, ինչպիսին կապիտուլացված Նիկոլից ու նրա իշխանությունից վրեժ լուծելն է: Պուտինի համար Հայաստանի ներկա իշխանությունը մի գայթակղիչ գնդակ է, որով նա դեռ կկարողանա խաղալ՝ մեր տարածաշրջանում իր երկրի շահերն առաջ տանելու համար: Այդ գնդակով 2.5 տարի խաղացին Սորոսն ու Արեւմուտքը, ամեն ինչ արին Ռուսաստանին իր կենսական շահերի դաշտից դուրս մղելու համար, իսկ հիմա խաղալու հերթը Ռուսաստանինն է, եւ Նիկոլը դեռ մի որոշ ժամանակ կարող է պիտանի լինել այդ խաղի համար:

Այս հանգամանքը ոգեւորել է Փաշինյանին: ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը Պուտինին առաջարկում է ավելի երկար խաղալ իրենով: Փաշինյանի կարծիքով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության 5-ամյա ժամկետը բավարար չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այս նուրբ ակնարկը, բնականաբար, ունի որոշակի գին, բայց Նիկոլը Ռուսաստանի համար դա անում է անվճար՝ դրա համար ակնկալելով մեկ բան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին մնալու հնարավորություն: Մի խոսքով՝ հայ-ռուսական հանրածանոթ «դրամատուրգիա»:

Փաշինյանի «շրջադարձը» դեպի Ռուսաստան եւ անձամբ դեպի Պուտինը, նոր շնչառություն է հաղորդել նիկոլական մամուլի մնացորդացին: Այստեղ սկսել են քննարկել իրենց տեսանկյունից մի շատ կարեւոր հարց՝ կընդունի՞, արդյոք, Ռուսաստանը ընդդիմության առաջարկած նոր բանակցողին, թե՞ Նիկոլն ավելի հարմար է այս պահին: Իրենք տալիս են այս հարցը, իրենք էլ պատասխանում, որ «գնդակի» դերակատարության համար Նիկոլն ավելի հարմար է, եւ այս պահին Ռուսաստանը հազիվ թե գնա Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռիսկին: Այսինքն, այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շուրջ ձեւավորված իշխանությունը կապիտուլացվել են Ադրբեջանի առաջ, կորցրել Արցախն ու պատճառ դարձել ոչնչով չարդարացված զոհերի՝ հեչ, իսկ, ահա, Ռուսաստանի խաղը, ինչ է թե Նիկոլը հարմար է այդ խաղի համար, մե՞ջ: Նիկոլը, ի դեպ, կարող է շատ հարմար գնդակ լինել նաեւ հայկական ողջ պետականությունը ոչնչացնելու եւ Հայաստանի ինքնիշխանության վերջին ծվեններն օտարին շնորհելու խաղում: Որեմն ի՞նչ, մնա՞:

Արման Բաբաջանյանի նման մեկը, որ երեկ Նիկոլին ու նրա մանկուրտներին հորդորում էր հեռանալ իշխանությունից, Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ նոր իշխանություն ձեւավորել, այսօր իր լրատվամիջոցով «տեսակետ է» զարգացնում, թե քանի Պուտինը խաղում է, թողնենք խաղա, որովհետեւ Հայաստանում, սեփական նախաձեռնությամբ Նիկոլին իշխանությունից հեռացնելու ձեւեր չկան: Փաստորեն, նույն «դրամատուրգիան» է նաեւ Նիկոլից ներքեւ: Այստեղ ոչ ոք չի ցանկանում կորցնել իշխանությունը, բանակցողի փոփոխությունը նրանց համար իսկական կատաստրոֆա է, լափամանի կորուստ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եվ վերջում՝ երկու խոսք Փաշինյանին: Պարոն վարչապետ, ինչ արել, չես արել այս ընթացքում, լիուլի բավարար է քեզ «կախաղան» բարձրացնելու համար: Բավ է այլեւս, հրաժարական տուր եւ գթասրտություն աղերսիր քո ժողովրդից ու դատարանից: Դու ուրիշ անելիք չունես: Հասկացիր, Պուտինի տակ հարմար տեղավորվելով՝ դու ավելի ես խորացնում հայոց պետականության ճգնաժամը եւ սպառնալիք դառնում Հայաստանի Հանրապետության համար: Դու միշտ եղել ես խաղալիք ուժեղների ձեռքին: Եվ դա է պատճառը, որ արեւմուտքից արեւելք ոչ ոք հաշվի չնստեց քեզ հետ ու քեզնով խաղաց այնպես, ինչպես հարմար գտավ: 
Արցախի կորուստը, Նիկոլ Փաշինյան, քո վերջի վերջն էր: