Սթիվեն Սակուրը հիանալի գիտեր Հայաստանի ներկա վիճակը, իսկ Նիկոլ Փաշինյանը գուցեեւ հավատում էր իր հայտարարություններին

Սթիվեն Սակուրը հիանալի գիտեր Հայաստանի ներկա վիճակը, իսկ Նիկոլ Փաշինյանը գուցեեւ հավատում էր իր հայտարարություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի HARDtalk հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ներքին կյանքին, մասնավորապես, քաղաքական կյանքին, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացին, արտաքին քաղաքական խնդիրներին, համավարակի դեմ պայքարի վիճակին եւ այլ հարցերի։

Ինչպես եւ սպասելի էր, Հանրապետության վարչապետը հայտարարել է, օրինակ, որ անցյալ տարի Հայաստանն ունեցել է Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը, եւ բացի տնտեսական հաջողություններից, Հայաստանը նաեւ ահռելի մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության եւ հակակոռուպցիոն քաղաքականության ասպարեզներում։

Իհարկե, առաջիկայում վերլուծաբանները, թե տնտեսական եւ թե քաղաքական, ավելի հստակ պատկեր կներկայացնեն, ասելով, թե կոնկրետ Փաշինյանի հարցազրույցի որ հատվածը որքան աղերս ունի իրականության հետ, բայց եւ այնպես, լավ է, որ առկա է դրական տրամադրվածությունը եւ հավատը սեփական հայտարարությունների հանդեպ։ Օրինակ, Հայաստանի վարչապետը կարծում է, որ Հայաստանը այժմ գտնվում է համավարակի հաղթահարման գործընթացում եւ դեռ վաղ է խոսել համավարակի դեմ Հայաստանի պայքարի գնահատականներից, հատկապես, այդ համատեքստում, ասելուց, որ ամեն բան չէ, որ բարվոք է Հայաստանում համավարակի դեմ պայքարի հարցում, եթե ուղիղ ձեւակերպմամբ չասենք, որ պայքարը ձախողված է։ Հայաստանի վարչապետը նկատել է, որ համավարակը դեռ զարգանում է աշխարհում։ Սա այն դեպքում, երբ օգոստոսի 14-ին Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի վարակման ընդհանուր դեպքերը հասել են մոտ 41,3 հազարի, իսկ մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 1 հազարը, բայց արդեն քանիերորդ անգամ երկարաձգվում է արտակարգ դրությունը, որը սահմանվել էր մարտի 16-ին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է ներդնել հրադադարի միջադեպերը հետաքննող միջազգային մեխանիզմ։ Նկատենք, որ այս հարցին Հայաստանի վարչապետը վերադարձավ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո։ Սա թերեւս այն է, ինչի մասին խոսվել է Ապրիլյան սրացումից հետո, որը ավելի հայտնի է Վիեննայի եւ Պետերբուրգյան պայմանավորվածություններ ընդհանուր ձեւակերպմամբ, եւ որը Հայաստանի ներկայիս վարչապետը մղեց երկրորդ պլան, որոշելով, որ ինքը իր սեփական կետից է սկսելու Ղարաբաղյան կարգավորումը, որպես այդպիսին դարձնելով Դուշանբեի հանդիպումը, որն իր հերթին հայկական մամուլում կնքվեց «վերելակային դիվանագիտություն» անվամբ։

Կարիք չկա, թերեւս, հիշեցնելու, որ եթե երկու տարի այս թեզը պնդեր պաշտոնական Երեւանը, ապա Ալիեւի ձեռքերը հնարավոր է, որ վաղուց կապված լինեին մոնիթորինգի կամ միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրումով։ Ընդհանուր պատկերացում կազմելու համար հարցազրույցի մյուս հատվածներից, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՍԴ խնդրին, իր մեկնաբանությամբ իհարկե, հայտարարել է, որ այժմ Հայաստանում ընդդիմությունը կարող է ավելի ազատ գործել, ասել է, որ օրինակ ինքը չի որոշում, թե ով է բանտ նստելու ով ոչ, անդրադառնալով երկրորդ նախագահի հետ առնչված քրեական գործին, ինչպես նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ լավ են, սակայն դա չի խանգարում, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենա նաեւ ԵՄ, ԱՄՆ, Իրանի հետ։

Իհարկե ոլորտային մասնագետները ավելի հստակ կարող են գնահատականներ տալ, բայց հատկապես հայ-ռուսական հարաբերությունների մասով, ասել, որ հարաբերությունները շատ լավ են, մեղմ ասած, իրականությանը չափազանց լավատեսական լույսով նայել կլիներ, քանի որ բոլորին է հայտնի, որ կան խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, որոնք չի կարելի համարել այսրոպեական լուծվող խնդիրներ։ Ի դեպ, լրագրող Սթիվեն Սակուրը, դատելով, հարցերից, բավական լավ էր իրազեկված հայաստանյան իրականությունից եւ իր հարցադրումներում երեւում էր, որ լիովին յուրացրել է Հայաստանի՝ գոնե վերջին երկու տարվա թե քաղաքական, թե տնտեսական վիճակը եւ թե համավարակի հետ կապված ընդհանուր պատկերը։