Կոռուպցիայի հանձնաժողովը կստուգի դատավորի թեկնածուի քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը

Կոռուպցիայի հանձնաժողովը կստուգի դատավորի թեկնածուի քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է դատաիրավական բարեփոխումների փաթեթը: Կոռուպցիայի հանձնաժողովին իրավասություն է տրվել` ստուգել դատավորի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը, բայց ինչպես եք գործնականում դա կիրառելու:

Այս մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը. «Ես, իսկապես, խնդիր եմ տեսնում, որովհետեւ հանձնաժողովը ոչ օպերատիվ հետախուզական գործառույթներ ունի, ոչ էլ իրավասություն՝ խնդրել նման գործողություններ իրականացնեն եւ տեղեկատվությունն իրենց տրամադրեն: Հետեւաբար, գործնականում ինչպես է պարզվելու` տվյալ թեկնածուն քրեական ենթամշակույթին հարող անձի հետ շփվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ ֆեյսբուքյան ու լրատվական միջոցների մակարդակում դա պետք է իրականացնել»:

Բադասյանը պատասխանեց, որ հանձնաժողովն իրավունք ունի դիմելու պետական տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին եւ վերջիններիցս հայցել ցանկացած տեղեկատվություն: «Այդ տեղեկատվությունը պաշտպանված է լինելու, եւ այն կարող է օգտագործվել բացառապես խորհրդատվական բնույթի եզրակացություն կազմելիս»: Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ տվյալ տեղեկությունը հնարավոր է ճշտել բացառապես դատարանի որոշմամբ. «Մենք օրենք էլ ընդունեցինք, որ եթե անձը դրա հետ դատվի, նոր կհամարվի քրեական հեղինակություն, եթե պարզապես խոսակցությունների մակարդակում պետք է լինի, եւ չունենանք  իրավաբանական հաստատված փաստ, որ անձը քրեական ենթամշակույթի կրող է, ապա այս հոդվածը գործնականում կիրառական չէ»:

Հակառակ պարագայում ցանկացած պետական մարմնից ստացված տեղեկատվությունը տվյալ անձը կարող է վիճարկել դատարանում: Նախարարը հակադարձեց, թե պարտադիր չէ դատարանի որոշումը. «Խոսքը չի գնում քրեական պատասխանատվության առկայության մասին, խոսքը գնում է այդ տեղեկությունները հավաքելու, ամփոփելու եւ դրանք խորհրդատվական եզրակացությամբ արտացոլելու մասին»: