Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» հանդեսները չգիտեն, թե ինչու են դուրս մնացել պետական ֆինանսավորումից

Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» հանդեսները չգիտեն, թե ինչու են դուրս մնացել պետական ֆինանսավորումից

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջեւ։ Այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ (տենդեր) է անցկացրել, արդյունքում մերժվել են բոլոր երեքն էլ։ 

«Աղբյուր» ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանի գնահատմամբ, ԿԳՆ-ի կողմից գումար չհատկացնելն արդեն իսկ նշանակում է ամսագրերի փակում, քանի որ պետական աջակցությունն ամսագրերի տպագրության գրեթե 100 տոկոսն էր կազմում։ Անցած տարի պետությունն «Աղբյուրի» համար հատկացրել է 9 մլն դրամ, մոտավորապես այդքան՝ «Ծիծեռնակին», մի քիչ ավել՝ «Կանչին»։ 

Դեռ 1990-ի Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց մանկապատանեկան երեք հանդեսները` «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը», վերցնել պետական հովանավորության տակ եւ հոգալ դրանց հրատարակման ու պահպանման հարցերը: Բայց 29 տարի անց ԿԳՆ-ն շրջանցեց այդ որոշումը եւ մի փոքր խմբագրեց բյուջեն՝ հայտարարելով տենդեր, որի արդյունքում անցան նրանք, որոնք ավելի էժան գին առաջարկեցին։ 

Տոնոյանը նկատում է, որ ոչ մի չափորոշիչ չի եղել, միակ չափանիշը եղել է մատչելի գինը՝ առանց հաշվի առնելու այն նրբությունը, որ սա կրթության ոլորտն է։ Ավելին՝ տենդերը շահողներից մեկը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի։ 

Նախարարությունը չի հիմնավորել իր ընտրությունը, անգամ ստեղծված մեծ աղմուկը չի ստիպել, որ հանդես գան պարզաբանմամբ։ Տոնոյանը միայն նշում է, որ տենդերը հայտարարելուց 2 ամիս առաջ 3 հանդեսների խմբագիրները հանդիպել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով իր սեղանից վերցրել է տպագրվող ամսագրերից մեկը եւ ասել, որ եթե պետք է նման ձեւով տպագրենք, ապա ավելի լավ է՝ չտպագրենք։ «Հիմա այդ շահողներից մեկն այդ թերթոնն է։ Դա խոսում է նրա մասին, որ որեւէ չափորոշիչ չի եղել, գործել է միայն մի չափանիշ՝ ով ավելի էժան հայտ կներկայացնի»,- ասում է Տոնոյանը: 

Նախարարության կողմից չի եղել նաեւ բովանդակային քննարկում կամ որեւէ դժգոհություն իրենց աշխատանքի հետ կապված, որ գոնե արդարացված լիներ նման վերաբերմունքը․ «Սա մեր երկրի պատմությունն է, Չարենցն է եղել այս ամսաթերթի հիմնադիրը, ու հիմա հանկարծ պետք է մշակութային այս օջախը փակվի։ Դա նման է նրան, որ օպերային թատրոնում մեկը վատ երգի, նրան չզգուշացնեն, որ ինքը վատ է երգում, ու դրա փոխարեն Օպերան քանդեն»։ 

Ամսագրի խմբագիրը վստահ է, որ մշակութային ասպարեզում այդ տենդերները հիմարություն են, եւ անհեռատես մի քայլ է կատարվել։ Նա մտավախություն ունի, որ ԿԳ նախարարը գուցե խորապես տեղեկացված էլ չէ այս հարցից, հակառակ դեպքում 100-ամյա պարբերականների ճակատագիրը չէր թողնի բարձիթողի։ 

Հանդեսների խմբագիրները պաշտոնական նամակներ են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հղում անելով Գերագույն խորհրդի 90 թ․ որոշմանը՝ այս 3 պարբերականները ֆինանսավորելու համար։ «Հիմա կառավարության մի օղակը՝ ԿԳՆ-ն, իրավունք ունի՞ ժամանակին օրենսդիր մարմնի կայացրած որոշումը չեղյալ հայտարարել ու չհետեւել դրան»,- ասում է նա ու ընդգծում, որ, ըստ էության, ոչ ոք այդ որոշումը չի չեղարկել։ 

«Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը նույնպես չգիտի, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել ԿԳՆ-ն, ավելի ճիշտ՝ կռահում է․ ով ավելի ցածր գին կառաջարկի, նա էլ կհաղթի․ «Իսկ դրանք ովքե՞ր պետք է լինեն՝ լրիվ անծանոթ, նորելուկ, փողոցից դուրս եկած կազմակերպություններ ու նրանց դիմաց՝ համարյա մեր հարյուրամյա կենսագրություն ունեցող 3 պարբերականները»։ Հենց այս երկու փաստի հակադրումն է նախարարության սխալը՝ կարծում է Մնացականյանը, ինչն էլ ամենից շատն է վիրավորել պարբերականների խմբագիրներին։ Նա նկատում է՝ օրենքի տեսանկյունից գուցե որեւէ սխալ չկա, բայց բարոյական դիտանկյունից դա անընդունելի քայլ է․ «Մեզ անձնապես չի ասվել, թե ինչու են մերժել»։ 

«Ծիծեռնակի» խմբագիր Անուշ Վարդանյանն ասում է՝ ոչ մի չափանիշ չի գործել, բացի քիչ գումար ներկայացնելուց։ Անցել են այնպիսի տպարաններ, ԱԾ-ներ, որոնք դեռեւս չեն տպել մանկական ամսագիր։ «Այնտեղ միայն երկուսն են տպել, որից մեկը վերատպում է Պուշկին, Անդերսեն, այսինքն՝ կապ չունեն մանկապատանեկան մամուլի մտքի հետ, որովհետեւ նրանց գործունեությունը չի առնչվում ամսագիր կամ երեխաների համար ինչ-որ թերթ տպելու հետ: Մեզ ո՛չ կանչել են, ո՛չ նայել են մեր տպագրածը, ուղղակի տեսել են, որ 3 մլն ներկայացրած հայտն ավելի հարմար է, քան մյուսները, որ ճանապարհ են անցել»։ 

Վարդանյանն ընդգծում է՝ ունեն 6 պրոֆեսիոնալ մասնագիտացված աշխատակիցներ, եւս 3 հոգի՝ արտահաստիքային։ «Մեր խմբագրության մի տարվա վարձը 600 հազար դրամ է, որ ասում են՝ միլիոններ, ուզում եմ ասել՝ ոնց տալիս են, այդպես էլ հետ ենք տալիս։ Մենք գործում ենք հարկային դաշտում, հոնորարներ ենք տալիս հեղինակներին, անձամբ իմ աշխատավարձն էլ 120 հազար դրամ է, մի՞թե դա միլիոններ է։ Այդքանով հանդերձ ուզում եմ ասել, որ երբեւէ չի ընդհատվելու «Ծիծեռնակ» ամսագրի ընթացքը, եւ մենք հիմա առանց աշխատավարձի ենք աշխատում»,- ասում է նա ու հավելում, որ այս տարի նշում են իրենց ամսագրի 90-ամյակը։ Հիմա ամսագիրը տպագրվում է անձնական միջոցներով, ծանոթությունների շնորհիվ, գրողներ կան, որ օգնում են ամսագիրը տարբեր մարզեր հասնելուն։ Տպագրում են միայն անտիպ նյութեր, իսկ իրենց հեղինակների թվում են ժամանակակից գրողներ, մանկագիրներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Նունե Գրիգորյանը, Գոհար Գալստյանը, Ռոլանդ Շառոյանը։ 

Տարեկան տպագրվում է «Ծիծեռնակի» 6 համար, եւ եթե նախկինում 2 հազար օրինակով էր լույս տեսնում, հիմա, ստիպված՝ կտպագրեն 500 օրինակ, որպեսզի կարողանան վաճառել եւ ծախսերի մի մասը փակել։ Նախկին 150 դրամի փոխարեն այսուհետ պարբերականը կվաճառվի 300 դրամով․ «Ամեն դեպքում համոզված եմ, որ այս ծիծաղելի իրավիճակը կշտկվի, ինչպես որ համոզված եմ, որ ԿԳ նախարարը տեղյակ չէ, թե ովքեր են անցել, որովհետեւ մեզ հետ հանդիպման ընթացքում խոստացել էր, որ մրցույթի մասնակիցները 10 տարվա հրատարվկված պարբերականություն կունենան, բայց հաղթել են անկապ հրատարակություններ։ Մեր հաշվին խնայողություն են անում, դա նույնն է, որ դասագրքի մրցույթ հայտարարեն ու ասեն՝ ով ամենաէժանը կտպի, նրան կտանք»։