Որդեգրման ոլորտի մասնագետներն ապշած են Ա․Միրզոյանի հայտարարությունից

Որդեգրման ոլորտի մասնագետներն ապշած են Ա․Միրզոյանի հայտարարությունից

Հայաստանից որդեգրված երեխաների օրգանների, մասնավորապես, երիկամների վաճառք չկա և չի կարող լինել, և 1-ին փոխվարչապետին սխալ տեղեկատվություն են տրամադրել։ Ամեն դեպքում, նա խորը թյուրիմացության մեջ է, նախ որովհետև Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որ (գործող օրենսդրության ու միջազգային համաձայագրերի պահանջներով) որդեգրման երկարատև ու ժամանակատար ընթացակարգերից հետո 5 տարի շարունակ որդեգրող երկրի հետ միասին վերահսկում է այդ երեխաների հետագա կյանքը։ Այս շրջանակում վեց ամիսը մեկ այցեր են կատարվում որդեգրողի տուն, իսկ որդեգրող երկրների կենտրոնական մարմիններն էլ երեխայի երկիր են ուղարկում մանրամասն հաշվետվություններ՝  լուսանկարներով, առողջական փաստաթղթերով ու այլ մանրամասներով։ Հայաստանը այս ոլորտում աշխատում է նաև Հաագայի կոնվենցիային միացած երկրների հետ։

Hraparak.am-ը զրուցեց համակարգի 2 աշխատակցի հետ, ովքեր մանրամասն ներկայացրեցին գործող ընթացակարգերը։ Ի դեպ, նրանցից մեկը նախքան այդ երկար ժամանակ հեռախոսով ասում էր՝ ես չգիտեմ սա ինչ էր, որովհետև ոչ թե նման տեղեկություն չկա, այլ ընդհանրապես չի կարող լինի նման երևույթ։

Հիշեցնենք, որ այսօր 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն աղմկահարույց մի հայտարարություն արեց՝ ասելով․ «Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում արտասահման որդեգրվողների: Դեռ ոչ մի դեպք չի բացահայտվել, բայց շարունակաբար, չգիտեմ հիմնավոր, թե անհիմն, կասկածներ կան, որ հատկապես երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման եւ այդ երկրները հայտնի են վատ առումով: Երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների, տարբեր երկրներից, եւ հետագայում այդ երեխաները կարող են զրկվել ասենք մի երիկամից»:

հարկե, զարմացած Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով․ «Օդում կախված համառ լուրեր կան: Մենք այստեղ լրջագույն վերահսկողության խնդիր ունենք»: Եղավ նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պարզաբանումը, թե այդ գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության ներքո եւ մինչեւ հիմա նման բան տեղի չի ունեցել, որ Հայաստանից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն։

Նշենք, որ այս ոլորտում Հայաստանն արդեն քանի տարի է աշխատում է Հաագայի կոնվենցիայի շրջանակներում։ ԱՄՆ-ում, օրինակ, որը որդեգրող երկների առաջին և հիմնական ուղղությունն է, Պետդեպարտամենտն է լիցենզիա տրամադրում միջազգային որդեգրման հարցերով զբաղվող կազմակերպություններին։ 

«Նախ միջազգային որդեգրման կարգի համար անհրաժեշտ է այսօր գործող իրավական ակտերի ու ընթացակարգերի մասին կա միջազգային որդեգրման կարգ՝ միջպետական համաձայնագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր երկրում կա սահմանաված կենտրոնական մարմին, կա պարտադիր 12 փաստաթղթերի ցանկ։ Այս թվում՝ կենսապայմանների ուսումնասիրություն, երաշխավորագրեր պետական մարմիններից՝ ոստիկանությունից, հոգեբուժարանից տեղեկանանքներ, մի խոսքով՝ որդեգրող անձի մասին ամբողջական տեղեկատվություն։ 

Դրանից բացի, այդ կենտրոնական մարմինը, օրինակ՝ ԱՄն-ում գոյություն ունի մարմին, որը վերահսկում է միջազգային որդեգրությունները, դիմում է Հայաստանի կենտրոնական մարմնին, որը ՀՀ արդարադադատության նախարարությունն է։ Նախ, ուսումնասիրվում է որդեգրող թեկնածուի փաստաթղթերի փաթեթը, որից հետո ներկայացվում է հանձնաժողովի քննարկմանը, այդ անձի՝ որպես որդեգրող հաշվառվելու հնարավորությունը, եթե ունի համապատասխան միջոցներ՝ բնակարանային պայմաններ, կայուն աշխատանք, ոստիկանության հետ երբևէ խնդիրներ չի ունեցել, դատվածություն, այդ ամենը գնահատելով՝ նոր հաշվառվում է որպես որդեգրողի թեկնածու, որից հետո իրավունք է ստանում ծանոթանալու Հայաստանի որդեգրման ենթակա ցուցակին։ Սա ասում եմ այսքան մանրամասն, որ ցույց տամ, որ եթե մարդուն անհրաժեշտ է երեխաների օրգանների վաճառքի նպատակով երեխա որդեգրել, չի դիմի Հայաստան, որ այդքան ընթացակարգեր անցնելուց հետո 5 տարի էլ լինի վերահսկողության տակ, որի ժամանակ ամեն 6 ամիսը մեկ այցեր են կատարվելու իր տուն ու ուղարկվելու է հաշվետվություններ երեխայի երկիր»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ երեխա որդեգրելու համար կդիմեն այնպիսի երկիր, որտեղ չկա երեխաների վերաբերյալ որևէ ընթացակարգ ու որտեղ շատ են անօթևան երեխաները։ Այդպիսի երկրների, թվում, օրինակ, կարող են լինել աֆրիկյան երկրները, Ֆիլիպինները կամ պատերազմական վիճակում գտնվող երկրները։ 

«Չեմ ուզում հասնել Սոմալի, բայց Սոմալին էլ շատ լավ օրինակ է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ տրամաբանական էլ չէ, որ մարդ այդքան փաստաթղթեր հավաքի, այդքան ընթացակարգեր անցնի, անընդհատ վերահսկողության տակ լինի, եթե նման նպատակ ունենալու դեպքում շատ ավելի հանգիստ կարող է դիմել այլ երկրներ։ Մանավանդ, որ այդ փաստաթղթերի հավաքումը խիստ ծախսատար է ու ժամանակատար։
Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ Հայաստանից երեխա որդեգրելու առաջատարը ԱՄՆ  է, նախկինում՝ Ֆրանսիան, Իտալիան, որոնք բոլորն էլ սիստեմատիկ, կատարում են այդ վերահսկողությունը։ Որդեգրելու մասին դիմումներ լինում են նաև Ռուսաստանից, բայց այս պարագայում որդեգրման թույլտվությունը տրվում է միայն այն դեպքում, եթե դիմողը երեխայի հարազատն է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ԱՄՆ-ում , շատ դեպքերում, գերադասում են որդեգրել հիվանդ երեխաների։ Եղել է դեպք, երբ ԱՄն-ից ցանկացել են որդեգրել «դաունի» համախտանիշով երեխայի, և սա կասկածելի է թվացել Հայաստանի կենտրոական մարմնի աշխատակիցներին, և ի վերջո պարզվել է, որ այդ երեխային որդեգրելու ցանկություն հայտնած մեծահարուստ ընտանիքն իր տանը ևս ունի այդ համախտանիշով երեխայի։ Ըստ բժիշկների՝ նման համախտանիշով երեխաները միմյանց հետ ավելի հեշտ ու առողջ են մեծանում։ 

Նշեք, որ տարեկան Հայաստանից միջագային որդեգրման է ենթարկվում շուրջ  40 երեխա։
Նշենք, որ Արարատ Միրզոյանի հայտարարության մասով պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար դիմել ենք և սահմնաված ժամկետում սպասում ենք  ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Միջազգային պայմանագրերի ու ապոստիլ բաժնի պարզաբանումներին։ Նշենք, որ այս բաժինն է  որդեգրման բնագավառում կատարում  Հայաստանի կենտրոնական մարմնի գործառույթը։