Քո ընտրությունը հիմնավորելիս ուրիշներին մի վիրավորիր

Քո ընտրությունը հիմնավորելիս ուրիշներին մի վիրավորիր

Ալեքսանդր Քանանյանին

Դու ասում ես, որ Արցախի նախագահի մինչ այժմ շրջանառված թեկնածուներից Մասիս Մայիլյանը «պետական համակարգի եզակի դրական եւ բոլորովին կոռուպցիայից ու այլ վատթար երեւույթներից հեռու մնացած մարդն է, նա ունի բարձր հեղինակություն եւ իհարկե անհամեմատ դրական, հուսալի թեկնածու է, որն ի վիճակի է Արցախում շատ բան փոխել դրական ուղղությամբ»: Այդպես ես տեսնում, եւ դա քո իրավունքն է: Չեմ ակնարկի, թե ի՞նչ հիմքի վրա է ձեւավորվել Մայիլյան մարդու եւ քաղաքական գործչի մասին քո այդ պատկերացումը, ոչ էլ կփորձեմ հակառակը պնդել:

Միայն ուշադրությունդ կհրավիրեմ նախագահի հավանական թեկնածու Արայիկ Հարությունյանին տրված քո այս գնահատականի վրա. « Արայիկ Հարությունյանը Արցախում՝ տեղերում,  ամենալավ կուսակցական կազմակերպություն ունեցող անձն է։ Հարությունյանն այդ կուսակցական ազդեցությունը ժառանգել է Բակո Սահակյանի իշխանությունից, երբ ինքը վարչապետ էր, ապա պետնախարար։ Ինչ խոսք, տարածքային կառույցները լավ են կազմակերպված, բայց դա չի նշանակում, թե պետականամետ կառույցներ են, որովհետև նա միշտ գերազանցապես հիմնվել է  քրեական տարրերի, տարածքային հեղինակությունների, քրեական, կիսաքրեական մարդկանց վրա»։

Նախ, Արայիկ Հարությունյանը քաղաքականություն է մտել 2004թ.-ին, երբ Բակո Սահակյանը նախագահ չէր եւ 2005-ի խորհրդարանական ընտրություններում միանգամից հասել շատ տպավորիչ հաջողության: Այդ ժամանակ եւ այսօր էլ Արայիկ Հարությունյանին աջակցել եւ աջակցում են հարյուրավոր մտավորականներ՝ գիտնականներ, ուսուցիչներ, արվեստագետներ՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի շրջաններում: Ո՞ր իրավունքով ես դու նրանց, անուններ չթվարկեմ, անվանում «քրեական տարրեր, տարածքային հեղինակություններ, քրեական, կիսաքրեական մարդիկ»: Կարող ես հիմնավորել քո ընտրությունը, թվարկել Մասիս Մայիլյանի քաղաքական եւ մարդկային բարեմասնությունները, բայց ինչու՞ ես վիրավորում ուրիշներին, պիտակավորում 6000-ից ավելի անդամ ունեցող քաղաքական ուժին: Դա առնվազն բարոյական չէ: