Գրականության հոգսի և այն չքաշելու մասին

Գրականության հոգսի և այն չքաշելու մասին

Թավշյա հեղափոխությունն իմ մեջ` որպես գրողի, «փափուկ» հույսեր արթնացրեց: Մտածեցի` ի տարբերություն նախկին ակնհայտ գրատյաց իշխանության, նորը գուցե հոգատար լինի` ի թիվս մշակույթի այլ բնագավառների, գրականության հանդեպ: Անցյալ տարի, իշխանափոխությունից հետո, վարչապետին ուղղված բաց նամակով տասը կետով շարադրված առաջարկություններ արեցի՝ գրական կյանքը կլինիկական մահվան վիճակից հանելու վերաբերյալ:


Անձամբ ինձ համար նյութական բարիքների ակնկալիքներ չունեմ: Ես անցյալ տարվա նոյեմբերին եմ դուրս եկել Հայաստանի գրողների միության կազմից: ՀԳՄ ղեկավարն իր հարցազրույցում «նկատեց», որ դուրս եկողները` ես եւ Արթուր Անդրանիկյանը, գուցե ինչ-որ պահանջներ են ունեցել, «բայց հո չե՞ն նկարագրի այդ պահանջները»:


Գուցե մրցանակների մասի՞ն էր ակնարկը, որոնք միայն փող են եւ ուրիշ ոչինչ: Ես գիտեմ, թե դրանք ինչպես են ստանում, ինչ լոբբինգով եւ ինչ «լոբիներ ցանելով» (թող իմ դեմ դուրս գա որոշ մրցանակակիրների «կոհորտան»), բայց դա իմ մարդկային տեսակի բանը չէ: Ես միշտ իմ փողը վաստակել եմ եւ ներկայումս էլ վաստակում եմ իմ աշխատանքով եւ երբեք սրճարաններում անգործ նստած՝ պետությունից «գրական սուբսիդիա» չեմ պահանջել: Ես սակավապետ մարդ եմ:

Բավական է ՀԳՄ ղեկավարի ցուցումով ստուգվի, օրինակ, Ծաղկաձորի գրողների հանգստյան տան ուղեգրերի հատկացման մատյանը (այդպիսի հաշվառման մատյան պիտի որ գոյություն ունենալիս լինի), եւ կպարզվի, որ 1991 թվականից (երբ ընդունվել եմ ՀԳՄ շարքերը) մինչեւ միության կազմից դուրս գալս` 2018թ., ես երբեք չեմ օգտվել այդ ձրի հանգստից, հանգստյան տան շենքն էլ չեմ տեսել:
Մի փոքր շեղվեցի իմ բուն ասելիքից (չստացվի, որ ինչ-որ անձնական հաշիվներ եմ մաքրում): Ասելիքս հետեւյալն է: Մենք փոքրաթիվ ազգ ենք, գրքի բավարար պահանջարկ ունեցող շուկա չունենք, հետեւապես, պետությունը պետք է ինչ-որ կերպ օգնի գրողին:

Հ. Թումանյանն իր ժամանակին վրդովված ասում էր մոտավորապես այս միտքը՝ եթե ձեզ գրականություն պետք չի` ինձ էլ բոլորովի՜ն պետք չի... Բայց Թումանյանը սա` վերացական, հասարակությանն էր ասում, որովհետեւ իր ժամանակ  (համենայնդեպս` այս բանն ասելու ժամանակ) մենք պետականություն չունեինք:


Այսօր սա է վիճակը՝ գրական մամուլը «ցամաքել է» (լույս չեն տեսնում «Անդին», «Գարուն», «Նարցիս» ամսագրերը), կան միայն «Նորք» ամսագրի տարեկան չորս համարները եւ «Գրական թերթը»: Չկա գրքի տպագրության պետական աջակցություն: Հեղինակի` իր միջոցներով (իր «բերանից կտրելով») տպագրած գրքի տպաքանակը գլխացավանք է դառնում, չի իրացվում, եթե գրողը գովազդի վրա էլ փող ծախսի, ուրեմն ստիպված պիտի լինի տունն էլ վաճառել:


Ես, ինչպես ասացի, իմ հրապարակած բաց նամակում առաջարկություններ եմ արել (որոնք հազիվ թե «հարց լուծողներից» որեւէ մեկը կարդացել է), չեմ ուզում դրանք կրկնել: Բայց եթե մշակույթի, գրականության հանդեպ այս անտարբեր վերաբերմունքը շարունակվի, վաղը, Աստված մի արասցե, մեր ազատագրած տարածքների վրա գուցե արդեն հայերենով չենք հաղորդակցվելու: Այդ դեպքում ինչո՞ւ ենք ազատագրել...

Զավեն Բեկյան