Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել

Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել

Պրեմիերայից ուղիղ 10 տարի անց Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը կրկին բեմ է վերադառնում, սակայն այս անգամ՝ նոր մոտեցմամբ ու նոր դերասանական կազմով: Նարեկ Դուրյան-Հրանտ Թոխատյան դուետի փոխարեն բեմում կլինեն «Բոհեմ» թատրոնի երիտասարդ արտիստները, նոր մեկնաբանմամբ ներկայացումն էլ կկոչվի «Դոն Ժուան Ավիա Junior»: Առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին եւ 9-ին՝ «Բոհեմ» թատրոնում: 

«Տարիներ առաջ ես բեմադրեցի Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» իրավիճակային կատակերգությունը, որն աշխարհում իր բեմադրության քանակով ռեկորդ է սահմանել, Ֆրանսիայում էլ շուրջ 40 տարի է՝ բեմից չի իջնում: Մեր տարբերակում այն անվանեցինք «Դոն Ժուան Ավիա»: Իհարկե, այն ամբողջովին տեղայնացրել էինք: Ես եւ Հրանտ Թոխատյանը շուրջ 9 տարի խաղացինք այն, հետո էլ կարող էինք խաղալ, ուղղակի մեր զբաղվածությունը մեծացավ, ընդհատեցինք… Հիմա այդ նույն ներկայացումը կրկին վերափոխել եմ, թարմացրել, բեմում էլ ոչ թե ես եւ Հրանտն ենք լինելու, այլ՝ իմ թատրոնի երիտասարդները»,- նշում է Նարեկ Դուրյանը։ Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթեւ Միրումյանը, Սիրանուշ Երիկյանն ու Ռուզաննա Մանուչարյանը: 

«Պիեսը բավականին փոխել եմ, վերաբեմադրել: Առաջին անգամ է, որ ես բեմ դուրս չեմ գալու, բայց անհանգստությունս առավել մեծացել է, կրկնապատկվել: Երեւի թե ես հետնաբեմում ավելի շատ լարված լինեմ, քան իրենք՝ բեմին: Մի բան կա, որ իրենց մեջ շատ եմ հավանում՝ հանդիսատեսի նկատմամբ ազնվությունը»,- ընդգծում է Ն. Դուրյանը։

Ներկայացման հիմքում զվարճալի պատմություն է. երիտասարդը միաժամանակ երեք նշանած ունի, ովքեր տարբեր ավիաընկերությունների ուղեկցորդուհիներ են: Տղան ունի բոլորի չվացուցակները ու հաջողացնում է առանց խոչընդոտների նրանց հետ ժամադրվել: Մի օր նրան հյուր է գալիս ընկերը, եղանակային պայմանների պատճառով էլ երեք ավիաընկերությունների ինքնաթիռները միաժամանակ են վայրէջք կատարում, ու աղջիկները, միմյանցից անտեղյակ, հայտնվում են իրենց ընդհանուր նշանածի երեք տարբեր սենյակներում: Այստեղից էլ սկսվում է պատմության ամենահետաքրքիր ու զավեշտալի ընթացքը: