Բարձր տեխնոլոգիական ընտրախախտումներ

Բարձր տեխնոլոգիական ընտրախախտումներ

Ընտրախախտումներ նիկոլական «ժողովրդի իշխանությա՞ն» պայմաններում... Ոչ, չի կարող պատահել...

Նախկինների օրոք տարիներ շարունակ եղել եմ դիտորդական առաքելության ու այդ թեմաներով բազմաթիվ քննարկումների մասնակից: Միշտ էլ, թե՛ համապետական և թե՛ Երևանի ավագանու ընտրություններում ականատես եմ եղել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող բազմաթիվ խախտումների: Հիմնականներից մեկը զինվորներին ուղղորդելու երևույթն էր, քանի որ իշխող ուժն ստանում էր միանգամից մի քանի տասնյակ հազար քվե: Դեռևս սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներկայացրել եմ զինակոչիկների ընտրական իրավունքը սահմանափակելու առաջարկ: Դա, բնականաբար, չընդունվեց՝ ինչպե՜ս կարելի է սահմանափակել մարդու ընտրական իրավունքը: Սակայն արտաքնապես չսահմանափակելով այդ իրավունքը՝ գործող իշխանությունը միշտ խախտել է այն՝ զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելելով և զինվորներին ստիպելով քվեարկել իր օգտին: Այդպես էր նախկինների օրոք, և ինչպես ցուց է տալիս քվեարկության ընթացքը, այդպիսին է իրողությունը նիկոլական «ժողովրդավարության» օրոք՝ որքան էլ տարիներ շարունակ պաշտպանության նախարարությունը հերքումներ տարածի:  

Արդեն անցել է քվեարկության օրվա կեսը, և կարելի է արձանագրել, որ ի հայտ են եկել բոլոր հիմնական ընտրախախտումները: Եվ մամուլի հաղորդումները վկայում են, որ մնացած ընտրախախտումների առումով էլ ոչինչ չի փոխվել նիկոլական «ժողովրդի իշխանության» պայմաններում: Եվ ոչ միայն չի փոխվել, այլև խախտումներն ավելի կոպիտ են դարձել: Համենայն դեպս, վերջին 10 տարում չեմ հիշում որևէ դեպք, երբ ոստիկանությունը ընդդիմադիր շտաբներում խուզարկություն կատարեր՝ բերման ենթարկելով պատասխանատուներին: Կամ որպեսզի ոստիկանությունը ընտրատեղամասերից դուրս հաներ ընդդիմադիր ուժերի վստահված անձանց: Երևի այդ ամենը նախապատրաստելու համար էին մեկ ամիս առաջ ոստիկանները շրջայցեր կատարում ընդդիմադիր շտաբներով՝ ասելով, թե փորձում են փոխադարձ ծանոթություն հաստատել դրանց աշխատակիցների հետ: 

Բայց քանի որ մենք ապրում ենք փաշինյանական «ժողովրդավարության բաստիոնում», այս երկու օրերի խուզարկությունների համար հիմք է ծառայել քվեաթեթիկ տպող սարք որոնելու թույլտվություն տալու՝ երևանյան դատարաններից մեկի որոշումը: Ենթադրում եմ, որ նման որոշումն իսկապես անհրաժեշտ էր, սակայն նման սարքեր պետք է փնտրեին ոչ թե ընդդիմադիր, այլ հենց նիկոլական ՔՊ կուսակցության գրասենյակներում: Որովհետև քվեաթերթիկ տպելը դեռ գործի կեսն է, մյուս կեսը դրանք կնքելն է, իսկ կնիքները գտնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ քպկական անդամների մոտ: Համենայն դեպս, վերջիններս են քվեարկության նախորդ օրը  կնիքները տարել իրենց տները և օգտագործել (երեկվանից մի քանի դեպք է արդեն արձանագրվել):

Այդ ամենն, իհարկե, կբացահայտվի իշխանափոխությունից հետո, և օրինախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Անցնենք մեկ այլ հարցի. երևի միայն նիկոլական «փիառշչիկների» ուղեղում կարող էր ծնվել Պողոս Պողոսյանի սպանության դեպքը դարձնել հակաքոչարյանական սև փիառի նյութ և գիշերը քաղաքի փողոցները ողողել այդ թեմայով թռուցիկներով: Եվ դա բնական է, քանի որ թեկուզ պաշտոնապես ընդունված՝ պատերազմի 4000 զոհն իրենց համար հեչ, իսկ մարտի 1-ի կամ նշված սպանության 11 զոհերը՝ մեջ: Նրանք, իհարկե, թքած ունեն նաև այդ 11 զոհերի վրա, սակայն դրանք անհրաժեշտ են իրենց զոմբիացված կենսազանգվածին կրկին հիշեցնելու այն, ինչը որևէ համեմատության մեջ չի կարող դրվել 2020 թվականի պարտության աղետների հետ:

Բայց ընտրական խախտումների պսակը կարելի է համարել ընդդիմադիր դաշինքների քվեաթերթիկների (համար 6-ի և համար 24-ի) տպագրության համընդհանուր խոտանը. խզմզոցները և սահմանված չափից մեծ լինելը: Ինչը կարող ենք համարել նաև նիկոլական բարձր տեխնոլոգիական ընտրախախտումների օրինակներ: Թե որ տպարանում են տպվել քվեաթերթիկները և ինչու հենց նշված համարների քվեաթեթիկներն են համատարած ենթարկվել նման «վերաբերմունքի»՝ կբացահայտվի իշխանափոխությունից անմիջապես հետո, և պատասխանատուները կստանան համապատասխան պատիժներ: Ոնց հասկանում ենք, նիկոլիզմն այնպես է մխտռել մեր իրականությունը, որ առանց ավգյան ախոռները մաքրելու առաջընթաց ունենալ չենք կարող: Ի դեպ, այս հարցը կարող էր անմիջապես մեջտեղից դուրս գալ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր մեջ ուժ և համարձակություն գտներ, և հայտարարեր, որ տպագրական և ձեռքով կատարված խոտանումը համարվում է առ ոչինչ, և բոլոր այդ քվեաթերթիկները պետք է ընդունվեն որպես վավեր: Բայց դե համարձակություն կոչվածը խիստ հազվադեպ պատահող հատկանիշ է՝ հատկապես եթե այն պետք է դսևորվի սեփական երկրի իշխանության առումով:

Ինչևէ, դեռևս մնացել է քվեարկության օրվա մյուս կեսը, և հնարավոր է, որ ականատես լինենք բարձր տեխնոլոգիական ընտրախախտումների այլ դրսևորումների: Սակայն վստահ եմ, որ ինչ էլ մոգոնեն նիկոլական «փիառշչիկները»՝ դա որևէ ձևով չի ազդելու շարքային ընտրողի՝ Հայաստանի իրական ապագան ընտրելու կամքի և ցանկության վրա: