Պետք է ուշի ուշով հետեւենք, որ նոր օլիգարխներ ի հայտ չգան

Պետք է ուշի ուշով հետեւենք, որ նոր օլիգարխներ ի հայտ չգան
Վիգեն Խաչատրյան

Կառավարության ձեւավորումից հետո հրատապ է դարձել նոր ընդդիմության թեման, որը զսպող դեր կստանձնի իշխանությունների համար, ցույց կտա սխալներն ու բացթողումները, ապագայի ծրագրեր կներկայացնի։
Սրան զուգահեռ՝ առաջ է քաշվել օր առաջ երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, փոխելու թեման, քանի որ այն համարվում է ոչ լեգիտիմ։ 
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ո՞ր ուժը կարող է այսօր ստանձնել ընդդիմության դերը։

-Ընդդիմություն են «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը»։ Նրանք իշխանության մեջ չեն, ուրեմն ընդդիմություն են։ Ե՛վ ԲՀԿ-ի, եւ՛ ԼՀԿ-ի ելույթներում բավականին քննադատություն հնչեց կառավարության հասցեին։ Նրանց բոլոր ելույթներում կար քննադատություն։

-Իսկ կառավարությանը հաջողվե՞լ է հեղինակել ու ներկայացնել իրատեսական ծրագիր, այն համապատասխանո՞ւմ է մեր ակնկալիքներին։

-Այո, իհարկե, նորմալ ծրագիր է, արտառոց բաներ չեմ տեսնում։ Մի քիչ կոնկրետությունն է բացակայում։ 

-Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմին ի՞նչն է ավելի շատ պակասում իր ծրագրերը կյանքի կոչելու համար։

-Կարծում եմ՝ դեռ քիչ են աշխատել, նոր կառավարություն է, պետք է գոնե 100 օր սպասենք։

-Բայց թավշյա հեղափոխությունից ինն ամիս անցել է, մոտավոր ուրվագծվում է, թե ինչ ծրագրեր ունեն, ինչպես են աշխատում։

-Տեսնում ենք, որ բավականին արդյունքների են հասել, Հայաստանում փոխվել է մթնոլորտը, եւ դա նկատելի է արդեն։

-Ըստ Ձեզ՝ Հայաստանում այսօր չկա՞ն օլիգարխներ։

-Կարծում եմ, որ Հայաստանում բառի բուն իմաստով չկան օլիգարխներ, այսինքն՝ կան դրսեւորումներ, բայց անհամեմատելի է։ Շատ պետք է ուզենաս, որ այդ փոփոխությունները չնկատես։ Օլիգարխ երեւույթը իշխանության մեջ վերացած է։ Այլ խնդիր է, որ կարող է նորերի առաջացման վտանգ լինել, մենք պետք է ուշի ուշով հետեւենք, որ նման միտումներ լինելու դեպքում ահազանգենք։

-ՀԱԿ-ն առաջարկել է փոխել Սահմանադրությունը, վերադառնալ կիսանախագահական Սահմանադրությանը, որը ժամանակին իրենք են ընդունել։ Հրատա՞պ է այդ խնդիրը, փոխելու դեպքում էլ պե՞տք է վերադառնալ հնին։

-Ես կարծում եմ, որ այդ հարցը հրատապ չէ, ավելի հրատապ հարցեր կան։ Կարծում եմ, որ չպետք է վերադառնալ հնին, դրա անհրաժեշտությունը չկա։