Արդյոք մենք կփոխադրվե՞նք հաջորդ դասարան

Արդյոք մենք կփոխադրվե՞նք հաջորդ դասարան

Մեր հարցերին պատասխանում է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը։ 

 Մաս 1-ին

- Տարիներ առաջ, երբ դեռ թավշյա հեղափոխությունը չէր եղել, մի զրույցի ժամանակ ասացիք, որ նիցշեական  ժամանակներ են։ Հիմա ինչպիսի՞ ժամանակներում ենք ապրում։

- Այս վերջին երեսուն տարին մեր պատմության մեջ բացառիկ է։ Մեր ժողովուրդը դարեր նույն դասարանում մնալուց հետո հիմա քննություն է հանձնում․ կա“մ կփոխադրվի, կա“մ կմնա նույն դասարանում շարունակ (ես նկատի ունեմ իր պետականությունը կորցնելուց հետո, քանի որ պետությունը երկրի երեսին դպրոց է․ ազգը ոչ թե իր մշակույթով, այլ նրա ծայրագույն արդյունքը հանդիսացող պետությամբ է քաղաքակիրթ ազգ,– մնացյալը ճամարտակություն է) ։ Ուզում եմ ասել՝ կա“մ իր ի վերուստ տրված հանճարն օգտագործելով՝ ժամանակակից հասարակություն կդառնա և պետություն կկառուցի, որն իր կարեցածին չափով տեր կկանգնի նրան, կա“մ կմնա պետության բացակայության անտերության մեջ, որին կարող է տեր կանգնել ներսից ու դրսից ամեն մի գրագետ ու տգետ, ամեն ելուզակ ու խաղամոլ, իր երկիրն իր անձնական շահի համար սրան-նրան առաջարկող ամեն մի քաղաքական կավատ։   

- Մի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում ասացիք, որ եթե այս իշխանությունը չհաջողի, ապա մենք կդառնանք աշխարհի ամենահայատյաց ժողովուրդը։ Ի՞նչ հարցերում է հաջողել և անհաջողության մատնվել ներկա իշխանությունը։

- Այս իշխանությունը մեր ժողովուրդն է ընտրել, ինչքան էլ այսօր իր մսուրից հեռացված քաղաքական խուժանը նրան ամբոխ անվանի, հավանաբար կարծելով, որ իրեն հաջողվել է իր իշխանության երկու տասնամյակներում իրականացնել իշխանությունը պահելու իր մինիմալ ծրագիրը՝ նրան ամբոխ ու խուժան սարքել։ Այն նրան չի պարտադրվել։ Նրա կործանումը (Աստված մի արասցե) կնշանակի, որ մեր ժողովուրդը ինքնիշխանության  (սուվերենության) և ինքնակառավարման իմպոտենցիա ունի, և նրան պետք է դրսից կառավարեն՝ թեկուզև ներսի հինգերոդ շարասյան իրենց ուժերով։ Այնպես որ՝ այս իշխանությունների դեմ նրանց այսօրվա պայքարը՝ այն վիժեցնելու նպատակով, ես համարում եմ մեր հիվանդ բնազդների կուլտիվացիա։ Դա էլ ես տեսնում եմ․ ընդդիմություն անելու փոխարեն այսօր նախկին պետություն փչացնողները պարզապես շարունակում են պետություն փչացնելու իրենց գործը։  Եվ հարցի երկրորդ կողմն էլ կա․ բանն այն է, որ պետության և պետականության երկար բացակայությունը մեր ժողովրդի մեջ ոչ միայն անտերության զգացում է առաջացրել («որտեղ հաց, այնտեղ կաց» և «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» լոզունգներով),  այլև նրան հասցրել է անարխիզմի՝ ինքն իրեն չհավատալու և, հետևաբար, ինքն իրեն չենթարկվելու անիշխանականության, այնպես որ՝ ես չգիտեմ, այսօր իրենք իրենց ընդդիմություն կոչող հանրապետականները մեր պատմական անտերությա՞ն արգասիքն են, թե՞ անարխիզմի․․․Թե՞ երկուսը միասին՝ անտեր-անարխիզմի․․․Համենայն դեպս՝ մի բան ինձ համար հաստատ է․ քանի դեռ նրանք են ընդդիմադրի դիմակը կրելու իրենց դեմքերին, ընդդիմությունը անիշխանություն ու անտերություն է քարոզելու և, ամենավտանգավորը, Հայաստանում իսկական ընդդիմություն չի ձևավորվելու։

Սա ի պատասխան իմ բանաստեղծ ընկերոջ մեղադրանքին, որ ես խոստացել էի հանրապատականների՝ ԱԺ-ն լքելուց հետո ընդդիմադիր դառնալ, բաց չդարձա։ Անպայման կդառնամ,- մտավորականը պետք է ընդդիմադիր լինի,- բայց այստեղ երկու նրբություն կա․ նախ՝ այսօր ընդդիմադիր լինել՝ նշանակում է հենց այս նոր իշխանությունների կողքին լինել․․․ Հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում։ Մինչև տասնութերորդ դարը փողը հարստություն էր, այսօր այն, ցավոք, նաև քաղաքականություն է․այսօր մեր նոր իշխանությունների դեմ կանգնած են երկիրը տարիներ շարունակ թալանածների վիթխարի դրամական միջոցները,- այսօր ընդդիմություն լինել նշանակում է կամա-ակամա կանգնել նրանց կողքին։ Երկրորդ՝ քանի որ ընդդիմության ստարտաձողը այսօր դեռ նախկինների ձեռքն է (որը ոչ մի կերպ թույլ չի տա, որ իսկական ընդդիմություն ձևավավորվի, և դրա մեջ էլ լինեն մտավորական մարդիկ),  այսօրվա իշխանություններին ընդդիմադիր լինել՝ նշանակում է կամա-ակամա կանգնել նախկին կագեբեիստի կամ տասնամյակներ շարունակ հոր վերցրած կաշառքներով ապրած ու բոխախ գցած ինչ-որ դեկանորդու կամ պաշտոն չստանալու մոլուցքից իր պետությունն ու պետականությունը հայհոյողի, էլ չեմ ասում՝ իր պետության վարչապեստին «գլուխը ցխելով» կամ իր երկրի նախագահին «չափալախելով»  սպառնացող թուրքի գործակալի կողքին։ Հավատացեք, երբ մսուրքից հեռացված այս խաժամուժը վերանա (իսկ որ մի քիչ էլ վայրահաչելուց հետո կվերանա՝ չկասկածեք), ես ընդդիմադիր կլինեմ․․․       

- Ո՞րն է ընդդիմադիրի և ձեր ասած պետություն փչացնողի տարբերությունը։ 

- Ես օրինակով ասեմ․գիտեք, որ ՀՀ վարչապետը հանձնարարել է (կամ խնդրել, ինչը հանձնարարությունից ավելի խիստ կատարում է պահանջում) ժամը 11-ից հետո սալյուտ չգմփացնել․ ես ապրում եմ Զեյթուն թաղամասում, որտեղ լիքը ռեստորաններ են։ Դրանց տերերը կամ այնտեղ քեֆ անողները բոլորն իրավունք ունեն ընդդիմադիր լինելու,- դրանով նրանք կմասնակցեն իրենց պետության կայացմանը։ Բայց երբ ժամը 11-ից հետո վերջերս վերսկսել  են սալյուտ գմփացնելը՝ դա արդեն ոչ թե ընդդիմություն է, այլ պետություն փչացնել։ Եթե դուք ինձ հարցնեք, թե ես մի բառով ինչպե՞ս կբնութագրեի այսօրվա արտախորհրդարանական ընդդիմության արածը՝ ինչո՞վ է զբաղված նա, ես այդպես էլ կասեմ՝ պետություն փչացնելով․․․ Նրանք ընդամենը շարունակում են պետություն փչացնելու իրենց գործը․․․ Ընդհանրապես պետություն ու ազգ փչացնելը դժվար բան չէ․Եղիշեն իր պատմության մեջ պատմում է, որ Ավարայրից հետո Մուշկան Նյուսալավուրտը Հայաստանում պարզապես մի քանի տականքի դրեց իշխանության գլուխ։ Սա հին քաղտեխնոլոգիա է։  Յուրաքանչյուր ժողովրդի մեջ առկա է դիրտի ու տականքի իր տեղը նստած շերտը։ Լավ կառավարությունն այն է, որը դա պահում է իր տեղում և չի թողնում, որ այն երես բարձրանա, իսկ վատ կառավարությունը դա իսկույն հենց երես է բարձրացնում և դարձնում է իր հենարանը։ Նա հենվում է Թոխմախի խուժանի վրա։ Նա Ազգային ժողովի նախագահ է սարքում ոմն ինֆանտիլի։ Նա խախտում է իր Տան սրբազան տարբերակվածությունը․ զուգարանակոնքը բերում դնում է հյուրասենյակում, իսկ պապենական թանկ գորգը կախում է զուգարանի պատին․․․Նախկինները հենց դա էլ արեցին․նրանք մտածված փոխեցին մեր ժողովրդի կատեգորիան․ նրանք մտածված և համակարգված փորձեցին փչացնել մեր ժողովրդին՝ նրան ստիպեցին սովորել գողական նախարարներին ու պատգամավորներին, արաբերեն ու թուրքերեն երգել և ղեյլան քաշել․․․Նրանք անգամ Կոմիտասի անվան մեր Պանթեոնը պղծեցին․․․

- Տեսանելի ապագայում կձևավորվի՞ ընդդիմություն, քաղաքական ի՞նչ օրակարգով կարող է ներկայանալ այդ ընդիմությունը։

- Ցանկացած երկրում ընդդիմություն ձևավորող մի ատյան կա․ այդ երկրի Պրոբլեմը։ Ինչպե՞ս տարբերել իսկական և կեղծ ընդդիմությունը․ հենց դրանով՝ եթե դրանք պրոբլեմների լուծման տարբերակների բախումից են առաջանում, ուրեմն իսկական են, իսկ եթե ոչ՝ սուտ են և կեղծ կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ աթոռակռիվ ու ամբիցիաների կռիվ։ Իրենց ընդդիմություն համարող վերևում ասածս պետություն փչացնողներից ցանկացածին պաշտոն առաջարկեք՝ նրանք մի գիշերում կանցնեն իշխանությունների կողմը։ Մեր ժողովուրդն այսօր վիրահատել է քաղցկեղի օջախը, բայց մի՞թե մենք չգիտենք, որ դրա բուժման ամենածանր ու պատասխանատու փուլը մետաստազները բուժելն է, որոնք ավելի են կատաղում, երբ հեռացնում ես իրենց օջախը․․․ Հայաստանում առայժմ լուրջ և իսկական ընդդիմություն չի կարող առաջանալ, քանի դեռ կան նախկինները․ նրանք պարզապես թույլ չեն տա, որ առողջ ընդդիմություն ձևավորվի, քանի որ այդ դեպքում ռևանշի ձգտող իրենց մաղձն ու թույնը կդառնա ավելորդ․․․ Դրանց անբարոյականությունը ավելի պայծառ երևաց այս մի տարվա ընթացքում։ Թեկուզև ճիշտ բաներ ասեն։ Ես հիշում եմ մի գռեհիկ արտահայտություն, որը Մ․ Լութերն արեց Հռոմի սոդոմական պապի առնչությամբ, երբ նրա մի ճառի մասին մեկն ասաց, որ դա շատ ճշմարիտ ճառ էր․ «Թեկուզև ճշմարիտ․ բայց հապա նայեք, թե դա ինչ բերանից է բխում»։ Այնպես որ՝ բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովրդի սոցիալական և քաղաքական-աշխարհաքաղաքական վիճակն այսօր շատ ծանր է։ Բայց մենք պետք է դա ասողների բերաններին նայենք․ մեկը դա ասում է սրտի ցավով, մյուսը դա լուտում ու բարբաջում է․․․

- Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեր երկրի հիմնական պրոբլեմը։

- Իհարկե, այն աշխարհա-քաղաքական է՝ Արցախի պրոբլեմը։ Բայց չկարծեք, թե այդ պրոբլեմի լուծումը զուտ աշխարհա-քաղաքական է։ Թե Արցախի և թե մյուս խնդիրները մեր մշակութային, սոցիալական և քաղաքական տոկունության՝ մեր բարոյականության դերիվատներն են։ Այո, Արցախի և մեր տնտեսության խնդիրը ածանցյալ ու, մաթեմատիկայի լեզվով ասած, ռեզուլտանտ է,- դրանք մեր բարոյականության ածանցյալն ու արտադրույթն են։ Բայց խնդրում եմ այստեղ մի կարևորագույն բան նկատի ունենալ։ Երբ մենք ասում ենք՝ բարոյականություն, մենք քարոզչական կամ բարոյագիտական-հոգեբանական-գրական-գեղարվեստական ժպիտ առաջացնող մի բան ենք պատկերացնում, այնինչ ժամանակակից աշխարհում այն քաղաքական-տնտեսական հասկացություն  է,  քաղաքական կատեգորիա ու պայման է, քաղաքական կառուցվածք ու շահ է․անբարո պետությունները ոչ թե խախտում են հումանիզմի կամ բարոյագիտության չափանիշերը, այլ պարզապես տնտեսություն չեն կարող ստեղծել։ Ժողովրդավարությունը և ազատականությունը, որը բարոյականության նորմ է, այսօրվա աշխարհում տնտեսական հասկացություն է․ոչ ազատական երկրները պարզապես չեն կարող լավ տնտեսական համակարգ ունենալ, իսկ դա պետության հիմքն է։ Անգամ միակուսակցական Չինաստանում դա հասկացել են։

- Ի՞նչ եք առաջարկում։     

- Ես մեր ժողովրդի, մեր պետության ու հասարակության այսօրվա հրատապ խնդիրը, հակառակ մեր տնտեսագետների, տնտեսական չեմ համարում։ Ես չեմ կարծում, որ տնտեսական՝ թեկուզև ամենաազատական հարկային ու վարչարարական օրենքները Հայաստանը կարող են մտցնել տնտեսության, կապիտալի և ներդրումների ընդհանուր մի շղթայի մեջ։ Հերակլեսի սխրանքներից ամենադժվարը նրա հիգիենիկ սխրանքն էր՝ ավգյան ախոռները մաքրելը․ մեր այս իշխանությունների առաջ կանգնած է այդ խնդիրը։  Մեր պետությունը առաջին հերթին պետք է մեր բարոյականության տնտեսությունը կարգի բերի,- իսկ սոցիալականը իսկույն կհետևի նրան, ինչպես պոչը՝ աղվեսին։ Ես ուզում եմ ասել, որ այգին ծաղկեցնելու համար միայն լավ այգեգործությունը (բոլոր կարգի պարարտանյութերով հանդերձ) բավարար չէ․ պետք է գարուն լինի, պետք է լույս ու ջերմություն լինի,- պետք է քաղաքական-սոցիալական արդարություն ու ազնվություն լինի։ ժամանակակից աշխարհում կոռուպցիոները ոչ թե անբարոյական է, այլ պետական դավաճան․․․ Պետության մեջ արդարությունը քաղաքական միջավայր է, որտեղ էլ միայն կարող է ծաղկել տնտեսությունը և ոչ միայն այն․․․ Հավատացեք՝ կոռուպցիայի ու անբարոյության պայմաններում մենք լավ թատրոն էլ չենք ունենա․ անբարո պետության մշակույթն էլ անբարո կլինի՝ սերիալ, բամբասանքի գրականություն ու ռաբիս․․․  Թամաշա․․․ Գումարած, որ պետության մեջ բարոյականություն ի թիվս այլոց նաև նշանակում է պետության ինքնապիլոտ։ Բարոյական պետության ու հասարակության մեջ անգամ կառավարումը դառնում է պայմանական մի բան․ հասարակությունը անցնում է ինքնապիլոտի․․․ Եվ ինքնահիգիենայի։ Բարոյականությունը պետության մեջ նշանակում է պետական և տնտեսական ինքնիշխանություն՝ սուվերենություն․ ժամանակակից պետությունը, որը ազատական չէ, կամ ինչ-որ խունտայի ձեռքում է, կամ ինչ -որ կախվածության մեջ է, որի դեպքում փողն ու հարստությունը ինտելեկտուալ որևէ կշիռ չունի, հետևաբար՝ նաև պետական որևէ առաքելություն չունի․․․ 

- Մեկ տարի է, ինչ տեսնում ենք հին ու նոր մտածողությունների, ռեժիմների պայքարը։ Ըստ ձեզ՝ դա որքա՞ն կարող է շարունակվել։

-Այնքան, որքան մեր ժողովուրդը կհամառի պետություն ունենալու իր իդեալի ու իրավունքի մեջ։ Հիմա, մի տարի անց, ես կավելացնեմ հետևյալը․ եթե այս իշխանությունները տապալվեն, դա կնշանակի, որ մեր ժողովուրդն իր մեջ, իր ներսում ինքնիշխանության իրավունք չի տեսնում։

-Իսկ հնարավո՞ր է Ձեր ասած տապալումը։

-Դրան պատասխանելու համար մենք ուրիշ ոչ մի հենարան չունենք, քան մեր ժողովրդի պատմության փորձը։ Այդ պատմությունը շարունակական տապալումների պատմություն է։   Իսկ բանն այն է, որ պատմության բերումով մեր ժողովուրդը պետական մեծ բնազդ չի կարողացել կուտակել, փոխարենը՝ պարզունակ կենսաբանական և սոցիալական բնազդներ, քանի որ սոցիումը պրիմիտիվ մի բան է՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»․․․ Եվ նաև մի մոռացեք, որ պետության պակասը նախ և առաջ դասային հիերարխիայի պակաս է և, հետևաբար, անիշխանություն ու համահավասարեցում․ այդ դեպքում այդ հիերարխիան վերածվում է «ում թուրը ոնց կտրի» անարխիայի․․․ երբ պետություն չկա՝ բոլորը իրենց պետ են համարում, և սկսվում է մի բան, ինչը կոչվում է «պատերազմ բոլորի՝ ընդդեմ բոլորի»։ Դրա չքացմամբ մեր գիտակցության մեջ վերացել է տարբերակումը՝ մենք բոլորս խառնվել ենք բոլորիս․ չոբանը ոչ մի ակնածանք չունի և իր մտքերը նույնքան բարձրաձայն է արտահայտում, որքան, ասենք, գրողը։  Այդ ժամանակ սաստկանում է «իմ կարծիքը» արտահայտությունը՝ ամեն ոքի թվում է, թե ինքն իրավունք ունի կարծիք հայտնելու․․․ Սրան ավելացրեք, որ մենք այսօր պետության համար երկու կարևորագույն դաս և հետևաբար հոգեբանություն ու աստիճանակարգություն չենք ունեցել՝ ազնվական ու ռազմական դաս, ըստ որում նկատի ունեցեք, որ վերջինս առաջինի ճյուղավորումն է․ այսօրվա մեր «ազնվականը» փող ունեցողն է և ազգը պատկերացնում է իբրև կենացի առարկա, նա իր ազգի կենացը խմում է այնպես, ինչպես իր սիրուհու կենացը, որին սաունա է տանում և նվերներ է բախշում – ի՛նչ անենք, որ վերջինս կոչում է բարեգործություն ․․․Իսկ սպան գողանում է իր զինվորի օրապահիկը․ մեր նոր իշխանությունները ստիպված են մեր պետությունը կառուցել ազգը սաունա տանողի, նրան նվերներ անողի ու նրան ահաբեկածի («ըստեղ խի տղամարդ կա՞, որ ելնի իմ դեմ»․․․) այս պայմաններում։ Էլ չասած՝ նրան թալանածի ու բռնաբարածի․․․ Գումարեք, որ մեր պատմության մեջ մենք մեր խնդիրները միշտ պատկերացրել ենք իբրև օրախնդիրներ, այդ պատճառով մենք պետություն սարքելու սբ Հոգու շնորհը չունենք․ այն կոչվում է Սպասել․․․ 

-Ինչքա՞ն պետք է սպասենք։

-Դա կախված է նրանից, թե մենք ինչ նպատակ ենք դրել մեր առջև։  Նպատակ ունեցողը կարող է հազար տարի էլ սպասել, նպատակ չունեցողը մի ժամ էլ չի սպասի։ Այնպես որ՝ սպասել՝ նշանակում է նպատակ ունենալ կամ դնել։ Հրեաները սպասեցին երկու հազար տարուց ավելի և այսօր կառուցում են աշխարհի ամենաօրինական մի երկիրը, ոմանք դեռ սպասում են․․․ Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում՝ այսօրվանից սկսած 25-30 տարի․ 6 տարի, որ այսօր ծնվածը դպրոց գնա, 10 տարի, որ դպրոցն ավարտի, 6 տարի, որ բուհը ավարտի, երեք տարի էլ նրան նվեր՝ մտածելու և գործելու ստարտ դուրս գալու համար․․․ Այնպես որ՝ վերջ տանք տնտեսական հրաշքներին և անցում կատարենք մեր գիտակցության հրաշքին․ թարգ տանք դրսից ներդրումներ սպասելու մուրացկանի հոգեբանությանը և անցնենք մեր պետության մեջ միակ իրական ներդրմանը՝ մեր հոգու և գիտակցության ներդրումներին․․․ 

-Մենք կարո՞ղ ենք հաղթել։

- Ժողովուրդներն ու հասարակությունները նույնպես ունեն ծովի մակերևույթից իրենց բարձրության մակարդակը։ Երբ այն ծովի մակերևույթից ցածր է լինում՝ գետնին սողացող ամեն քափ ու փրփուր ինքնաբերաբար գալիս-լցվում է մեջդ։ Եթե բարձր՝ այն ամեն ինչի կարող է դիմագրավել։ Այնպես որ՝ եթե մենք ստեղծենք լավ մանկապարտեզ, լավ դպրոց, լավ բուհ, որտեղ կատարյալ Հայաստան ու հայրենասիրություն ուսանվի, մենք կհաղթենք։ Մեր հայրենասիրական դաստիարակությունը հենված է փքուն, ճոռոմ, քծնողական բանաստեղծությունների վրա, որոնցով տասնամյակներ շարունակ հայրենիքին «մտնելու» մրցույթ է գնացել և ոչ թե հայրենիքի պատկերը իրապես կերտող, նրա հիվանդության դիագնոզները դնող և իրական բուժումներ պահանջող մոտեցումներ, ասենք,  Հովհ․ Թումանյանի հոդվածների նման, որոնք կարդալիս նախ ամոթից կարմրում ես և ապա զորանում ես, քանի որ հասկանում ես, թե ինչպես պետք է ապրես ու գործես․․․Ես առաջարկում եմ այս շրջանում առանձին գրքով հրատարակել դրանք․․․ Այժմ Հայաստանում անամնեզի ժամանակներ են,  խիստ կարևոր է, որ ախտորոշումը ճիշտ դրվի։ Իսկ եթե այն ճիշտ է՝ բուժման միջոցները վաղ թե ուշ կգտնվեն։ Կրկնում եմ, որ մենք լուրջ՝ արդեն ասացի՝ հաջորդ դասարան փոխադրվել-չփոխադրվելու խնդրի առջև ենք կանգնած՝ մեն-մենակ՝ մենք ու մեր հոգին․․․ Կարո՞ղ ենք հաջորդ դասարան փոխադրվել։ Իհարկե, կարող ենք․ եթե․․․ Բայց կարող ենք նաև դպրոցից հեռացվել․․․ 

- Ի՞նչ անեն, որ փոխադրվենք․․․

- Մենք պետք է որոշենք գոյություն ունենալու մեր նպատակները։ Մենք շատ կենցաղային ժողովուրդ ենք դարձել, մենք անգամ քրիստոնեությունը ուզում ենք ծառայեցնել մեզ․․․ Հիշենք մեծ խոսքը, որը ով զանցում է, կործանվում է․ «Առաջնայինն այն չէ, ինչը ծառայում է տվյալ ժողովրդին (ասել է թե` օգտակար է նրան), այլ այն, ինչին ժողովուրդը պետք է ծառայի, եթե ուզում է պատմականորեն ժողովուրդ լինել»: Եթե մենք առաջնության մեր պատկերացումը չփոխենք, կարող ենք պատմությունից դարձյալ հեռացվել և ապրել («ուտել-խմելով») նրա լուսանցքներում՝ իբրև լուսանցքային ժողովուրդ, ինչպես որ դարեր շարունակ ապրում էինք, մինչև որ Խաչատուր անունով մի տղա մեզ նորից պատմություն վերադարձրեց․․․
                                                           

Շարունակելի