Երկրորդ ճակատ չբացելու վայրը ոչ միայն Բաքուն է, այլեւ Երեւանը

Երկրորդ ճակատ չբացելու վայրը ոչ միայն Բաքուն է, այլեւ Երեւանը

Հայաստանում կան ուժեր, որոնք Հայաստանն Ուկրաինա չդարձնելու համար պատրաստ են այն «բելառուսացնել», եւ կան ուժեր, որոնք Հայաստանը «չբելառուսացնելու» համար համաձայն են այն «ուկրաինացնել»: Այնինչ Հայաստանի իսկական ճանապարհը ո՛չ նրա «բելառուսացումն» է եւ ո՛չ էլ «ուկրաինացումը»: Հայաստանի ճանապարհն առաջին հերթին Սյունիքում արտատարածքային միջանցքին է վերաբերում:

Խոսքը, անշուշտ, Հայաստանի՝ պատերազմ փնտրելու կամ չփնտրելու մասին չէ: Իհարկե, այսօրվա Հայաստանի համար պարտադիր է պատերազմից խուսափելու համար շատ բան անել: Դա պարտադիր է, որովհետեւ Հայաստանին փնտրող այդ նոր պատերազմը, տեւողության առումով, 44 կամ ինչ-որ քանակի օրեր տեւող պատերազմ չի լինելու: Այդ պատերազմը նրան կա՛մ հաղթանակ բերող է լինելու, կա՛մ պետականության կորստի մատնող։
Սակայն հանգամանքների նման դասավորությունն անգամ եւ նույնիսկ սպասվելիք աննախադեպ ճնշումները, որոնք Հայաստանից կախված եւ նրանով պայմանավորված ճնշումներ չեն լինելու, չեն կարող եւ չպետք է միջանցք տրամադրելու կամ չտրամադրելու հարցում Հայաստանին ստիպեն, որ նա ընտրի չհիմնավորված եւ չպատճառաբանված զիջումների ուղին:

Իհարկե, այդ ճնշումները, որոնք ուղիղ համամատական կլինեն դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման գործընթացում ամեն օր ավելի մասշտաբային դարձող դժվարություններին, գնալով ավելի ահագնացող ու վտանգավոր են դառնալու: Դրանք այդպիսին են դառնալու, որովհետեւ արդեն իսկ պարզ է, որ դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման ռուս-ուկրաինական պայմանագիրն Ուկրաինան այլեւս չի երկարաձգի: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանով ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի համար ամեն օր ավելի մեծ կարեւորություն ձեռք կբերի: Եվ, հետեւաբար, ամենեւին էլ բացառված չէ, որ իր աշխարհագրական եւ կոմունիկացիոն աննախադեպ կարեւորությունը զգացած Ադրբեջանը, Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշումների գնալու ճանապարհին, աջակցություն գտնի նաեւ Արեւմուտքում ու Ռուսաստանում:

Հետեւաբար, ոչ թե վաղը, այլ հենց հիմա է կարեւոր, որ Հայաստանը կարողանա այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որը ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին օգնի, որպեսզի նրանք իրենց մայրաքաղաքներում հասկանան, որ «երկրորդ ճակատ» չբացելու վայրը ոչ միայն Բաքուն, այլ նաեւ Երեւանն է: Նրանց համար Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը պետք է ձեւակերպված ազդակ լինի այն մասին, որ Հայաստանի խաղաղասիրությունը «հաշվել չիմացողից» եկող խաղաղասիրություն չէ, որ թեեւ այսօրվա Հայաստանը խաղաղության համար շատ բան կարող է զիջել, բայց նա գիտի ու համարում է, որ այդ զիջումների տեղը ոչ միայն Երեւանը, այլ նաեւ Բաքուն պետք է լինի:

Այս առումով այսօրվա Հայաստանի համար «պատերազմի չտանող» բոլոր ճանապարհները, անշուշտ, ընդունելի ճանապարհներ են, եթե միայն դրանք Սյունիքում արտատարածքային միջանցք տրամադրելուն չեն վերաբերում: Բայց եթե արտատարածքային միջանցք տրամադրելու կամ չտրամադրելու հարցում Հայաստանը դրվի մի այնպիսի վիճակում, երբ ստիպված լինի ընտրություն կատարել «ժանտախտի եւ խոլերայի» միջեւ, ապա այդ վիճակում հայտնված Հայաստանի համար արտատարածքային միջանցք «չտալու» պատերազմն «արդար» պատերազմը կլինի: Եվ Հայաստանն անպայման կընտրի ու կգնա իրեն պարտադրված, բայց իր համար «արդար» այդ պատերազմն ընդունելու ճանապարհով, այլ ոչ թե հանուն անարժանապատիվ խաղաղության կզիջի իր ունեցած ամեն ինչ, անգամ՝ ամենաթանկը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ