Իմաստ չունի հրապարակային դեմարշներ անելը

Իմաստ չունի հրապարակային դեմարշներ անելը

Արցախը վերջին օրերին լրատվական կայքերում ուշադրության արժանացավ ամենեւին էլ ոչ բարենպաստ լույսի ներքո։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս,  Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ իրավաբանական վարչությունները ծանուցում էին ստացել առ այն,  որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված բարեկամության հռչակագրերը։ 

Իսկ օրերս Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն իր ֆեյսբուքյան էջում  գրել է, որ Շուշիի հետ կնքված  բարեկամության հռչակագիրն օրինական է, եւ ինքը բողոքարկելու է վարչական դատարանի վճիռը։ 

Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը եւս հայտարարել է Առնուվիլի եւ Արցախի Շեխեր քաղաքի միջեւ բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը բողոքարկելու մասին։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր արդեն իսկ այդ առթիվ հնչել են մտահոգություններ, պատգամավորներն արծարծել են այն հարցը, որ չպետք է հույսը դնել սփյուռքի վրա եւ անտեսել ադրբեջանական լոբբինգը։ Քննադատություններ են հնչել նաեւ ՀՀ արտգործնախարարության հասցեին, որը բավարար չափով չի աշխատում ադրբեջանական լոբբինգը չեզոքացնելու ուղղությամբ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ արտգործնախարարությունն ունի լրացուցիչ անելիք։ Մյուս կողմից՝ նա համոզված է, որ ֆրանսահայ հասարակությունն ավելի շատ անելիք ունի, որպեսզի ֆրանսիական հասարակության մեջ այդ դատական որոշումների նկատմամբ ձեւավորվի բացասական վերաբերմունք։ 

«Այնուամենայնիվ, այդ դատարանների  որոշումները հակասում են ֆրանսիական հասարակության մոտեցումներին Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ աշխատել է ադրբեջանական լոբբինգը, թիրախային ձեւով է աշխատում դատական իշխանության հետ, ֆրանսիական փաստաբանական շրջանակների հետ։ Ենթադրում եմ, որ մեծ գումարներ են ծախսվում։ Բայց,  այնուամենայնիվ, չմոռանանք, որ Ֆրանսիան ժողովրդավարական երկիր է, եւ դատական իշխանությունն անկախ է քաղաքական իշխանությունից։ Հետեւապես ապագա անելիքները պետք է համաձայնեցված ուրվագծվեն։ Ողջունելի է նաեւ Ֆրանսիայի քաղաքապետերի հերթով արվող հայտարարությունները, որ իրենց վերաբերմունքը Արցախի նկատմամբ չի փոխվել»,- նշում է քաղաքագետը։ 
Ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը։

«Այստեղ աշխատանք պետք է կատարվի հասարակության հետ։ Նաեւ՝ իրավաբանական շրջանակների։ Սակայն իմաստ չունի Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակային դեմարշներ անելը։ Արտգործնախարարության հայտարարությունը, կարծում եմ, լիովին բավարարում էր իրավիճակը ֆիքսելուն եւ պատշաճ գնահատական տալուն»,- արձագանքեց Ռուբեն Մեհրաբյանը։