Նոր եռանդով, նոր քվե ստացած՝  քաղաքական գործունեությունս շարունակելու եմ․ Աշոտյան

Նոր եռանդով, նոր քվե ստացած՝  քաղաքական գործունեությունս շարունակելու եմ․ Աշոտյան

«Հրապարակի»-ի հարցազրույցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ 

-Պարոն Աշոտյան, ինչո՞վ եք զբաղվելու, այս մասին արդեն մտածե՞լ եք։

-Վստահ եմ, որ մնալու եմ քաղաքականության մեջ, մի փոքր դադարը պարզապես ուժերը վերականգնելու համար է։ Ունեմ առաջարկներ արտերերկրից, որոնք մերժել եմ։ Ընտրողների կողմից ինձ տված վստահության քվեն պարտավորեցնող է։ Նաև անձամբ ինձ տված վստահության քվեն, և Ազգային ժողովի մանդատով չի որոշվելու երկրի հանդեպ իմ  ունեցած պատասխանատվության և ծառայություններիս չափը։ Ես ստացել եմ 2396 ձայն, շատ ավելին, քան այն մարդիկ, ովքեր քարոզարշավի ընթացքում գուժում էին իմ հնարավոր ցածր արդյունքների մասին, այնինչ, պարզվեց՝ ոչ միայն հանրապետականների շրջանում ռեյտինգային ցուցանիշներս  լավագույններից մեկն են, այլ առհասարակ, «Իմ քայլը»-ը դաշինքի թեկնածուներին հանած, մյուս քաղաքական ուժերի թեկնածուների հետ համեմատության մեջ նույնպես առաջատարների ցանկում են։ Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ՝ նոր եռանդով, վստահության նոր քվե ստացած։ Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման հարցերին, մի մտահոգվեք։

-Իսկ ավելի կոնկրետ, ի՞նչ եք արել այս օրերին, գիրք կարդա՞լ, շփվել։

- Բնականաբար։ Անձնական աճի հետ կապված պրոցեսները մշտական են։ Որպես Կրթության և գիտության նախկին նախարար միշտ բոլոր երիտասարդներին հորդորել եմ զբաղվել ինքնակրթությամբ ողջ կյանքի ընթացքում։ Եվ այսօր էլ չվհատվել այն պատճառով, որ ԱԺ-ի ընտրությունների արդյունքները կարծեք թե ստվերում են գիտելիքի և կրթության կարևորությունը, բայց դա ժամանակավոր երևույթ է։ 

Ի՞նչ եմ արել այս ընթացքո՞ւմ։ Վերջապես սկսել եմ նայել The last  kingdoom -ի՝ առհասարակ, «Վերջին թագավորությունը»-ը ֆիլմի  երրորդ սեզոնը։