Դեկտեմբերի 9-ի դասերը․ Փշե պսակ՝ Նիկոլ Փաշինյանի համար

Դեկտեմբերի 9-ի դասերը․ Փշե պսակ՝ Նիկոլ Փաշինյանի համար

2017 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ ՀՅԴ (6,6%) եւ Հայաստանի հանրապետական (49,2 %) կուսակցությունները, «Ծառուկյան դաշինքը» (27,3%) եւ «Ելք» դաշինքը՝ իր 7,8 տոկոսով, որի կազմում էին «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 
Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում մանդատներ կստանա երեք ուժ․ «Իմ քայլը» դաշինքը՝ ընտրողների 70 տոկոսից ավելի ձայներով, որն այս անգամ «Առաքելություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից է կազմված, ԲՀԿ-ն՝ իր 8-ից մի քիչ բարձր տոկոսով, եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», որն ընտրողների 6-ից մի քիչ ավելի տոկոսի քվեին արժանացավ։ Իրականում այս երկու ընտրությունների արանքում հույզերի, սիրո, ատելության եւ էյֆորիայի օվկիանոս է, որն ապրեցինք մեկ տարում։ Դեկտեմբերի 9-ին ընտրատեղամասերում Հայաստանով մեկ խաղաղություն էր, լրագրողները ձվի մեջ մազ էին փնտրում, որ գոնե մի քանի խախտում նշեին, իսկ ձայների գիշերային հաշվարկն ընտրատեղամասերում անցնում էր առանց թաղային տականքի լարող ներկայության, ծափ-ծիծաղով։ 

ՀՀԿ-ն ընդունեց պարտությունը, չկա չարիք՝ առանց բարիքի

Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարան չմտած ՀՀԿ-ն չի բողոքարկելու ընտրությունների արդյունքը։ Կուսակցությունը, որը «թվեր էր խփում», բավարարվեց իր ստացած 5-ից պակաս տոկոսով։ Կուսակցության անդամներից սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ընդունում է մեծամասնության որոշումը․ «Ես քվեարկել, դուրս եմ եկել, առանձնակի ինչ-որ վատ բաներ չեմ տեսել։ Ճիշտ այնպիսի ընտրություն է եղել, ինչ որ նախորդ՝ 2017 թվականի ընտրություններին։ Ո՛չ դրական, ո՛չ բացասական բան չեմ նկատել։ Էյֆորիկ վիճակի քվեարկությունները զգայական են։ Բայց ինձ համար ընդունելի է՝ մեծամասնությունը որոշում է կայացրել»։ Նա անձնական կարծիք արտահայտեց, թե չի կարողանում հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Ես այն ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը շարունակելու է այս մարտահրավերների միջով անփորձանք խուսանավելով՝ հասնել հանգրվանի։ Իսկ որքան էլ ատենք, չսիրենք ՀՀԿ-ին կամ առանձին երեւույթների, հանուն արդարության պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մեր պետականության այդ ողնաշարը տարիներ շարունակ կարողացել է ապահովել»։ Իր կուսակցության պարտությունը նա ցավով չի ընդունում։ «Չկա չարիք՝ առանց բարիքի, - ասում է։ - Այսօր ես դա էի մտածում, որ ամենեւին էլ չեմ տխրում այն հանգամանքի համար, որ այսպես է ստացվել։ Գուցե սա հնարավորություն է տալու ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ից դուրս, որ որոշակի վերարժեւորումներ տեղի ունենան։ Չի կարող տասնյակ տարիներ պատասխանատվություն ստանձնած ուժն անթերի լինի մինչեւ վերջ։ Սա լավ հանգրվան է ինքնամփոփվելու՝ որոշ ժամանակ, հաշվառվելու, որոշ բաներ նորովի ուրվագծելու ու հասարակությանն էլ երկար ժամանակի մեջ՝ 2, 3, 5 տարիների, հնարավորություն տալու, որ համեմատություն կատարի ներկայի եւ նախկինի միջեւ։ Սա երկուստեք հնարավորություն էր վերաիմաստավորելու»։ 

ՀՅԴ-ն ընտրողի պորտը տեղը դրեց

ՀՅԴ-ն վերջին 15 տարում առաջին անգամ խորհրդարանում չի լինելու։ ՀՅԴ-ն, որի համար երկրորդ ու երրորդ նախագահները մշտապես տեղեր էին ապահովում խորհրդարանում, եւս փողոցի ընդդիմություն դարձավ։ «Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»,- ասվում է երեկ օրվա վերջում տարածված հայտարարության մեջ, որի երկրորդ մասում դաշնակցականները մի լավ կճմթեցին նույն ընտրողին։ «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին։ Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման»։ Իսկ ձեւավորվող խորհրդարանի մասին ասված է, որ այն չունի հստակ գաղափարական եւ ազգային դիմագիծ։ 

Հեղափոխությունն այսբերգ էր՝ երեվացողը Նիկոլն էր, չերևացողը՝ Սուրոն

Դեկտեմբերի 9-ի անակնկալը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էր։ «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը», «Էլեկտրիկ Երեւան»-ից, այլ քաղաքացիական շարժումներից սերած երիտասարդները, որոնք նախկինում մերժում էին քաղաքական պայքարը եւ պահանջում էին, որ իրենց շարժումները չքաղաքականացնեն, կուսակցություն գրանցեցին, յուրահատուկ, հիշվող քարոզարշավ անցկացրին։ 12 օրվա ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը 5 հազար ձայն հավաքեց։ Նրա համակիրներից մեկը ՖԲ-ում գրել էր․ «Հեղափոխությունն այսբերգ էր: Երեւացող մասը Նիկոլն էր, չերեւացողը՝ Սուրոն»: Ճիշտ է, երեկվա դրությամբ, նախնական արդյունքներով, սա մեկ տոկոս էլ չկազմեց։ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը կես կատակ նկատում է․ «Բանավեճից հետո իմ հեռախոսը չի լռել, եւ այդքան մարդ միայն ինձ է զանգել, ասել, որ անձամբ ինձ է ընտրելու։ Կա՛մ բոլոր մեզ ընտրածներն ինձ զանգել են, կա՛մ էլ որոշներն ասել են, բայց չեն ընտրել։ Չնայած ինձ զգուշացրել էին, որ այդպես է լինելու, քանի որ ես նորեկ եմ այս դաշտում։ Փորձառուներն ինձ ասում էին՝ ձեզ շատ կասեն, որ ձեզ ընտրելու են, բայց չեն ընտրի։ Հավանաբար, սա օրինաչափություն է։ Ես ի գիտություն ընդունեցի, բայց ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ամեն ձայն ինձ համար անգին է»։ Ի պատասխան մեր խնդրանքին՝ ԱԺ վերջին 2 ընտրությունների միջեւ համեմատություն կատարելու, նա նշեց․ «Դրական ու բացասական կողմերը նշեմ։ Դրականն այն է, որ ընտրակաշառքի համատարած բաժանում չկար։

Ընտրակաշառք բաժանվել է, բայց դա համակարգված չի եղել եւ առանձնապես մեծ ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Կուզեի, որ այն բացառվեր ոչ միայն ոստիկանության, իրավապահների ջանքերով, այլեւ հանրության կողմից էլ մերժվեր այդ երեւույթը։ Ողղակի չվերցնեին առաջարկված կաշառքները։ Բայց սա մշակույթի հարց է։ Իսկ բացասական պահերից կարող եմ ասել, որ հեղափոխությունը չի փոխել մարդկանց էլեկտորալ վարքը, այն չափորոշիչները, ինչով իրենք որոշում են կայացնում՝ իմ բարեկամին ընտրեմ, եղբորս ընտրեմ, առանց ծրագրերին նայելու։ Սակայն դա օրինաչափ է։ Չէր կարող հեղափոխական 7-օրյա կամ մի ամսվա պրոցեսն այդ աստիճանի մշակութային երեւույթներ փոխել։ Ես հանձնառություն եմ վերցրել, որ հաջորդ ընտրություններին գոնե մենք մոտենալու ենք այն կետին, որ գաղափարական լինեն ընտրությունները, դրանց հիմքում գաղափարական չափորոշիչները լինեն առաջնահերթ»։ Իր խորհրդարան չմտնելը Սահակյանը հանգիստ է ընդունում․ «Նախօրոք, մինչեւ ընտրությունները հայտնել եմ, որ կուսակցությունը մեկօրյա չէ, մի ընտրական գործընթացի համար չէ։ Մեր մասնակցությունն էլ մազից էր կախված, որովհետեւ անդամներից շատերին՝ գործադիր մարմնում եւ որոշում ընդունողներից, չէր հետաքրքրում ԱԺ-ում ներկայությունը, այլ հետաքրքրում էր կուսակցությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու աշխատանքը»։

Մեր ժողովուրդը հավատի առումով մի բարի երեխա է

Լրագրող, քաղաքական մեկնաբան Մարիետա Խաչատրյանը, որն 80-ականներից լրագրության մեջ է եւ հետեւել է հայաստանյան բոլոր ընտրություններին, կարծում է, որ այս ընտրությունները շատ չեն տարբերվում նախորդներից։ «Միգուցե ազատ ընտրություն է եղել, բայց հենց բանավեճի ժամանակ Էդմոնին կողքը դնելով եւ նրա հետ անընդհատ տալ-առնելով` Նիկոլն իր կողմնակիցներին հասկացնում էր, որ նրա ուժին էլ պիտի անցկացնել։ Բանավոր լսել եմ, բայց չեմ կարող ապացուցել, որ գյուղապետերին հանձնարարություն է եղել «Լուսավորի» համար էլ քվե ապահովել։ Այսինքն, եթե թեկուզ հանձնարարություն չլիներ, բայց լոյալ վերաբերմունք լիներ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի նկատմամբ, ապա նրանք իրոք կձգեին 5 տոկոսը: Ընդհանրապես` ապագա կազմը ասեկոսեների համար առատ հող է, որ ասեն, թե տեսեք` Նիկոլենց ձեռքով հարց են լուծելու, ինչ-ինչ արտաքին ուժեր, հակակշռող չի լինելու, կուզեն՝ Սահմանադրություն կփոխեն, կուզեն՝ ամենաանհեթեթ օրենքները կընդունեն` լայն լեգիտիմություն ունեն: Սակայն հասկանո՞ւմ եք, ժողովրդի վրա են գցում, իսկ մեր ժողովուրդը հավատի առումով մի բարի երեխա է, իսկ երեխային միայնակ չի կարելի թողնել նույն մտածողության ուժերի հետ, անպայման զսպող ու հակակշռող է պետք, որը դեռ ես չեմ տեսնում»։ Մարիետա Խաչատրյանը նկատում է, որ այս ընտրությունների արդյունքում «ապագաղափարական» խորհրդարան է ձեւավորվում, որ իշխանության եկած քաղաքական ուժը չունի հստակ գաղափարախոսություն։

«Ո՞րն է «Իմ քայլի» գաղափարախոսությունը՝ հայտնի չէ։ Փողոցային մի քանի կարգախոսներով, որ վերաբերում են մարդու իրավունքներին, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը կամ Ամուլսարին` սա հո գաղափարախոսություն չէ՞, որ խորհրդարանի կայուն մեծամասնությունը որդեգրի` պետություն ու ազգ ներկայացնելիս։ Այս ուժը պետք է հստակեցնի իր գաղափարները մի շարք` հայերիս համար առանցքային նշանակության հարցերում, պիտի փողոցային ուժից փորձի առաջիկա հինգ տարում ինստիտուցիոնալ ուժ դառնալ»: «Իմ քայլի» թեկնածուների ազգանունների մեջ, ըստ Մարիետա Խաչատրյանի, պրոֆեսիոնալ հատկանիշներով կամ ընդհանրապես աչքի ընկած մարդիկ քիչ են։ «Կոչ կանեի մի մասին ինքնաբացարկ հայտնել եւ ներքին սելեկցիա անել, որպեսզի ոչ թե ընկեր տղերքով գնան խորհրդարան, այլ իսկապես գործ անողներով»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա վերջինիս կողմնակիցներն էլի ակնկալիքներով են ընտրել։ «Չգիտեմ, ինչ անկնկալիքներ, ասենք` աշխատանք, հետագայում՝ օգնություն, հովանավորություն։ Սա բացահայտ ընտրակաշառք չէ, սակայն շահագրգռությամբ ընտրություն է։ Այդ ուժի մեջ կան մի երկու լավ պատգամավոր, բայց ընդհանուր առմամբ նոր մոտեցումներին համարժեք կորպուս խորհրդարան չի տանում այդ ուժը եւ առանձնապես գաղափարական չէ»:

Հարցին, թե որն է դեկտեմբերի 9-ի դասը, Մարիետա Խաչատրյանը պատասխանեց․ «Սա համարենք մի լավ դաս բոլոր իշխողների համար, որոնք կարող են օտարանալ ժողովրդից, չլսել նրա պահանջներն ու բողոքները, սեփական եսասիրական պահանջներին ու ախորժակին հագուրդ տալ ու ոչինչ չփոխել: Հասկանո՞ւմ եք` մի ողջ սերնդի կյանքն անցավ վերջին 20 տարիներին։ Մարդիկ ուզում էին փոխել իրենց կյանքը։ Մնում է թույլ չտալ նախկին իշխանության նորովի կրկնությունը, քանի որ դրա գայթակղությունը մեծ է: Հենց մենակ էն, որ Դոնթի բանաձեւ են մեջ գցում ու խոսում են 132 պատգամավորից` այս մեր սուղ բյուջեի պայմաններում, անընդունելի է։ «Իմ քայլը» թող մի փոքր զսպի ախորժակը, մեր երկրին 100 պատգամավորից ավելի ունենալը հակացուցված է»։ Մեր լրագրողական զրույցի վերջում նա հիշեցրեց Մակեդոնացու փշե պսակը, որը նրա հրահանգով ստրուկն իրեն պետք է պարբերաբար մատուցեր, որ նա չմեծամտանար ու չհղփանար, չմոռանար ժողովրդին ծառայելու մասին։ «Կմատուցե՞ն էդ փշե պսակը Նիկոլին «Լուսավորն» ու ԲՀԿ-ն` հազիվ թե»։