Արդյոք ընդդիմությունը չեղարկելու էր Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը

Արդյոք ընդդիմությունը չեղարկելու էր Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը

Իրականում այն ամենը, ինչ այսօր, հիմա կատարվում է Հայաստանում, ուղղակի հետևանքն է նախորդ արտահերթ ընտրությունների։ Սրանք իհարկե առաջին հերթին նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքներն են, իհարկե, բազմաթիվ հետևանքներ ունեցանք 2018-ից հետո։ 2018 թվականի իրադարձությունների հետևանքն են թե 44-օրյա խայտառակ պատերազմը, թե վերջին խորհրդարանական ընտրությունները։ Այս պատճառահետևանքային պահերի ֆիքսումից հետո է, որ միայն արժի անդրադառնալ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած հերթական քննարկմանը իր ելույթում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Նշենք, որ քննարկումը տեղի է ունենում  «Հայկական օրակարգ․ ընտրություններից մեկ տարի անց» խորագրով։

«Պետք է ֆիքսել, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն էին ընտրություններից առաջ գտնում, որ առաջացած քաղաքական ճգնաժամը պիտի լուծվեր հենց ընտրությունների միջոցով։ Ի վերջո բոլոր քաղաքական մեծ ուժերը համաձայնվեցին գնալ ընտրությունների։ Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում ընտրություններից հետո, շատ բնական էր ու կանխատեսելի։ Ընդդիմադիր խմբակցությունների որևէ ազգօգուտ օրակարգ ոչ միայն չընդունվեց այսքան ժամանակ, այլ նույնիսկ քննարկման առարկա չդարձավ։ Իշխանությունը զավթած քաղաքական ուժի կողմից այն, ինչ կարելի էր նախապես պատկերացնել, տեղի ունեցավ, նույնիսկ տեղի ունեցավ ծեծ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Ակնհայտ է, որ ընտրությունները ոչ թե քաղաքական ճգնաժամ լուծեցին, այլ դրանք էլ ավելի խորացրին։ 2018 թվականից հետո իշխանությունը զավթած ուժը փչացրել էր մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, որոնք պատերազմից առաջ ու հետո այլևս մեզ համար գործընկերներ չէին։ Նրանք իրենց լռությամբ պաշտպանում էին Ադրբեջանին, որի ղեկավարը տևական ժամանակ առաջ ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ինչ-որ բաներ էին պարտադրում»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ իրավիճակ կունենայինք հիմա, եթե ընտրություններում այլ արդյունք գրանցված լիներ, պատասխանեց․ «Առհասարակ «եթե»-ով հարցերը սովորաբար պատասխան չունեն, բայց լավ հարց եք տալիս։ Հաճախ հարցնում են, թե լավ, ենթադրենք հեռացրիք այս ազգակործաններին, բոլոր հայտարարությունները չեղարկելու՞ եք։ Այո, այդ խայտառակ ստորագորությունները էապես նվազեցրել են մեր շանսերը, սակայն նույնիսկ դրանից հետո տեղի են ունեցել իրողություններ, որոնք որևէ կապ չունեն այդ երեք հայտարարությունների հետ։ Մեր տղերքը մինչև հիմա Բաքվի բանտերում գերի են, ի՞նչ է, այս հարցը ևս բխում է այդ հայտարարությունների ստորագրումի՞ց, իհարկե ոչ։ ՀՀ տարածքները զավթվել են, ի՞նչ, այս պրոցեսը բխում է այդ հայտարարությունների ստորագրումի՞ց, իհարկե՝ ոչ։ Ողբերգությունները շարունակական են լինելու, քանի դեռ այս իշխանությունները կան, սա է ամենը»,- հավելեց նա։