Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած կտավները շարունակում են մահաբեր պտույտը

Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած կտավները շարունակում են մահաբեր պտույտը

2003 թվականի օգոստոսի 18-ին հայտնի նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի երեւանյան բնակարանից գողացել էին նրա հռչակավոր հոր` գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վրձնի գործերը՝ երկու տասնյակից ավելի կտավներ: Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ամուսինը՝ Ռուդիկ Վարդանյանը, նախկինում կուսակցական աշխատող էր եղել, խորհրդային շրջանում ղեկավար պաշտոններ զբաղեցրել եւ մեծ հարստություն ուներ կուտակած: Տերյան փողոցում  գտնվող բնակարանից գողերը, նկարներից բացի, նաեւ ոսկի ու թանկարժեք քարեր էին տարել: Երկու հոգու այն ժամանակ դատեցին՝ Հրայր Վանյանին, որպես գողություն կատարողի, եւ Վարուժան Գեւորգյանին` որպես գողոնը թաքցնողի:

Սակայն իրավապահներն այդպես էլ չկարողացան բացահայտել այս հանցագործությունը եւ վերադարձնել կտավները:

2005 թվականին մահացավ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, եւ գեղարվեստի կուլուարներում խոսում էին այն մասին, որ Լավինիայի մահվան հիմնական պատճառն անգին ժառանգության կորստի ցավն էր:

Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ դրանք 21-ն են եղել, սակայն տեղեկություններ կան, որ ոչ թե 21-ը, այլ՝ 26-ը, եւ նույնիսկ ավելի շատ նկարներ են թալանվել, ու կտավների մի մասը յուրացրել են բարձրաստիճան իրավապահները: Մի քանի անգամ քննությունը վերսկսվեց ու կրկին՝ անարդյունք, փակվեց: Վերջին անգամ մեծ վարպետի կտավների կողոպուտին անդրադարձել էր Ազգային անվտանգության ծառայությունը՝ «Հրապարակ» թերթի՝ 2014 թվականին հրապարակած հոդվածաշարի հիման վրա: Մենք ցուցմունքներ տվեցինք գործի շրջանակում, սակայն այն դարձյալ փակվեց: Իսկ կտավները, մեզ հայտնի տեղեկություններով, այսօր էլ ձեռքից ձեռք են անցնում՝ նոր հանցանքներ հրահրելով: 

Այս գործով գլխավոր վկան՝ քրեական հեղինակություն Վարուժան Գեւորգյանը, որը դատվելուց հետո մեկնել էր Մոսկվա, պարբերաբար համացանցի միջոցով կապ էր պահում ինձ հետ եւ վստահեցնում, որ նկարները հիմա էլ իր մոտ են: Նույնիսկ նկարների լուսանկարներն էր ուղարկում, քանի որ ես չէի հավատում՝ կարծելով, թե նա պարզապես ֆանտազյոր է: 

«2003 թվականին կալանավորվելով որպես Ռ. Վարդանյանի տան գողության պատվիրատու, ես՝ Վարուժան Գեւորգյանս, դատապարտվեցի 5 տարի ազատազրկման՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,- գրում էր մեզ Վարուժան Գեւորգյանը Մոսկվայից, 2014 թվականին։- Հենց առաջին օրվանից ես հայտնվեցի կալանավայրի ղեկավարության տեսադաշտում՝ որպես «յուղոտ կտոր»: Պարբերաբար կլորիկ գումարներով եւ թանկարժեք նվերներով՝ ազատազրկման ժամկետն անցկացրի տանը: ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանին հանդիպելուց հետո նրա հասանելիքն ինքս եմ տվել նրան` սկսած թանկարժեք բնակարանային կահույքից, նաեւ այլ բաներ՝ ազատազրկման ժամկետս տանն անցկացնելու համար: Այս գործի մասին գրվեց թերթերից մեկում եւ հայտնի դարձավ դատախազությանը, բայց դատախազությունը լռեց: Իսկ Սամվել Հովհաննիսյանը «պլստաց», բայց նաեւ չմոռացավ նկարների մասին՝ մշտապես հիշեցնելով եւ ուզելով կտավները»: 

ՔԿՎ նախկին պետ, այժմ արդեն հանգուցյալ Սամվել Հովհաննիսյանը կտրականապես հերքեց Գեւորգյանի հայտնած տեղեկությունները: Մեր հոդվածաշարի հիման վրա ԱԱԾ-ն քննություն սկսեց՝ հարցաքննելով Սամվել Հովհաննիսյանին: Վարուժան Գեւորգյանի հայտնած տվյալները չհաստատվեցին, եւ հարուցված քրեական  գործը կրկին կարճվեց: Այս պատմությանը թերեւս չէինք անդրադառնա, եթե այն չունենար խորհրդավոր շարունակություն: 

Վերջերս Մոսկվայում առեղծվածային հանգամանքներում մահացավ Վարուժան Գեւորգյանը: Նրա մահվան հանգամանքների մասին տեղեկացանք Վարուժանի մոսկովյան ընկերոջից, որն իր անունը հրաժարվեց հայտնել: Նա տեղեկացրեց, որ Վարուժան Գեւորգյանին սպանել են նկարներին տիրանալու դրդապատճառով, որ նրա փաստաբանն անգամ թալանել է կտավները: Նա նաեւ հայտնեց մարդասպանների անունները․ Նատալյա Ս․՝ ծնունդով ղազախստանցի, որը վերջին տարիներին բնակվել է Վարուժան Գեւորգյանի հետ, այդ կնոջ որդին՝ Ստաս Ս․-ն: Վարուժան Գեւորգյանի մահվան պատճառը, ըստ նրա ընկերոջ, հաստատված չէ: ՌԴ իրավապահները թյուր քննություն են կատարել այս գործով: 

Այսպիսով, կորած նկարների մահաբեր պտույտը շարունակվում է: 

ՀԳ. Վարուժան Գեւորգյանի ընկերները վստահեցնում են, որ Գեւորգյանը մեծ ցանկություն է ունեցել նկարները փոխանցել Հայաստանի մանկատներին: Թերեւս միայն Վարուժանի երեւակայության տեր մարդը կարող էր նման մտահղացում ունենալ՝ գողոնը կտակել մանկատներին, այն դեպքում, երբ Բաժբեուկ-Մելիքյանի հարազատները՝ կտավների օրինական տերերը, այսօր էլ հույս ունեն, որ մի օր կգտնեն իրենց պատկանող անգին հարստությունը: Վարուժան Գեւորգյանի ընկերոջ խնդրանքով չենք հրապարակում անուններ եւ փաստաթղթեր, որոնք նա մեզ է տրամադրել: Սակայն քանի որ տեղեկությունները, որոնք հայտնում ենք այս հրապարակմամբ, վերաբերում են ազգային բացառիկ հարստությանը, մենք մեզ իրավունք չենք վերապահում թաքցնել դրանք եւ օր առաջ հանձնում ենք հանրության դատին:

Բաժբեուկ-Մելիքյանի կտավների այս լուսանկարները դեռ կենդանության օրոք մեզ Մոսկվայից ուղարկել է Վարուժան Գեւորգյանը:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարի հեղինակը նրա դուստր Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանն է, 1960թ.


Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ