Մարդն իր կարծիքն է հայտնում, նշանակում է՝ ճնշո՞ւմ է դատարանի վրա

Մարդն իր կարծիքն է հայտնում, նշանակում է՝ ճնշո՞ւմ է դատարանի վրա

2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից հետո հանրահայտ «Յոթի գործով» փաստաբան Հովիկ Արսենյանը, որը հետեւում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, կարծում է, որ նրա գործը քննող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա ճնշում չի գործադրվում։

«Առաջին իսկ օրվանից Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդես էին գալիս պլակատներով՝ «Մեր նախագահը», «Ազատություն նախագահին» եւ այլն։ Դա ճնշում չէր։ Բայց երբ նրանց ընդդիմախոսները հայտնվեցին, եւ Քոչարյանի աջակիցները սկսեցին նրանց քննադատել, դա արդեն ճնշում է։ Քոչարյանի պաշտպանական կողմը ելույթներ է ունենում, ասուլիսներ հրավիրում, մեծ-մեծ փրթում, մոռացել են իրավական գնահատականները, լրիվ քաղաքական գնահատականներ են տալիս։ Քաղաքական գործիչ են դարձել։

ՀՀ քաղաքացին ցանկացած թեմայի շուրջ կարող է ազատ կարծիք հայտնել։  Էդ ո՞նց է, որ Քոչարյանի կողմնակիցները դատարանի դեմ կարող են ազատ կարծիք հայտնել, թե երկրորդ նախագահը հերոս է, բայց երբ ԱԺ պատգամավորն է կարծիք հայտնում (նկատի ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որը գրառում էր արել, թե լինելու է Նոր Նորքի դատարանի մոտ, ժողովրդի կողքին), դուրս է գալիս, որ դատարանի վրա ճնշում է գործադրում։ Մարդն իր կարծիքն է հայտնել, դա չի նշանակում, թե դատարանի վրա ճնշում է գործադրել։ Քիչ առաջ էլ ես «ԳԱԼԱ»-ում ելույթ ունեցա, էն օրը 1in.am-ում էի ելույթ ունենում, դուրս է գալիս, որ ես դատարանի վրա ճնշո՞ւմ եմ գործադրում։ Ես իմ դիրքորոշումն եմ հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, հանցագործ է եղել, այս հասարակությանը եւ պետությանը թալանել է, եւ,  որպես հանցագործ, պետք է դատվի»,- մեզ հետ զրույցում նշեց Հովիկ Արսենյանը։