Ձախողվել է ամենուր

Ձախողվել է ամենուր

Մեր հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

- Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Օրերն անցնում են, ոչինչ չի փոխվում: Ի՞նչ անել Ադրբեջանի ախորժակը զսպելու, նրանց ագրեսիան նվազեցնելու, Լաչինի միջանցքը բացելու համար:

- Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի հանդեպ այսպիսի դիրքորոշում որդեգրած, պետության հանդեպ քաղաքակրթական մոտեցումը միջազգային հանրության կողմից չի ընկալվում: Ինչ անել: Պետք է հասկանալ, որ նախ պետք է գործի դնել պետական ապարատը: Տարբեր միջազգային ատյաններում ինչ-որ հայտարարություններ հնչում են, եւ դա լավ է, սակայն ակնհայտ է` ոչինչ չի արվում միջազգային հանրության անհրաժեշտ ուշադրությունն Արցախի շուրջ հրավիրելու համար: Ալիեւն ու Էրդողանն իրավիճակը սրում են` միջազգային հանրության ականջին քչփչալով, թե Հայաստանի դաշնակիցը քաղաքակիրթ աշխարհի թշնամի Ռուսաստանն է: Շատ է սիրում խոսել վարչապետն այնտեղ, որտեղ պետք չէ, իսկ որտեղ պետք է` լռում է: Այս իրավիճակի հիմնական պատճառը դա է: Դեռ Հայաստանն ունի հնարավորություն՝ խոսքի մակարդակով հարցեր լուծելու:

- Որտե՞ղ պետք է ելույթով հանդես գա Փաշինյանը:

- Բոլոր հնարավոր տեղերում: Այդ մարդն անդադար խոսում է, անգամ այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա: Հիմա ինչո՞ւ է լռում:

- Ակնարկում եք, որ Արեւմուտքի՞ն դիմի:

- Այո, այլ դիմելու տեղ չկա: Բարեբախտաբար, այսօր քաղաքակիրթ աշխարհի մաս հանդիսացող Արեւմուտքը բոլորից հզոր է: Միշտ չէ, որ այդպես կլինի: Պետք է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները:

- Այս ամենը կարծես քիչ էր, բանակում էլ քաոս է: 15 զինծառայող այրվեց: Ֆինանսական միջոցներ չկան բանակը վերակառուցելու համար, սակայն իշխանական ծախսերի համար գումարների պակաս չկա:

- Այո, իրենց համար ավտոմեքենաներ են գնում, ծախսեր են անում այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարտությունից, ձախողումից հետո ձեւավորում է պահեստազոր, ինչը ցանկացած բանակի բաղադրիչ մաս է: Հաստատվեցին ինչ-որ պաշտոններ, որոնց հիմնական առաքելությունը պահեստազորի կազմակերպումն է: Ինչ կատարվեց այսօր. մեկ էլ հանկարծ ամեն ինչ մոռացվեց: Գործնական ու կարեւոր հարցերի նկատմամբ նույն այս վերաբերմունքն է: Սահմանադրության հանդեպ եւս չկա լուրջ մոտեցում: Տեսնում ենք միայն պոռոտախոսություն, դատարկաբանություն, սակայն ոչ մի հարցի հանդեպ չկա հետեւողական մոտեցում: Սարսափելի է, երբ խաղաղ պայմաններում նման ողբերգություն է տեղի ունեցել, խաղաղ պայմաններում 15 ժամկետային զինծառայող է մահացել, սակայն քանի որ գործի վերաբերյալ բավարար տեղեկություններ չունեմ, շատերի պես չեմ շտապի եզրակացություններ հայտնել:

- Գուցե Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ Ադրբեջանը բանակի ուժեղացումը կարող է որպես ագրեսիա՞ դիտարկել:

- Ես վարչապետի տրամաբանությունը չեմ հասկանում, որովհետեւ այնտեղ առհասարակ տրամաբանություն չեմ տեսնում: Սահմանադրությունն ամենակարեւոր բանն է: Եթե մենք չունենք այսօր վարչապետին հեռացնելու լծակներ, դա միմիայն գալիս է սահմանադրությունից: Սերժ Սարգսյանն իր համար սահմանադրություն գրեց, Նիկոլ Փաշինյանն էլ լավ օգտագործում է իր համար: Աշխարհի որեւէ երկրում, որեւէ ղեկավար չի նախաձեռնել սահմանադրական բարեփոխում, որը տապալվի շուրջ 3 անգամ: Սա բացառիկ երեւույթ է:

- Փաստորեն, սահմանադրական ճանապարհով վարչապետին հեռացնել չենք կարող: Ինչպե՞ս կարող է իշխանափոխություն տեղի ունենալ:

- Կա պատմության փորձ: Քաղաքական այրը պետք է տարրական պարկեշտություն ունենա ու հեռանա պաշտոնից:

- Իսկ եթե չունի՞:

- Եթե տարրական պարկեշտություն չունի, ապա կարժանանա Չաուշեսկուի ճակատագրին: Ձախողվել է պատերազմում, ձախողվել է ժողովրդավարությունում, ձախողվել է ամենուր: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչինչ անել չի կարող: