Մեզ հիմնականում դիմում են բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո

Մեզ հիմնականում դիմում են բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո
Լիլիթ Թարջիմանյան

Հանրային պաշտպանի գրասենյակը (կրճատ ՀՊԳ)  հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում  սոցիալապես անապահով խավերին օրենքով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։«Հրապարակի»զրուցակիցը հանրային պաշտպան, ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ Լիլիթ Թարջիմանյանն է։

-Վերջին տարիներին հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների թվի աճ նկատվե՞լ է;

-Յուրաքանչյուր տարի կայուն աճ է նկատվում, օրինակ նախորդ տարի վարել ենք մոտ 14000 գործ, ու ասեմ, որ այս տարի զգալի աճ է նկատվել և զգալիորեն ավելացել է աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

-Ազգաբնակչության իրավական  գիտակցության մակարդադա՞կն է բարձրացել, թե՞ վստահությունը դատական ոլորտի նկատմամբ։

-Կարծում եմ ազգաբնակչության իրավագիտակցությսն բարձրացման առումով դեռ բավականին անելիքներ կան: Այսօր տեղեկատվության ազատությունը ընձեռում է ամենատարբեր հնարավորությունները, ինչը քաղաքացուն թույլ է տալիս համապատասխան քայլերի միջոցով ձեռնամուխ լինել իրավունքների պաշտպանությանը:

-Մոտ երկու տարի է մեկնարկել է հանրային պաշտպան էլեկտրոնային ծրագիրը, որքանո՞վ է այն թեթևացրել Ձեր բեռը։

-ՀՊ էլ․ ծրագրի գործարկմամբ զգալիորեն թեթևացել է ՀՊ աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել աշխատանքային գործառույթներ և ստանալ համապատասխան հանձնարարություններ:

-Հանրային պաշտպանը վերջին հույսի օղա՞կն է, թե՞ սովորաբար Ձեզ դիմում են առաջինը։

-Մեզ հիմնականում դիմում են բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո, երբ անհրաժեշտություն է առաջանում իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: Սակայն, նշեմ նաև, որ շատ կարևոր է այն հանգամանքը, թե որքանով է տվյալ խնդիրը՝ պահանջը, հիմնավոր և իրավաչափ:

-Դուք Ձեր գործունեությունը ծավալում եք մարզում՝ մասնավորապես Հրազդանի տարածաշրջանում, Էական ի՞նչ տարբերություններ կան համայնքաբնակների և քաղաքաբնակների խնդիրների միջև

-Համայնքում բնակիչներն ունեն ընդգծված սոցիալական խնդիրներ և շատ հաճախ շահառուների խնդիրները կրում են ոչ թե իրավական այլ սոցիալական բնույթ:

-Միայն անկեղծ, առաքելության նման մի բա՞ն է հանրային պաշտպան լինելը, թե՞ սովորական աշխատանք

-Ինչպես ես, այնպես էլ իմ հարգելի կոլեգաները, կփաստեն որ մենք իրականացնում ենք այլոց իրավունքների պաշտպանության առաքելություն:

-Ի վերջո, հասանելի՞ է հանրային պաշտպանի ծառայությունը։

-ՀՊ ծառայության հասանելությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով ՓՊ կնքում է համագործակցության հուշագրեր մարզպետարանների հետ, որոնց շրջանակում ՀՊ գրասենյակները գործում են մարզպետարանների շենքում, ինչպես նաև ՀՊ-ների կողմից պարբերաբար իրականացվում են քաղաքացիների ընդունելության բաց դռների օրեր: Օրինակ Հրազդան քաղաքի ՀՊ նստավայրը այժմ գտնվում է Կոտայքի մարզպետարանի շենքում:

նշեմ որ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը նախատեսում է այն անձանց շրջանակը ովքեր հանդիսանում են ՀՊԳ շահառուներ և կարող են օգտվել անվճար իրավաբանական օգնությունից:

-Անդրադառնանք վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած ստամբուլյան կոնվենցիային։ ՀՀ Փաստաբանների պալատը դեմ է ընդունմանը, անգամ ստորագրահավաք է կազմակերպում։

-Այո, ՓՊ -ն՝ ի դեմս նախագահ Արա Զոհրաբյանի, այս պահին շատ լուրջ աշխատանք է տանում ստամբուլյան կոնվենցիայի ՝ ՀՀ կողմից վավերացման դեմ: Ողջունում եմ ՓՊ նախաձեռնությունը: Ասեմ ավելին, Հրազդանում նույնպես, իմ և քաղաքում գործող «Հայի Բռունցք» ՀԿ կողմից շուտով կանցկացվեն շատ լուրջ քննարկումներ և  ստորագրահավաք: