Ես վիրավորվում եմ, որ մեր ժողովրդին այդպիսի էժան ստերով են փորձում խաբել

Ես վիրավորվում եմ, որ մեր ժողովրդին այդպիսի էժան ստերով են փորձում խաբել

«Փաշինյանը պաթոլոգիկ սուտասան է։ Այս ընթացքում ամբողջ աշխարհի վրա փորձում է բարդել իր հանցագործությունների եւ դավաճանությունների մեղքը։ Ընդ որում՝ առաջ դա նախկիններն էին, հետո՝ իր Պնախարարները, ԱԱԾ պետերը, իր նշանակած ԳՇ պետերը։ Այս վերջին ինքնահարցազրույցի ժամանակ՝ այլ կերպ դա անվանել չեմ կարող, հասավ գագաթնակետին ու արդեն երեւույթներն էր մեղադրում։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հարթակներում Հայաստանի միայնակ մնալու մեղավորը քովիդն էր։ Սա աբսուրդի գագաթնակետն է»,-ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Արցախյան հակամարտությունը երբեք չի եղել տարածքային ամբողջականության խնդիր՝ եղել է ազգերի ինքնորոշման մասին, եւ Փաշինյանի ասած 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքը երբեք չի կարող համարվել միջազգային հարաբերությունների սկզբունք։ Դա կատարյալ հիմարություն է։ Նույն տրամաբանությամբ, կարող էինք գրել, որ Եվրոպան Հայաստանի մասն է, ու մարզերի անուններով բաշխում իրականացնեին՝ նկատում է Մամիջանյանը եւ շեշտում, որ այս եւ այլ անհեթեթությունները դաշտ են բերվել Փաշինյանի կողմից, ոչ թե Ադրբեջանի։

«Տարիներ հետո Հայաստանի կողմից հիմնական բանակցողները կրակն են ընկնելու իր այդ հայտարարությունների պատճառով, որովհետեւ Ադրբեջանն օգտագործելու է, ասելու է՝ մի խելագար ունեիք՝ ինքն է այդ մասին հայտարարել»։

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, եթե դրանք այդքան վատն էին, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այն նշել կառավարության իր բոլոր ծրագրերում, եթե այն ինքնորոշման տապանաքարն էր։ Եվ ինչո՞ւ է Կազանի փաստաթուղթը պահվում ԵԱՀԿ դեպոզիտարիայում եւ համարվում արցախյան հակամարտության լուծման համար ուղենիշ, եթե այդքան վատն էր։
Իսկ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որը նշանակում էր արցախաադրբեջանական շփման գծում մշտադիտարկման միջազգային դիտորդական այս կամ այն ֆորմատով առաքելություն, Կասպրչիկի գրասենյակի մեծացում, իր կողմից ոչնչացվեցին։ Եվ հիմա Բայրամով-Արարատ Միրզոյան վերջին հանդիպման ժամանակ հայկական դիվանագիտությունը փորձում է ստանալ միջազգային մշտադիտարկում ոչ թե արցախաադրբեջանական, այլ հայ-ադրբեջանական շփման գծում։

«Այն ամենը, ինչ ինքն ասաց, դասական մանիպուլյացիա է, ընդ որում՝ պարզագույն։ Ես մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների փոխարեն վիրավորվում եմ, որ մեր ժողովրդին, իմ հարազատ ժողովրդին այդպիսի էժան, միքայլանի ստերով են փորձում խաբել»,- նշեց Մամիջանյանը։

Պրահայում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումից առանձնակի սպասելիքներ Մամիջանյանը չունի, միայն՝ բացասական սպասումներ, քանի որ նույնիսկ Լիխտենշտեյնի հետ բանակցելու պարագայում նա կարող է հողային կորուստ ունենալ։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը չի պատրաստվում հասարակությանը մեղադրել իշխանափոխության համար բավարար կոնսոլիդացիա ապահովել չկարողանալու համար։ Նշում է՝ ընդդիմությունն է պարտավոր հասարակությանը հասցնել, որ այս իրողությունների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եւ պարտավոր է հանրային կոնսոլիդացիա ապահովել։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ ՀՀԿ-ականը շեշտեց, որ Արցախն իր ներուժով չի կարող բանակցել Ադրբեջանի հետ, բացի դա՝ ինքը միջազգային իրավունքի, հարաբերությունների  պատմության մեջ նման դեպք չի հիշում, որ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը լուծվի ինքնորոշվող սուբյեկտի եւ մետրոպոլիայի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով։
«Հայաստան» դաշինքի հետ փոխհարաբերությունների մասին էլ Մամիջանյանն ասաց, որ իրենց ընդդիմադիր գործընկերների հետ գործնական նորմալ հարաբերություններ ունեն։