Կարգին Հայկոյից կարգին Երևան ենք ուզում

Կարգին Հայկոյից կարգին Երևան ենք ուզում
Հայկ Մարության

Գրում եմ ու մտածում՝ արդյո՞ք լսարան կունենամ, արդյո՞ք տեղ կհասնի այսպիսի ահազանգ, արդյո՞ք իշխանություններին նման հարցերը մտահոգում են, թե՞ իշխանությունն իշխանության համար է միայն, բայց ներքին հույս ու հավատ ունեմ։ 

Ամիսներ առաջ «Հրապարակում» իմ հոդվածներից մեկում անդրադարձել էի այն հարցին, թե ինչպես Երեւանի Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի ստորգետնյա երթեւեկելի անցումի բետոնե պատերը, որոնք խոնավությունից քայքայվել էին, Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը վերանորոգեց՝ երեսպատելով ներկած ստվարաթղթով, մարմարի կամ գրանիտե սալիկներ օգտագործելու փոխարեն, ինչպես պահանջում են տվյալ դեպքում շինարարական նորմերը։

Հազարամյակների ճարտարապետական պատմություն ունեցող մի ողջ Հայաստան վերանորոգման  աշխատանքների իրականացման օրերին այդ անցումի տակով հազար անգամ անցուդարձ արեց, բայց Տարոնը հայ ճարտարապետության բոլոր մերօրյա մարգարեներին կերցրեց այդ ստվարաթուղթը, այն դեպքում, երբ մեր հասարակության մեջ անգամ ցանկացած սկսնակ սվաղչի քաջատեղյակ է, որ նման շինանյութ կարելի է օգտագործել, լավագույն դեպքում՝ միայն ծածկի տակ, ոչ խոնավ պայմաններում՝ ժամանակավոր զուգարաններ կառուցելու համար։

Արդեն մի քանի օր թեթեւակի անձրեւներից ու գիշերվա ժամերին կարճատեւ ցրտերից հետո այդ ստվարաթղթե ծածկույթներն իրենց շինարարական նորմատիվներին համապատասխանող երկարակեցության, ցրտադիմացկունության ու խոնավադիմացկունության «բարձր» ցուցանիշներ ցույց տվեցին։ Մոտիկից նայեք՝ տակի եզրերից սկսել են ուռճանալ ու փշրվել։ Չնայած՝ մեզ ի՞նչ, Սերժի իշխանության պաշտոնյան ինչ ուզեցել, արել է։

Հիմա մի քանի խոսք էլ ասեմ մեր Երեւանի գոհարների մասին.  Հանրապետության հրապարակ։ Վերեւում՝ կապույտ, մաքուր երկինք, շուրջը՝ ճարտարապետական հրաշք կառույցներ, հատկապես կառավարության շենքը՝ դրսից ու ներսից՝ հրեշտականոց։ Մի անգամ երկու հայ էքսկուրսավարներ, ուղեկցելով զբոսաշրջիկների մեկական խմբի, ինչ-որ օտար լեզվով նրանց ծանոթացնում էին հրապարակի վրա գտնվող կառույցներին։ Ստացվեց այնպես, որ մի պահ էքսկուրսավարներից մեկը հայտնվեց իր գործընկերոջ կողքին։ Վերջինս նրան բարեւեց ու ասաց՝ շենքերի մասին շատ խոսի, որ գետնին չնայեն՝ էնքան հարցեր կտան, որ կգժվես։ Մեր հրապարակի սալարկած «գետինը» միշտ ինձ մոտ ասոցացվել է մի մեծ հին ծածկոցի հետ, որի վրա մի քանի տասնյակ մանր ու մեծ, տարբեր գույների կարկատաններ կան, որը տատս նորելուկ հավերի ճտերի տակ մեկ ամիս փռելուց հետո գցում էր քարերի վրա, որ անձրեւաջրերն իրենց գործն անեին։

Հազարամյակների ճարտարապետություն ունեցող մի երկիր, որտեղ գոյություն են ունեցել ավելի շատ ապարագիտությամբ զբաղվող գիտահետազոտական ձեռնարկություններ, քան աշխարհի այլ երկրներում, իր կենտրոնական հրապարակը սալարկել է տրավերտին կոչվող քարի սալիկներով, որոնք ապարների շարքում ունեն ամենաբարձր մաշելիությունը եւ ըստ համաշխարհային շինարարական նորմերի՝ սալարկման համար  պիտանի չեն։ Բացի այդ՝ մի չար ձեռք սալարկելիս ընտրել է թափոնի որակ ունեցող սալիկներ միայն։ Խորհուրդ կտայի Երեւանի ճարտարապետներին՝ մյուս անգամ Հանրապետության հրապարակը սալարկելիս նախկին իշխանավորների դղյակների ճարտարապետներից օրինակ վերցնեն։

Իսկ ասֆալտապատ մասերն ուրիշ մի աշխարհ են մեզ տանում։ Կարծես թե անցյալ դարի 30-ականների դաշտային բժշկության մի ապաշնորհ վիրաբույժ ամեն 15 սանտիմետրի վրա կույր աղիքի հեռացման վիրահատություն կատարած լինի ու իր գործիքները մոռանալով որովայնի խոռոչում՝ կարեր դրած լինի։ Այդ ի՞նչ իշխանություններ ենք ունեցել, որ հրապարակի ասֆալտն էլ են կերել։ Ամբողջ հրապարակի հատակի ծածկույթը ճաքերով ու կարկատաններով ձեւավորված մակերես է։ Ուրախացնող միայն մի բան կա, որ Հանրապետության հրապարակի վրա ավտոլվացման գործերով զբաղվող գարաժներ դեռեւս չեն կառուցվել։

Ժողովուրդ ջան, Երեւանում տեսած կա՞ք մի կանգառ, որը տաքսիների մշտական կայանատեղի չլինի։ Տեսած կա՞ք որեւէ հասարակական տրանսպորտի միջոց, որն այդ տաքսիների դարդից կանգառ չանի փողոցի երթեւեկելի մասում։ Տեսած կա՞ք, որ ավտոճանապարհային որեւէ ոստիկան այդ տաքսիների վարորդների հանգիստը խանգարի։ Կանգառներում կան մեկումեջ դրված նստարաններ, որոնց վրա նստելիս հնարավոր չէ տեսնել մոտեցող տրանսպորտային միջոցը, կարդալ համարը, քանի որ նստարանի կողքին տնկած է կանգառի ցուցանակը, որը, գտնվելով ցածր դիրքում, փակում է նստարանին նստած մարդու տեսադաշտը։ Այս դեպքում չգիտես՝ նստարա՞նն է ավելորդ, ցուցանա՞կը, թե՞ այն ապուշը, որի նախագծով այս ամենն արված է։ 

Ես Կարգին Հայկոյի ոտքերի տակ գառ մատաղ կանեմ, եթե նա գնա մի մեծ քաղաքակրթական прорыв-ի, այն է՝ Երեւանում տրանսպորտային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների համար մի օրենք ընդունի, որ հասարակական տրանսպորտում կա՛մ պետք է հնչի դասական երաժշտություն, կա՛մ՝ ոչինչ։ Ես ժողովրդի հոգեկան առողջության համար չեմ մտածում, ոչ էլ գեղագիտական իմ ցածր ճաշակն եմ մեջբերում, ուղղակի  կաղկանձ հիշեցնող հայկական  ժամանակակից երաժշտության հնչյուններից տրանսպորտի շարժիչները շատ շուտ են փչանում։

Ուզենք, թե չուզենք՝ կենացները գնալով քաղցրանում են։ Ժողովուրդ ջան, Երեւանում տեսած կա՞ք մի ավտոլվացման կետ, որը փողոցի երթեւեկելի մի մասն ու մայթերը զբաղեցրած չլինի իր ծառայություններն իրականացնելու համար։ Այդ գործում մի դրական բան կա միայն․ ճանապարհների մայթերի վրա փռած լվացված գորգերի ցուցահանդեսները մեզ ներկայացնում են աշխարհի տարբեր երկրների գորգագործության պատմության լավագույն դրվագները, համ էլ ճանաչում ենք մեր քաղաքը, որն աշխարհում միակն է, որտեղ ճանապարհների մայթերը հետիոտների համար չեն նախատեսված, այնտեղ կա՛մ բարնի ստոյկա է դրված, կա՛մ նոր լվացված մեքենաներն ու գորգերն են սպասում իրենց տերերին։

Երախտամոռ չլինելու համար պետք է ավելացնեմ, որ այդ կետերում հատուկ վառարաններ են դրված, որտեղ այրվում են քաղաքի թափոնները՝ կա՛մ վառած յուղ, կա՛մ ռետինե անվադողի կտորտանք, կա՛մ կենցաղային պլաստիկե իրեր։ Այդ փոքր շինությունների տանիքներին ծխնելույզների բարձրությունը 12 սանտիմետր է։ Իսկ շրջակայքում Մենդելեեւի աղյուսակի բոլոր էլեմենտների համնուհոտն ենք զգում։ Մեր երկրի առողջապահության նախարարին չէր խանգարի այս ամենից հետեւություններ անել։