Սրմաքեշը հրաժարվե՞ց, թե՞ ավագանին ետ վերցրեց

Սրմաքեշը հրաժարվե՞ց, թե՞ ավագանին ետ վերցրեց

Նախորդ շաբաթ շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սրմաքեշը Շիրակի մարզում էր:Գործարաը նախ մասնակցեց Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի հանդիսավոր բացմանը, որի համասեփականատերն է, ապա ՝ Գյումրիում ծննդատան հիմնարկեքի արարողությանը:Նրա կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով է կառուցվելու «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատունը Գյումրիում։ Ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` առողջապահության նախարարի եւ գործարարի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել է առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում:Չնայած քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա էր հիմնարկեքի արարողությանը,քաղաքապետարանի ֆեյսբուքյան,ինչպես նաև պաշտոնական էջում իրադարձությունն անհասկանալի պատճառով չլուսաբանվեց,ինչը սովորաբար արվում էր: Նշենք, որ Գյումրիում լուրեր են պտտվում,թե Սրմաքեշն,այնուամենայնիվ, վիրավորված  է համայնքային իշխանությունից:Հիշեցնենք,որ ուղիղ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին երկար բանավեճից հետո որոշում կայացրեց քաղաքի սեփականություն հանդիսացող ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ժամացույց արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ Սակայն մեկ ամիս առաջ արտահերթ նիստ հրավիրելով՝ ավագանին անվավեր ճանաչեց նախկին որոշումը եւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ վերցրեց ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքը: «Հիմա հանգամանքները փոխվել են, եւ նոր ծրագիր կա, որը հավանության է արժանացել ՀՀ նախագահի եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից»,- նշել էր քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Բանն այն է, որ նոր ծրագրի համաձայն, որն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, զարկ է տրվում բնակարանաշինությանը: Գյումրու քաղաքապետին ուղղվել է միջնորդություն, որ նշված շենքը նույնպես տրամադրվի հիմնադրամին: Ավագանին այդպես էլ արեց: «Բայց ես ասեմ ձեզ, ոչ թե ավագանին ետ վերցրեց իր նվիրաբերածը,ոնց ասվում է,այլ Սրմաքեշն ինքն էր նախապես հրաժարվել ռադիգործարանի շենքից:Դա այն տարածքը չէր,որտեղ բարերարը ցանկանում էր շենացնել:Նախապես երկու շենք,ընդարձակ տարածք վերցնելու ցանկություն էր հայտնել, որը վերածվելու էր դրախտավայրի, բայց տրամադրեցին մեկը, ուստի ոչինչ չարվեց»,-պատմեց մեր աղբյուրը:Մեր հարցին,թե հիմա համայնքային իշխանությունն է նեղացա՞ծ Սրմաքեշից ,թե՞ վերջինս ՝ նրանցից,մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե էդպես կասեի՝ ոչ մեկը,ոչ էլ մյուսը,պարզապես գուցե նախկին ջերմությունն է պակասում, էդ մարդը քաղաքի համար քիչ բան չի արել,գիտեք»:

Նշենք նաև,որ Վարդան Սրմաքեշը Գյումրիի «Սասստեքս» կարի արտադարամասի սեփականատերն է:Սակայն հիշեցնենք,որ ձեռնարկության աշխատակիցները մի քանի ամիս է,ինչ բողոքում են աշխատանքային վատ պայմաններից ու պահանջում ամբողջությամբ վճարել իրենց վերջին ամիսների աշխատավարձերը։